«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2001-03-06 | #42, 2001-03-07 | #43, 2001-03-08


ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ՎԱՐԱԿ (ԴԱՎ)

Ընթերցողների խնդրանքով ներկայացնում է բժիշկը

Մեր ընթերցողների արդարացի պահանջին ենք անդրադառնում սույն հոդվածով: Շատ է խոսվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Վերջերս Հայաստանում 5 տարեկան մի երեխա էր վարակվել: Սակայն, այդպես էլ այդ հիվանդության էությունը մնում է շատ-շատերի համար անհասկանալի ու մութ: Ստորեւ շարադրվածը զերծ է բժշկական եզրաբանություններիցՙ նպատակ ունենալով բժշկական կրթություն չունեցողների եւ առհասարակ ազգաբնակչության լայն խավերի համար այդ հիվանդության մասին ժողովրդական լեզվով բացատրելը: Հոդվածում տեղ գտած համեմատությունները օգտագործվել են հանրությանը միայն ու միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հասկանալի դարձնելու համար եւ բացարձակապես չունեն գիտական միտումներ:

Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ)/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) վարակիչ հիվանդություն է, այսինքնՙ մեկից-մյուսին փոխանցվող վարակ է:

Վարակիչ հիվանդություններն ունեն փոխանցման տարբեր ճանապարհներ. օրինակՙ գրիպը օդակաթիլային ճանապարհով տարածվող վարակ է, այսինքնՙ գրիպով տառապող անձը փռշտալով գրիպը փոխանցում է ուրիշներին: Կամՙ գլխի ոջլոտությունը, որի փոխանցման ճանապարհը կենցաղայինն է, այսինքն, սերտ շփման միջոցով (օրինակՙ մանկապարտեզում երեխաները իրար հետ գրկախառնված խաղում են, եւ մեկի ունեցած ոջիլը փոխանցվում է մյուսին):

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ընդգրկվում է սեռավարակների խմբում, տարածման կամ փոխանցման հիմնական ուղին սեռական կապն է: Այս խմբին են պատկանում նաեւ այլ հիվանդություններ, որոնք շատ թե քիչ ծանոթ են հանրությանը (սիֆիլիս, գոնորեա եւ այլն): Եթե մի անձնավորություն ունի ՄԻԱՎ, ապա սեռական կապի մեջ մտնելով նա կարող է այդ վարակը փոխանցել զուգընկերոջը:

Ո՞րն է ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարբերությունը

Ընթերցողին հասկանալի դարձնելու համար կրկին վերցնենք գրիպի օրինակը: Ենթադրենք հետեւյալ իրավիճակըՙ գրիպով տառապող մեկը փռշտալով վարակում է ուրիշին. գրիպ առաջացնող փոքրագույն այդ էակը (հարուցիչը) կոչվում է վիրուս: Վերջինս տվյալ դեպքում թափանցել է առողջ մարդու մարմին, սակայն նա իրեն զգում է առողջ: Անցնում է 2 կամ 3 օր, եւ այդ անհատի մոտ ի հայտ են գալիս գրիպին բնորոշ երեւույթները: Ահա այդ 2-3 օրը, երբ անձը վարակված է, սակայն իրեն զգում է առողջ, կոչենք վարակի գաղտնի կամ վարակակրության շրջան: ՄԻԱՎ-ը կամ ՄԻԱՎ-ի շրջանը վերաբերում է մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության գաղտնի շրջանին (վարակակրության շրջանին): Սակայն, ի տարբերություն գրիպի եւ վարակիչ այլ հիվանդությունների, ՄԻԱՎ-ի այդ շրջանը կարող է տեւել տարիներ, որի ընթացքում վարակակիրն իրեն զգում է առողջ եւ հասցնում է վարակը փոխանցել այլոց: Այս շրջանում կարող են ի հայտ գալ զանազան երեւույթներ (օրինակՙ լուծ, մաշկի ցան, ջերմության բարձրացում եւ այլն, որոնք հաճախ մատնվում են անուշադրության):

Եթե գրիպի գաղտնի շրջանին հաջորդում է հիվանդության շրջանը, ապա ՄԻԱՎ-ին հաջորդում է ՁԻԱՀ-ի շրջանը: Այդ փուլում ի հայտ են գալիս ծանր հիվանդություններ, որոնք հիվանդին հասցնում են մահվան:

Ի՞նչ է կատարվում մարդու մեջ

Մարդու իմունային անբավարարության վիրուսը օրգանիզմ թափանցելով, թափանցում է նաեւ այն բջիջները, որոնք ապահովում են մեր իմունիտետը: Այդ բջիջներն ախտահարվում են եւ ժամանակի ընթացքում քանակապես պակասում: Հետզհետե նվազում է օրգանիզմի իմունիտետը, այսինքնՙ մարդու դիմադրողականությունը:

