<20014302.jpg>
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԶՈՒ 4 զորամասերից ռազմամթերքի հափշտակության գործով մարտի 7-ի դատական նիստում ցուցմունքներով հանդես եկավ գլխավոր ամբաստանյալ Արթուր Մելիքյանը: Նա հայտնեց, որ զենքի առեւտրով զբաղվող մի բուլղարական ֆիրմայից (թե՚ ֆիրմայի, թե՚ դրա ներկայացուցչի անունը ամբաստանյալը չհիշեց) 100 հազար դոլար կանխավճար է ստացել 40 «Իգլա» տիպի հրթիռների վաճառքի ապագա գործարքի դիմաց, կանխավճարի 75 հազար դոլարով ձեռք է բերել 19 հրթիռ եւ մեկ արձակման մեխանիզմ: Սակայն քանի որ մնացյալ գումարի մուծումը ուշացել է, Ա. Մելիքյանը կոնտեյներներից հանել է 12 մարտագլխիկները, որոնք մեկ այլ բուլղարական ֆիրմայի վաճառելուց ակնկալում էր ստանալ 120 հազար դոլար շահույթ:
Ամբաստանյալը հերքեց մեղադրական եզրակացության այն հղումը, թե ինքը ստեղծել է հանցավոր խումբ. ըստ Մելիքյանի, ինքը ճանաչել է զինծառայողներից միայն երկուսինՙ N զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Բաղդասար Եղիազարյանին, որի միջոցով ծանոթացել է նաեւ N զորամասի գլխավոր ինժեներ Պավլիկ Կյուրեղյանի հետ: Ըստ ամբաստանյալի, ինքը չգիտեր, որ ռազմամթերքը ձեռք է բերվելու Հայաստանի զորամասերիցՙ հասկանալով այդ դեպքում Հայաստանի պաշտպանունակությանը հասցվելիք վնասը, քանի որ նախօրոք հավաստիացել էր նրանցից, որ ռազմամթերքը ձեռք կբերվի Ռուսաստանից կամ Վրաստանից: Նա հերքեց ինչպես նրանց ռազմամթերքի հափշտակության դրդելու մեղադրանքը, այնպես էլ մեղադրական եզրակացության մեջ հանցավոր խումբ ստեղծելու մասին միտքը, ընդգծելով, որ եթե ինքը խումբ ստեղծեր, ապա ամեն ինչ կաներ, որպեսզի խմբի միայն 1-2 անդամներ «վերցնեին մեղքը իրենց վրա»: Հիշեցնենք, որ գործով անցնում են 17 ամբաստանյալներ, որոնցից մեկի մասով գործը կասեցվել է մինչեւ նրա ապաքինումը:
Մինչ այդ այլ կարգի գործունեությամբ զբաղվող Ա. Մելիքյանը (մասնավորապես, եղել է Երեւանի նորապսակների խանութի տնօրենը), իր իսկ խոստովանությամբ, սկսել է զբաղվել զենքի բիզնեսով ոչ միայն շահադիտական նպատակներից ելնելով, այլ նաեւ, քանի որ նրան «ավելի շատ հետաքրքրում էր պրոցեսըՙ ռոմանտիկ բաներ էի տեսնում»:
Ամբաստանյալը հերքեց նաեւ 10 հազար դոլարի պարտքը տուժող Գեորգի Մարտիրոսյանին չվերադարձնելու նպատակով նրան սպանելու մեղադրանքը: Մելիքյանը խոստովանեց, որ ինքը շահադիտական նպատակներով մարդ չի սպանել եւ չի կարող սպանել, սակայն սպանել կարող է եւ կարող է նորից սպանել, եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի: Ըստ նրա, յուրաքանչյուր տղամարդ պետք է կարողանա սպանել, քանի որ ընտանիքի պատիվը փրկելու համար ոչ թե սպանելն է հանցագործություն, այլ չսպանելը: