Ադրբեջանը բանակցություններ է ձեռնարկել Իրանից գազ գնելու համար, լրագրողներին հաղորդել է վարչապետ Արթուր Ռասիզադեն: Նա ասել է, որ Բաքուն մտադիր է տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր գազ գնել Իրանից:
Լուրը հաղորդող Թուրան գործակալությունը տեղեկացնում է, որ իրանյան գազը կարող է ներկրվել Աստարայի եւ Ջուլֆայի վրայով, որի պարագայում 46 կմ երկարությամբ գազի խողովակ պետք է կառուցվի իրանյան Խոյ քաղաքից Ջուլֆա (Նախիջեւան): Գազի ներկրումն անհրաժեշտ է ջերմակայանների, ինչպես նաեւ բնակչության կարիքների համար, ասել է Ռասիզադեն: Վերջինս լրագրողներին տեղեկացրել է նաեւ, որ Ադրբեջանը շատ գոհ է ռուսական գազի ներկրումից, սակայն հավելյալ 4 միլիարդ խմ գազ է անհրաժեշտ երկրի կարիքները բավարարելու համար:
Թուրանն իր կողմից ավելացնում է, որ Ադրբեջանը Ռուսաստանից օրական 10 մլն խմ գազ է ներկրում ներկայիս: