«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2001-03-06 | #42, 2001-03-07 | #43, 2001-03-08


«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ»

Փարիզից Բաքու վերադառնալով ասաց Ադրբեջանի նախագահը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ մարտի 4_5-ը Փարիզում կայացած բանակցությունները որեւէ առաջընթաց չեն արձանագրել, վկայակոչելով նախագահ Հեյդար Ալիեւին, հաղորդում է Թուրան գործակալությունը:

Ադրբեջանի առաջնորդը փարիզյան բանակցությունների ձախողումը պայմանավորել է հայկական կողմի համառ եւ անզիջում կեցվածքով, որը, ինչպես մարտի 6-ի ուշ երեկոյան Բաքվի «Բինա» օդանավակայանում նշել է Հ. Ալիեւը, «Ղարաբաղի համար անկախություն է ուզում»: «Դա անընդունելի է: Հայաստանը բանակցություններում առաջարկում է նախ որոշել ԼՂ կարգավիճակը, ապա նոր զավթված տարածքներից ետ քաշվել», ասել է Ալիեւըՙ հերքելով տարածված լուրերը, թե իբր բանակցություններին կմիանա հակամարտության երրորդ կողմըՙ Լեռնային Ղարաբաղը:

Բաքվից Ռոյթերի թղթակիցը, վկայակոչելով Հ. Ալիեւին, հաղորդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպումից հետո դժվար թե նոր առաջարկներ ներկայացնի:

Ուշագրավ է «Էխո» օրաթերթի թղթակցի տպավորությունը . «Ալիեւը հոգնած տեսք ուներ, նրա դեմքից յուրատեսակ լավատեսության նշաններ չէին զգացվում, հասկանալի էրՙ Փարիզում որեւէ հաջողության չէր հասել»:

Դեռ մարտի 3-ինՙ Փարիզ մեկնելուց առաջ Ադրբեջանի նախագահը նշել էր, որ ԼՂ հարցի կարգավորման կոնկրետ առաջարկներ չի տանում եւ կոնկրետ առաջարկներ սպասում է հայկական կողմից: Ինչպես նկատում է «Էխոն», նախագահ Ալիեւի սպասելիքներն արդարացան, բայցՙ ամենավատթար սպասելիքները: Փարիզում առաջարկներ եղան, բայց դրանք Ադրբեջանի համար անընդունելի էին: Ալիեւի խոսքերով, այսօր «Հայաստանը գտնվում է հաղթողի վիճակում, վերահսկում է ադրբեջանական տարածքներ, միջազգային հանրությունը չի կարող նրա վրա ազդել, որը եւ թույլ է տալիս Հայաստանին իր պայմանները թելադրել: Հայկական ուժերը վատ չեն հաստատվել մեր հողերում, ստեղծել են ուժեղ պաշտպանական համակարգ: Մենք էլ ունենք ուժեղ պաշտպանական համակարգ, սակայն ի տարբերություն Հայաստանի, որը միայն ուժեղացնում է պաշտպանությունը, Ադրբեջանը պետք է մտածի ոչ միայն պաշտպանության, այլեւ հարձակման մասին»:

Հ. Ալիեւը խիստ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ «եռանախագահող երկրներից եւ ոչ մեկը չի փորձում մեղմացնել Հայաստանի դիրքորոշումը»:

«Բինա» օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանել է նաեւ արտգործնախարար Վ. Գուլիեւը. «Մեր համար արդարացի կլինի կարգավորման այն տարբերակը, որը թույլ կտա ապահովել Ադրբեջանի ամբողջականությունը, ներառյալ ԼՂ-ն: Ադրբեջանը պատրաստ է ԼՂ-ին տալ ավելի լայն ինքնավարություն, սակայն հայկական կողմը դրան համաձայն չէ»:

Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպմանն անդրադարձել են նաեւ ռուսական ԶԼՄ-ները, որոնց եւս հայտնի չեն բանակցությունների մանրամասները: Ըստ էության, ռուսական կողմին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, այնքան էլ հետաքրքիր չէ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հարցի կարգավորման ինչ տարբերակներ են քննարկում: Բոլորի համար պարզ է, որ ԼՂ խնդիրը մոտ ապագայում լուծելի չէ գոնե այն պատճառով, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի տեսակետները չափազանց հեռու են միմյանցից, իսկ պարտադրանքով հնարավոր չէ հաստատել երկարատեւ խաղաղություն: Վկանՙ Բոսնիայի օրինակը: Ժակ Շիրակն ասում է, թե 2001 թ. կլուծվի ԼՂ խնդիրը: Գրեթե նույն բանն էր ասում ԱՄՆ արդեն նախկին նախագահ Քլինթոնը. «ԼՂ հարցը 2000 թ. կլուծվի»: Ռուսաստանը պարզ տեքստով հայտարարում է, որ Ֆրանսիային (կարդալՙ Եվրամիություն) հետաքրքրում է ոչ թե ԼՂ հարցի լուծումը, այլ ԼՂ հարցի միջնորդությամբ Հարավային Կովկասում հաստատվելու ձգտումը: Բոլորովին էլ պատահական չէր վերջերս Եվրամիության «եռյակի» այցելությունը Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Առավել հետաքրքրական էին Հարավային Կովկասի տնտեսության զարգացման առաջարկությունները. հաղորդակցությունների վերաբացում, հակամարտությունների լուծում, ընդհանուր կովկասյան շուկայի ձեւավորում: Սակայն Եվրոպան, առավել եւս ԱՄՆ-ը, ակնհայտ շարունակում է երկակի ստանդարտների քաղաքականությունը: Նրանք շահագրգռված են ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ, մինչդեռ Հարավային Կովկասի մեկ այլ հակամարտությանՙ Աբխազիայի հարցի կարգավորումը թողնում են երկրորդական պլանում: Արեւմուտքի համար Աբխազիայի խնդրի լուծումը նշանակում է տարածաշրջանում կարեւորագույն երկաթուղու վերաբացում, հետեւաբար Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների, առաջին հերթին Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների աշխուժացում:

Ֆրանսիայի միջնորդությամբ տեղի ունեցող Քոչարյան-Ալիեւ հանդիպումներին խանդով է վերաբերվում ԱՄՆ-ը, որի համար Հարավային Կովկասը կենսական շահերի գոտի է, հետեւաբար ԼՂ հարցի կարգավորման ցանկացած միջնորդությունՙ լինի ռուսական, թե եվրոպական, յուրահատուկ վերաբերմունքի է արժանանում Վաշինգտոնում: Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ Ալիեւը սկսեց հայտարարել, թե ԼՂ հարցի կարգավորման բանալին ո՚չ Վաշինգտոնում է, ո՚չ Փարիզում, այլ Մոսկվայում, անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի արձագանքը: Պետդեպարտամենտն Ադրբեջանին դասեց ահաբեկչությանն աջակցող երկրների շարքում: Նույն սցենարը կիրառվեց նաեւ Հայաստանի պարագայում. Վաշինգտոնում հիշեցին, որ 1998 թ. ՀՀ նախագահական ընտրություններում 100 հազար ձայն է կեղծվել: Այստեղ կարեւոր չէ, թե որքան են ձայներ կեղծվել, թեկնածուներից որի օգտին: Կարեւոր է, որ ժողովրդավար Ամերիկան 1999 թ. այդ մասին չէր հիշել: Մի կողմ թողնենք երկակի ստանդարտները եւ փաստենք. ԱՄՆ-ը հերթական անգամ ժողովրդավարությունն օգտագործում է փոքր ժողովուրդներին մտրակելու համար:

Հոդվածը գրելու պահին ՀՀ նախագահը դեռեւս չէր վերադարձել Փարիզից, եւ մենք հնարավորություն չունեինք հարցով դիմելու խոսնակ Վ. Գաբրիելյանին: Անշուշտ, մենք չենք կարծում, թե հայկական կողմը Քոչարյան-Ալիեւ հանդիպումից ինֆորմացիայի արտահոսք կտար: Բայց կարող ենք, չէ՞, գոնե ճշտելՙ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը 16-րդ անգամ ե՞րբ, որտե՞ղ, ո՞ր երկրի նախագահի հովանու ներքո կհանդիպեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4