«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2001-03-06 | #42, 2001-03-07 | #43, 2001-03-08


165 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լինսի հիմնադրամը կոշտ պայմաններ է առաջադրում Հայաստանի կառավարությանը

ԱԺ-ն երեկ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լինսի հիմնադրամի միջեւ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրինագիծը:

Ըստ պայմանագրի Լինսի հիմնադրամը պատրաստվում է Հայաստանում ներդնել 165 մլն ԱՄՆ դոլար, որից 75 մլն-նՙ վարկերի, մյուս 90 մլն դոլարըՙ դրամաշնորհի տեսքով: Ընդ որում, վարկի դիմաց տոկոսադրույքներ չեն սահմանվում: Հուշագրում բերված տեղեկանքի համաձայնՙ 44,8 մլն դոլար այդ գումարից ներդրվելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման ոլորտում, որն ամենամեծ չափաբաժինն է մյուս բնագավառներում նախատեսվող գումարների համեմատությամբ: 30 մլն դոլար տրամադրվում է արտասահմանյան ներդրումների խթանման աշխատանքներին, իսկ տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գծով նախատեսված է 20 մլն դոլարի ներդրում: Ճանապարհային ցանցի ծրագրման, կառուցման, բարելավման, մարդկանց եւ ապրանքների ազատ հոսքն ապահովելու եւ ներքին զբոսաշրջության զարգացման նպատակով հիմնադրամը տրամադրում է 38 մլն դոլար: Հատկացումներ են նախատեսված նաեւ երկրաշարժի գոտում լրացուցիչ բնակշինարարության համարՙ 15 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային հաստատությունների վերանորոգման եւ վերականգնման համարՙ 10 մլն դոլար: Վերջինս ընդգրկում է 25 մշակութային օջախներ, այդ թվում Ազգային օպերայի եւ բալետի թատրոնը, Չարենցի, Թումանյանի տուն-թանգարանները եւ այլն: Ներդրումներ են նախատեսված նաեւ Երեւանում բարեկարգումներ իրականացնելու ծրագրովՙ 7 մլն դոլարի չափով:

Ինչպես կարելի է նկատել ներդրումների հիմնական մասն ուղղված է տնտեսությանըՙ զբոսաշրջիկության խթանում, արտասահմանյան ներդրումներ, գործազրկության կրճատում, որոնք ընդհանուր առմամբ կազմում են մոտ 95 մլն դոլար: Եթե դրան էլ ավելացնենք ներքին զբոսաշրջությանն ուղղված 38 մլն-ը, ապա պարզ կդառնա ներդրումների ուղղվածությունը:

Ի տարբերություն նախորդ բոլոր նման կարգի պայմանագրերի, այս հուշագիրը բավականին կոշտ քաղաքականություն է խոստանում ներդրումների վերահսկողությունն ապահովելու ուղղությամբ: Այսպիսովՙ որպես պատասխանատու կողմ հիմնադրամը ճանաչում է միայն կառավարությանը: Ուշադրություն դարձնենք հետեւյալ նախապայմանինՙ «Կառավարությունը եւ միայն կառավարությունն է այն անձը, որ ենթակա է իրավական պատասխանատվության ծրագրերից յուրաքանչյուրին առնչվող որեւէ կարգի ցանկացած գործողության համար (այդ թվում եւ մարդկանց կամ ունեցվածքին հասցված վնասի համար)»: Դրան հաջորդում է հետեւյալ կարգի պարտավորությունների մի ողջ ցանկ: Կառավարությունը չպետք է նախատեսի եւ կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են ծրագրերի կատարման ընթացքում փոփոխել հուշագրով նախատեսված իրավական հիմքերը: Բացառվում է Լինսիի ունեցվածքի բռնագրավումը կամ այլ կերպ դրան վնաս հասցնելը, նրա իրավասության սահմանափակումը: Հատկացված միջոցները չեն օգտագործվելու այլ նպատակներով, քան նախատեսվում է հուշագրով եւ այդ միջոցներով չեն ֆինանսավորվելու այնպիսի գործունեության տեսակներ, որոնք արգելվում են հուշագրի պայմաններով: Կառավարությունը ծրագրի կատարման համար պետք է երաշխավորի հուշագրում նախատեսված հարկային արտոնությունների տրամադրում:

Ինչպես արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հավաստիացրեցՙ կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել նման պատասխանատվություններ, որոնց մեջ ընդգրկվում է նաեւ վարկի ետ վերադարձումն այն պարագայում, երբ երկրի արտաքին պարտքն այսօր գերազանցում է 900 մլրդ դոլարի սահմանը: Սակայն, այդ վարկային միջոցներից միայն 24 միլիոնն է, որ ավելացվելու է արտաքին պարտքին: Արդարադատության նախարարը դա հետեւյալ կերպ բացատրեց. «Պատճառը մեկն է, հայկական բիզնեսին տրամադրվող վարկերը հայկական առեւտրային բանկերի միջոցով ընդհանուր առմամբ 45 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Նախկինումՙ 99 թ. ծրագրով արդեն նախատեսված եւ ընդգրկված է 20 մլն դոլար: Ուստի եւ լրացուցիչ պարտքը կազմում է 25 մլն դրամ»:

Լինսի հիմնադրամն իր ծրագրերի իրագործումը նախատեսում է ավարտել մինչեւ 2003 թ. նոյեմբերի 1-ը:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4