Բանկը պատրաստվում է դատի տալ ԿԲ-ին
Երեք օր առաջ «Ազգն» անդրադառնալով ՀՀ բանկային համակարգի ներկա վիճակին, ահազանգել էր, որ այս տարի կանխատեսվում է ՀՀ մի շարք առեւտրային բանկերի սնանկացում ու հեռացում դաշտից: Նույն օրն իսկ ՀՀ Կենտրոնական բանկի տարածած մամլո հաղորդագրությունըՙ «Էկոնոմինվեստբանկ» ԲԲԸ բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին, թերեւս ապացույցն էր թերթի մասնագիտական վերլուծությունների հիման վրա արված եզրակացության:
Տեղեկացնենք, որ որեւէ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել նշանակում է, որ տվյալ բանկն իրավունք չունի իրականացնելու բանկային լիցենզիայով ու «ՀՀ բանկերի ու բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված գործառնություններ (ավանդների ընդունում, վարկավորում եւ այլն): Առավել մատչելի լեզվով ասածՙ բանկը դադարեցնում է գործունեությունն ու հեռացվում դաշտից: Այդ նույն մամլո հաղորդագրության մեջ վերոհիշյալ բանկին փաստորեն ՀՀ ԿԲ-ի կողմից վերագրվում են մի շարք խախտումներ կամ մեղադրանքներ, կոպիտ ասածՙ մախինացիաներ: «Ի՞նչ է պատրաստվում անել «Էկոնոմինվեստը» եւ որքանո՞վ են այդ մեղադրանքները համապատասխանում իրականությանը», «Ազգի» հարցին ի պատասխան «Էկոնոմինվեստի» նախագահ, ԱԺ պատգամավոր Տարոն Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք համաձայն չեն մեղադրանքին եւ պատրաստվում են հայցով դիմել դատարան: Նա տեղեկացրեց, որ բանկն ամենեւին էլ խուճապի մեջ չէ եւ շարունակում է իր նորմալ գործունեությունը (ինչը մի փոքր անհասկանալի է օրենքի տեսանկյունից- Գ. Մ.):
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ բանկային վերահսկողության դեպարտամենտի ուսումնասիրությամբ պարզվել է «Էկոնոմինվեստբանկ» կանոնադրական հիմնադրամում Ռուսաստանի Դաշնության «Մեգավատ բանկ» ՍՊԸ-ի մասնակցության բացակայությունը: Այդ հարցի առնչությամբ պրն Սահակյանը նշեց, որ խնդիրը ծագել է ՌԴ եւ ՀՀ օրենսդրությունների հակասությունից: Այդ բոլոր խնդիրները, ինչպես եւ «Էկոնոմինվեստի» գործունեության մասին մանրամասները, ըստ բանկի նախագահի, հայտնի կդառնան դատարանում: «Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս խնդիրը, ինչպես փորձում է ներկայացնել հակառակ կողմը, չքաղաքականացվի ու ներկայացվի զուտ իբրեւ տնտեսական խնդիր ու չշահարկվի որեւէ ուժի կամ անձի կողմից», եզրափակեց պրն Սահակյանը:
Մեր կողմից տեղեկացնենք, որ «Էկոնոմինվեստբանկը» հիմնադրվել է 1998 թ.-ին: Դա բանկի նախագահ Տարոն Սահակյանի առաջին բիզնեսն էր հայրենիքում, մինչ այդ նա գործարարությամբ է զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում: Տ. Սահակյանը հեղինակն է «Ոչ շուկայական բոնդեր» ծրագրի կամ այլ կերպ ասածՙ արտաքին կարճաժամկետ ներդրումների նոր համակարգի:
Գ. ՄՈՒՔՈՅԱՆ