Մի անգամ եւս դիմենք գրիպի օրինակին: Գրիպով հիվանդը մի քանի օր տառապելուց հետո սկսում է ապաքինվել. երեւույթները մեղմանում են եւ հետզհետե վերանում: Այդ ապաքինումը տեղի է ունենում մարմնի դիմադրողականության միջոցով, այսինքնՙ մարմինը պայքարում է գրիպի դեմ եւ հաղթում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում, անձի դիմադրողականությունը խանգարված լինելով, մարմինը չի կարողանում պայքարել ու դիմադրել վարակներին: Ժամանակի ընթացքում այդ մարմնի դիմադրող համակարգը թուլանում է ու նվազում, անձը հիվանդանում է նույնիսկ այնպիսի մանրէներից, որոնք սովորաբար անվնաս են մարդու համար:

Ստացվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մարդու դիմադրողականության անկման վարակ է (ԴԱՎ): Հանրության համար առավել հասկանալի է ԴԱՎ անվանումը, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:

Ավելի ցայտուն դարձնելու համար ասենք, որ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ-ը կամ ԴԱՎ-ը) մի վիճակ է, երբ մարդու իմունային համակարգըՙ մարմնի դիմադրողականությունը թուլացած է, եւ այդպիսի իրավիճակում մարմինը չի կարողանում կամ դժվարանում է պայքարել որոշակի վարակների դեմ. օրինակՙ եթե առողջ մարդն ապաքինվում է գրիպից մի քանի օրվա ընթացքում, ապա ԴԱՎ-ով անձի մոտ կարող է ձգձգվել ու տեւել նույնիսկ ամիսներ: Դեռ ավելին, եթե մի անձ ունի որեւէ քրոնիկական հիվանդություն եւ վարակվում է ԴԱՎ-ի վիրուսով, ապա ժամանակի ընթացքում այդ քրոնիկական հիվանդությունը սրվում է, ավելի ցայտուն է լինում, քան առաջ, հաճախ ունենում է ուրույն ընթացք, այսինքնՙ տարբերվում է այդ հիվանդության համար տիպիկ նշաններից, ինչպես նաեւ կայուն է դառնում բուժումների նկատմամբ:

Որո՞նք են ԴԱՎ-ի վարակման ուղիները

ԴԱՎ-ի վիրուսը փոխանցվում է հետեւյալ 4 ուղիներովՙ սեռական, արյունային, հղիության ընթացքում վարակված մորից պտղին եւ վարակված մոր կաթի միջոցով: Փոխանցման սեռական ճանապարհը գերակշռողն է, այսինքնՙ գոյություն ունեցող ԴԱՎ-ի դեպքերի մեծամասնությունը վարակվել է սեռականորեն:

Արյունային փոխանցման ուղի է համարվում, երբ ԴԱՎ-ով հիվանդ անձի արյունը թափանցում է մեկ ուրիշի մարմին. դա կարող է լինել վարակված արյան փոխներարկումով, թմրամոլների մոտ (սրսկվող նարկոմաններ), որոնք օգտագործում են միեւնույն սրսկիչը, եւ նրանցից մեկը վիրուսակիր է, կամ բաց վերքերի հետ շփումը, երբ առկա է վիրուսը եւ այլն, այսինքնՙ բոլոր այն դեպքերում, երբ վարակվածի արյունը շփվում է առողջի արյան հետ:

Մորից պտղին է փոխանցվում, եթե հղի կինը վիրուսակիր (վարակակիր) է: Եվ վերջապես, մայրական կաթի միջոցովՙ եթե կերակրող կինը դարձյալ վարակակիր է:

ԴԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային ճանապարհով, առարկաների կամ նույնիսկ մոծակի միջոցով: Հասարակական բաղնիքները, տրանսպորտը եւ այլն եւս փոխանցման ճանապարհ չեն: Հայաստանում բժշկագիտական մակարդակը ապահովում է անվտանգություն բոլոր բուժհիմնարկներում, ինչպես նաեւ փոխներարկման համար նախատեսված արյան վստահելիությունը:

Կարելի՞ է խուսափել ԴԱՎ-ից

Միանգամայն այո՚, սակայն պահպանելով որոշ կանոններ: Առաջին հերթին անհրաժեշտ է խուսափել պատահական սեռական կապերից, եւ եթե դա ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ, ապաՙ անպայման օգտագործել պահպանակ (պրեզերվատիվ): Իմիջիայլոց, պահպանակների օգտագործումը պաշտպանում է նաեւ գործնականորեն բոլոր այլ սեռավարակներից (սիֆիլիս, գոնորեա, քլամիդիոզ, տրիքոմոնիազ, հեպատիտ Բ եւ այլն):

Ներկայումս ԴԱՎ-ի լիարժեք բուժման միջոց չկա: ԴԱՎ-ի համար նախատեսված դեղորայքը երկարացնում է հիվանդի կյանքը, սակայն չի վերացնում անբարենպաստ ելքի հնարավորությունը: Ուստի մեր խորհուրդն էՙ

Խուսափեք պատահական կապերից

Օգտագործեք պահպանակներ

Եվ մի վտանգեք Ձեր առողջությունը:

Բժ. ՀԱՐՈՒԹ Դանիելյան, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության ամբիոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4