Հավաստում է մոսկվացի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը
Երեքշաբթի հիշարժան օր էր Երեւանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում: Ռուսաստանի հայերի միությունն այդ հաստատությանը նվիրեց համակարգչային դասարան, որը կդառնա ուսումնական գործընթացի կարեւորագույն մասը: Նվերը հանձնելու էր եկել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:
Խորհրդանշական է, որ համալսարանի ու մեր միության համագործակցությունը սկսվում է այս դասարանով, նշեց գիտնականը: Մեր կազմակերպությունն իր առջեւ նպատակ է դրել Ռուսաստանի տարածքում մոբիլիզացնել ռեսուրսները, որպեսզի առաջին հերթին օգնի Հայաստանի գիտությանն ու կրթությանը: Հանրապետության տնտեսական բարդ իրավիճակը թույլ չի տալիս մեծածավալ միջոցներ տրամադրել այս կարեւոր ոլորտին: Այս ամենը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին դրդեց առաջին հերթին կատարել այս գործը, հայտարարեց Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով, մեկական համակարգիչ ստացել են Հայաստանի ռուսական համայնքի «Հարմոնիա» ընկերությունը եւ «Ռուսաց լեզուն հայկական դպրոցում» գիտամեթոդական հանդեսը:
Քաղաքագետն անդրադարձավ ՌԴ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարների այցին Երեւան (դրա մասին գրել ենք «Ազգի» նախորդ համարներում): Այցն իրականացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, նշեց նա: Հարավային Կորեա վերջերս կատարած պաշտոնական այցի ժամանակ Ռուսաստանի նախագահը ՌԴ կառավարման համակարգերի գործակալության գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնովից (նա ղեկավարում է երկրի էլեկտրոնային, ռադիոարդյունաբերության, կապի միջոցների արդյունաբերության համալիրը) հետաքրքրվել էՙ ե՞րբ է վերջինս Հայաստան այցելելու, հայտնեց Ա. Միհրանյանը:
Հայտնի քաղաքագետը մերժեց պնդումները հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կամ սառեցման մասին: Ընդհակառակը, դրանք աճում ենՙ հիմքում ունենալով մեծ ներուժ, տնտեսական ու մշակութային ընդհանրություն, համանման մտածելակերպ: Ծանրակշիռ դեր է խաղում այստեղ Հայաստանում ռուսաստանյան ռազմական ներկայությունը, ընդգծեց գիտնականը:
Այս տարի նախատեսված է, որ Վլադիմիր Պուտինը երկու անգամ կայցելի Հայաստան, շարունակեց Անդրանիկ Միհրանյանը: Կովկասն ու Անդրկովկասը Ռուսաստանի համար ունեն կենսական նշանակություն, եւ Ռուսաստանն անում է ամեն ինչ շահերի այս գոտում իր ներկայությունը պահպանելու համար, հաստատեց քաղաքագետը, որը ՌԴ նախագահական խորհրդի անդամ է:
Խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին, Անդրանիկ Միհրանյանը նշեց այն հանգամանքը, որ Ֆրանսիան ղարաբաղյան կարգավորման գործում իր միջնորդությունն ակտիվացրել է ոչ թե Ռուսաստանի թիկունքում, այլ նրա համաձայնությամբ: Այս առիթով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ:
Անդրադառնալով ՌԴ նախագահի Ադրբեջան վերջերս կատարած այցելությանը, Անդրանիկ Միհրանյանը նշեց, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը այդ ընթացքում երկու անգամ ժամանել է Երեւան, որպեսզի հայաստանյան կողմին պարզաբանումներ տա այդ ուղեւորության նպատակների վերաբերյալ:
Ելույթ ունեցան հաստատության ռեկտոր Լեւոն Մկրտչյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ռուս-հայկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներՙ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն ու ներկայիս վարչապետի օգնական Արարատ Գոմցյանը: Երախտիքի խոսք ուղղելով Ռուսաստանի հայերի միությանը, նրանք կարեւորեցին երկկողմ հոգեւոր, կրթական, մշակութային կապերի զարգացումը:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից «Ազգի» համար