Ինտերնետային ցանցով ստացված տեղեկության համաձայն, վերջերս հայկական եկեղեցու ծանրակշիռ մի հրատարակության մեջ (ափսոս, չի նշվում անունը) գրվել է, որ «հայկական եկեղեցիների անդամ դառնալու համար պարտադիր չէ հայ լինելը»:
«Սա նախաբան է այն բանի, որ հայ ժողովրդին պարտադրվի ընդունելու եկեղեցիների միատարրության գաղափարը, որտեղ ցանկացած ազգի ներկայացուցիչը կարող է անդամակցել իր ընտրած եկեղեցուն», նախազգուշացնում է լրատվությունը, ավելացնելով, որ «մենք այժմ տեսնում ենք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ մեր եկեղեցու առաջնորդների վերջին 50 տարիների ունեցած հարաբերությունների հետեւանքները: Հայ կղերը, որը մի ժամանակ աստվածատուր եւ դինամիկ հռետորական ունակություններ ուներ, այժմ զրկվել է դրանիցՙ ազդվելով կեղծ քրիստոնեականՙ աստվածաբանական հաստատությունների գործունեությունից, որոնք եկեղեցիների հարաբերություններում շեշտն առավելապես դնում են հասարակական-սոցիալական շփումների եւ կոլեկտիվիզմի վրաՙ մի կողմ թողնելով առանձին եկեղեցիների անհատականություններն ու առանձնահատկությունները: Ե՚վ Էջմիածնի, ե՚ւ Անթիլիասի կաթողիկոսությունները շատ ակտիվ են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ իրենց հարաբերություններում, եւ չնայած հավատացած ենք, որ ոչ մեկը եւ ոչ մյուսը չի կարող կտրուկ շեշտադրումներով դեմ գնալ հայտարարված միատարրությանը կամ փոփոխություններ մտցնել դրանում, այնուամենայնիվ, գտնում ենք, որ կարող են փոքր չափերով ներգործել դրա վրա: Անհրաժեշտ է, որ ժողովուրդն իմանա այդ մասին նախօրոք: Այդ ռեւիզիոնիստական տեսակետները կարող են միայն ապազգայնացնել մեր հայկական եկեղեցին եւ գլոբալիզացիայի քողի ներքո արագացնել բնաջնջումն այդ պատմականորեն հին, եզակի եւ ինքնուրույն կառույցի: