Հայաստանի քաղաքացի Տիգրան Նազարյանը երկու տարի հանդիսացել է միջազգային ամենահեղինակավոր ընկերություններից մեկի թուրքական բաժանմունքի մարկետինգի գծով Հայաստանի ներկայացուցիչը: 2000 թ. մարտի 6-ին ընկերությունը նրան ծանուցել է, որ մայիսի 8-ից կրճատվում է իր հաստիքը: Սակայն իրեն ազատելու օրից նույն պաշտոնին նշանակվել է մեկ ուրիշը, որն ընդամենը երեք ամիս էր աշխատանքի անցել ընկերությունում:
Տ. Նազարյանը փորձել է դատարանի միջոցով վերականգնել իր աշխատանքային իրավունքը: Դատարանը մերժել է, գտնելով, որ ազատումը կատարվել է օրենսդրությանը համապատասխան, սակայն ուշադրություն չի դարձրել, որ հաստիքը չի կրճատվել, ինչպես պատճառաբանել են սկզբում: Ընկերության ներկայացուցիչները դատարանում հայտնել են, որ նոր աշխատակիցն ավելի լավ էր կատարում իր պարտականությունները, իսկ Տ. Նազարյանը թերացումներ է ունեցել: Այսինքն, նրանք հակասել են իրենցՙ այս պատասխանով հաստատելով, որ Տ. Նազարյանին աշխատանքից ազատելու պատճառն ամենեւին էլ հաստիքի կրճատումը չի եղել: Հայցվորը միաժամանակ առարկում է ընկերության ներկայացուցիչների այս պատասխանի դեմ, ասելով, որ աշխատանքային երկու տարիների ընթացքում չի ունեցել ոչ մի նկատողություն:
Տիգրան Նազարյանն աշխատանքում վերականգնվելուց բացի, հայցով պահանջել է փոխհատուցել խտրական եւ նվազ վարձատրության արդյունքում կրած զգալի նյութական վնասը, պարտավորեցրել ընկերությանը վճարել իր եկամտահարկը, որը մինչեւ հայցվորին աշխատանքից ազատելն ընկերությունը մասնակի է վճարել:
Տ. Նազարյանը պնդում է, որ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները հայցը քննելիս անտեսել են իր այս երկու պահանջները, որոնք իր հայցի հիմքն ու առանցքն են կազմում: Թուրքական մասնաճյուղի կողմից իր եկամտահարկը մասնակի վճարելու բացատրությունը, ըստ Տ. Նազարյանի, այն է, որ ընկերությունը փորձել է իրեն կեղծիքի դրդելՙ փաստաթղթային ձեւակերպումով իրեն շնորհել Վրաստանի ռեզիդենտի կարգավիճակ, քանի որ Վրաստանն ավելի քիչ եկամտահարկեր էր գանձում: Այդպիսով, խուսափել է հարկերը Հայաստանին վճարելուց, որին չի համաձայնել հայցվորը, այնուհետեւ ազատվել է աշխատանքից:
Այդուհանդերձ, Տ. Նազարյանը չցանկացավ հրապարակել միջազգային հեղինակավոր ընկերակցության անունը, ասելով. «Ես աշխատել եմ ընկերության թուրքական բաժանմունքի կազմում, որը եղել է ընկերության տարածաշրջանային գործունեության պատասխանատուն: Ես հստակ տարբերակում եմ ընկերության անունը եւ հռչակը նրա թուրքական բաժանմունքում տիրող բարքերից եւ աշխատաոճից: Այդ իսկ պատճառով չէի կամենա, որ թուրքական գրասենյակի անպատասխանատու քայլերի հետեւանքով ընկերության բարի անունը տուժեր»:
Ս. Պ.