«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ԿԻՆԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ԱՌԵՂԾՎԱԾ Է

Աշխարհը մի մեծ ցուցահանդես է, քանի դեռ կա արարող, ստեղծող կինը, որը հավերժ երջանկություն է պարգեւում: Նրանց ոգու ու մտքի զորությամբ աշխարհը դառնում է իսկապես մի մեծ ու չքնաղ ցուցադրություն, ուր մարդը արարելու համար է աշխարհ գալիս: Այդպիսի մի ցուցադրություն էր կազմակերպել մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին 20 կին ստեղծագործողներՙ 34 աշխատանքներով: Արմինե Կալենց, Սեդա Բեքարյան, Նունե Աղբալյան, Անուշ Չուբարյան... բոլորի կտավներից ծորում էր բնության զարթոնքը, գույների խաղը, մայրությունն ու խաղաղությունը: Հրավիրյալներին եւ հեղինակներին ողջույնի ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին մշակույթի նախարարի տեղակալներ Ալիս Ադամյանը, Կարեն Արիստակեսյանը, արվեստաբան Սարո Սարուխանյանը, նախագահի աշխատակազմի մշակույթի գործերով գլխավոր մասնագետ Ռուզան Ասատրյանը, նաեւ հյուրեր: Իսկ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շփոթված էր եւ չէր կարողանում տարբերել հեղինակների ու նրանց գործերի գեղեցկությունը, որն էլ աչք էր շոյում: Մարտի 8-ին նկարիչների միությունը վարչապետին կից կանանց խորհրդի աջակցությամբ մի նոր ցուցահանդես կբացի, ուր ներկայացված են լինելու 60 կին ստեղծագործողների մոտ 100 աշխատանքներ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4