«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2001-03-06 | #42, 2001-03-07 | #43, 2001-03-08


ՄԻ՚ ԽՆԱՅԵՔ ՁԵՐ ԺՊԻՏՆԵՐԸ

<20014303.jpg>

Այսօր մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, եւ մարդկության մի կեսը դեռեւս տատանվում էՙ շնորհավորե՞լ, թե՞ չշնորհավորել իր լավագույն կեսին: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պիտի ասել, որ շնորհավորելու կողմնակիցներն ավելի շատ ենՙ իրենց մեկ հատիկ ժպիտի, հարյուր դրամանոց մանուշակի կամ ձնծաղիկի փոքր փնջի մեջ քաղաքականություն չեն դնում: Շնորհավորում են ավանդույթի ուժով: Չէ՞ որ դրանով կարելի է մի ամբողջ տարի զսպել կողակցի կամ մոր, կամ քրոջ զայրույթըՙ ի չիք դարձնելով անտարբեր լինելու բոլոր տրտունջները:

Բանավիճողներին ազգայնամոլ չես անվանի, քանի որ նրանցից ոմանք պատրաստ են ընդունելու անգամ բուդդայականությունը, բայց ոչ մարտի 8-ը: Ամսվա սկզբից «Ազգն» այդպիսի մի բանավեճում ներքաշվեց: Սակայն չես ասի, թե այդ մտածելակերպն ունեցողները շահեցին մարտի 8-ից հրաժարվելով: Ընդհակառակըՙ նրանք պարտադրված եղան այդ դեպքում չանտեսել ե՚ւ մարտի 8-ը, ե՚ւ ապրիլի 7-ը, որի դեմ առայժմ չեն ըմբոստանում: Մարտի 8-ը կրկին ազգային տոնացույցում տեսնելու ցանկություն ունեցող կանանց կազմակերպությունները հաղթողի դիրքից չեն վեճի մեջ մտնում: Իրենց ցանկությունն արդեն իրականություն է, եւ այդ մտքի հետ չհաշտվողներին մեծահոգաբար խորհուրդ են տալիսՙ ում մարտի 8-ը հոգեհարազատ էՙ թող նա էլ տոնի, ում ապրիլի 7-ը.

Նկատենք, որ կանանց տոնը վիճարկողները տղամարդիկ են, կանայք գերադասում են չքննարկել: Իսկ ի՞նչ կա որՙ մեծ բա՞ն է տարվա մեջ երկու անգամ լայն ժպտալը: Մի՞թե դրան էլ արժանի չեն: Ճիշտ է, իրենք այլեւս հեքիաթի արքայադուստրը չեն, սոցիալական վիճակը իրենց վերաձուլել է, կոպտացրել, անգամ մարտունակ դարձրել: Դրանով հանդերձՙ հայ կինը արժանի է ամենայն երկյուղածության ու գնահատանքի, որովհետեւ նա իր մարտունակությունն անգամ արժանապատիվ լիցքաթափելու հմտությունն ունիՙ մարտի դաշտում, ոչ թե ընտանիքում:

Այս հանգամանքը գնահատվել է նաեւ ՄԱԿ-ի կողմից, որի Անվտանգության խորհուրդն այս տարի բանաձեւ է ընդունել խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցերում կանանց դերի վերաբերյալ, նշելով, որ կանայք օժտված են խաղաղությունը վերականգնելու եւ հաստատելու յուրօրինակ կարողությամբ: «Ընտանիքներում եւ հասարակության մեջ կանայք սերնդե-սերունդ ծառայել են որպես խաղաղության սկզբունքների կրողներ», ասվում է բանաձեւում: Եթե դա կարելի է ասել աշխարհի կանանց մասին, ապա առաջին հերթին հայ կանանց, որոնք այդ ունակությունն ապացուցել են դարերի ընթացքում:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4