«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ

Մայրաքաղաքի «Դինամո» մարզապալատում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցումներում հանդես եկան հանրապետության տարբեր մարզերի 108 ներկայացուցիչներ:

Ամենաթեթեւՙ 54 կգ քաշային կարգում հանդիպեցին Ատլանտայի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը եւ Վարդան Մարգարյանը: Համառ պայքարում հաղթեց եւ չեմպիոնի կոչումը նվաճեց Մկրտչյանը (Արարատ, Փոքր Վեդի): 58 կգ քաշային կարգում Մարտին Բերբերյանը (Երեւան) մաքուր հաղթանակ տարավ վետերան Ժորա Հովհաննիսյանի (Վանաձոր) նկատմամբ: Վերջինիս որդինՙ Ժիրայր Հովհաննիսյանը, աչքի ընկավ 63 կգ քաշայինների մրցավեճում, որտեղ նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը: Հետաքրքրությամբ էր սպասվում երեւանցի Ռոբերտ Խաչատրյանի եւ մարտունեցի Արշակ Հայրապետյանի գոտեմարտը (69 կգ): Հայրապետյանը, որն իրեն լավագույն կողմերով էր դրսեւորել Սիդնեյի օլիմպիադայում, այս անգամ հանդես էր գալիս իր համար անսովոր ավելի բարձր քաշային կարգում եւ լարված պայքարում զիջեց մրցակցին: Չեմպիոն դարձավ Խաչատրյանը:

Մյուս քաշային կարգերում հանրապետության չեմպիոններ դարձան հետեւյալ մարզիկները. 76 կգՙ Բագրատունի Բարսեղյան (Երեւան), 85 կգՙ Մամեդ Աղաեւ (Վանաձոր), 97 կգՙ Արսեն Սարխոշյան (Երեւան), 130 կգՙ Արմեն Ղումաշյան (Վանաձոր):

Առաջնության արդյունքներով մարզաձեւի ֆեդերացիայի ղեկավարներն ու մարզիչները որոշեցին հանրապետության հավաքականի թեկնածուներին: Այս տարի մեր ազատ ոճի ըմբիշներին խոշոր ստուգատեսներ են սպասումՙ Եվրոպայի եւ աշխարհի հերթական առաջնությունները: Դրանցից առաջինը կանցկացվի Բուդապեշտում (ապրիլի 19- 23), երկրորդըՙ Նյու Յորքում (սեպտեմբերի 23- 27): Այս կարեւորագույն մրցումներին նախապատրաստվելու նպատակով Երեւանում, Ծաղկաձորում եւ Մինսկի մերձակա Ստայկի մարզահանգրվանում կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ: Մարզաձեւի պատասխանատուները հույս ունեն, որ մեր ըմբիշները կկարողանան արժանի ելույթներ ունենալ պատասխանատու մրցումներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4