«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2001-03-06 | #42, 2001-03-07 | #43, 2001-03-08


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԸ

<20014305.jpg>

Ընդգծում է ԼՂՀ խորհրդարանականը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առանց ղարաբաղյան կողմի մասնակցության ոչ մի հարց չի լուծվելու, հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, միջազգային խորհրդարանական կապերի եւ տեղեկատվական քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Նա հերքեց այն տեսակետը, թե ԼՂՀ-ն վերջերս դուրս է մղվել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացներից: Աթանեսյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար այցելում են Ստեփանակերտ, վերջերս ԼՂՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ, իսկ Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: «Այս պահին, փաստորեն, բանակցային գործընթաց չկա: Կա երկու նախագահների հանդիպում, որը չի փոխարինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային ֆորմատը: Եթե երկու նախագահները գտնեն բանակցային հիմք եւ գործընթացը վերսկսվի, ապա ղարաբաղյան կողմն անպայման ներգրավված կլինի», հայտարարեց ԼՂՀ խորհրդարանականը:

Ինչ վերաբերում է վերջերս Ադրբեջանում շրջանառվող հայտարարություններինՙ պատերազմի վերսկսման անհրաժեշտության մասին, ապա Աթանեսյանը հայտարարեց, որ դրանց լուրջ չի վերաբերվում, համարելով դրանք զուտ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի խնդիր: «Ամեն դեպքում մեզՙ ղարաբաղցիներիս, պատերազմի սպառնալիքով որեւէ բան հնարավոր չէ պարտադրել: Կարծում եմ, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում խնդիրներ կունենա առաջին հերթին Ադրբեջանը», ընդգծեց նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4