Այս պայմանական վերնագիրն է կրում անցյալ տարվա թվականով լույս տեսած, ամբողջովին ֆրանսերենով գիրքը: Այն քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների շրջանակում հրատարակել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Անթիլիասի իր կենտրոնի տպարանից: Հատորի հովանավորն է Արամ Ա կաթողիկոսը:
223 էջանոց գիրքը ժողովածուն է այն գիտական զեկուցումների, որոնց հեղինակները դրանք կարդացել են Փարիզում 1991 թ. հունվարին կայացած գիտական նստաշրջանինՙ նվիրված Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 1500-ամյակին: Դա այս հոբելյանին նվիրված գիտական նստաշրջաններից առաջինն էր (մյուսներն էին ՀՀ Գիտությունների ակադեմիայիՙ 1991 թ. հոկտեմբերին եւ Նյու Յորքի «Կլարա եւ Գրիգոր Զոհրապ կենտրոնի» 1992 թ. կազմակերպած նստաշրջանները): Փարիզյան նստաշրջանը կազմակերպել ու իրականացրել էր 1988- 1991 թթ. արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտական ամբիոնի օգնական պրոֆեսոր Տիգրան Գույումջյանը, որն էլ ժողովածուի խմբագիրն էՙ օգնական ունենալով Ագնես Ուզունյանին:
Ժողովածուն բովանդակում է հակիրճ «Նախաբան», գիտական տասը զեկուցումներ եւ առարկայացանկ (ինդեքս): «Նախաբանում» խմբագիրը տեղեկություններ է տալիս փարիզյան նստաշրջանի նախապատրաստության ու անցկացման մասին: Զեկույցների հեղինակները տարբեր երկրների, մասնավորաբար Ֆրանսիայի եւ Իտալիայի հայագետներ են: Ստորեւ զեկուցողների եւ զեկույցների ամբողջական ցանկը.
- ՀՀ Գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ (այժմՙ հանգուցյալ), ակադ. Գագիկ Սարգսյան. «Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» եւ Ուրարտուն» (էջ 9- 27),
- Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի դասախոս, պրոֆ. Մարկ Նշանյան, «Ավանդապատումի հայեցակարգն ու ընկալումը Մովսես Խորենացու մոտ» (էջ 29- 53),
- Օքսֆորդի համալսարանի Փեմբրոկ քոլեջի Գալուստ Գյուլբենկյանի անվան ամբիոնի հայերենի դասախոս, պրոֆ. Ռոբերտ Թոմսոն, «Ինչո՞ւ է Խորենացին ստացել «Պատմահայր» կոչումը» (էջ 55- 70),
- Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի հայոց պատմության եւ քաղաքակրթության պրոֆ. Տիգրան Գույումջյան, «Մովսես Խորենացի- գրիչների վկայությունը» (էջ 71- 81),
- Սորբոնի բարձր հետազոտությունների գործնական վարժարանի ուսումնասիրությունների տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժան-Պիեռ Մահե, «Մովսես Խորենացին քննադատության առաջ» (էջ 83- 98),
- Ժնեւի համալսարանի աշխատակից Բեռնար Ութթիե, «Մովսեսըՙ Մովսեսի մասին» (էջ 99- 112),
- Սորբոնի բարձր հետազոտությունների գործնական վարժարանի խորհրդաժողովների պատասխանատու Ժան-Միշել Թիերի, «Սրբոց Հռիփսիմյանց պատմությունը- հնագիտական մեկնաբանություններ» (էջ 113- 166). զեկուցման ավարտին բերված են սրբուհիների տեղաշարժի Մանե քարայր- Վարագա լեռ հատվածին առնչվող 4 քարտեզ եւ 14 լուսանկար,
- Ֆրանսաբնակ գրող Գրիգոր Պըլտյան, «Ծագումնաբանության արձանագրումն ու կառուցվածքը Մովսես Խորենացու մոտ» (էջ 167- 191),
- Վենետիկի Քա Ֆոսկարի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ Պողոս-Լեւոն Զեքիյան, «Դինամիկ լարումներն ու վերջին դատաստանային ավարտները Մովսես Խորենացու «Պատմության» մեջ» (էջ 193- 204),
- Լեչչե համալսարանի (Իտալիա) հռոմեական պատմության օգնական պրոֆ. Գյուստո Տրայանա, «Մովսես Խորենացին եւ դասական «Արեւմուտքը» (էջ 205- 213):
Ժողովածուի գունավոր շապիկի առաջին էջի վրա արտատպված է Խիզանում 1567 թ. գրչագրված ու ծաղկազարդված Խորենացու «Հայոց պատմության» ձեռագրից մի մանրանկար, ուր երեւում են պատմահայրը, Ներսես Գնունեցին ու «Պատմության» պատվիրատու Սահակ Բագրատունի իշխանը (Մատենադարան, ձեռագիր հ. 2865):
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