Բյուջետային քննարկումներից առաջ պետեկամուտների ներկայիս նախարար Անդրանիկ Մանուկյանը համոզում էր պատգամավորներին, որ անհրաժեշտ է արտերկրից ներկրվող դեղորայքի վրա սահմանել ավելացված արժեքի հարկը, որը կհանգեցնի դեղորայքի գների էական անկման: Տարվա երրորդ ամիսն է սկսվել, մինչդեռ գները ոչ միայն չեն նվազել, այլ նույնիսկ որոշ դեղերի պարագայում ավելացել են անգամ 60 տոկոսով:
Հիշեցնենք, որ ըստ խորհրդարան-կառավարություն փոխհամաձայնության, առանձին ֆոնդ պետք է հատկացվեր, դեղորայքից գանձվող ավելացված արժեքի հարկի հաշվին, որն ուղղվելու էր սոցիալապես անապահով խավին անվճար դեղորայքով ապահովելուն: Ինչպես տեղեկացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, այսօրվա դրությամբ ֆոնդ չի մուտքագրվել եւ ոչ մի լումա: Դա կարող էր միայն բացատրվել դեղորայքի ներկրման դադարեցմամբ, մինչդեռ այս ընթացքում, ինչպես որոշ աղբյուրներ են ահազանգում, հանրապետություն է ներկրվել մեծ քանակությամբ դեղորայք, իհարկեՙ առանց հարկման: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տվյալներով ինքն այդ հարցի կապակցությամբ նամակով դիմել է պետեկամուտների նախարարություն: