«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2001-03-06 | #42, 2001-03-07 | #43, 2001-03-08


«Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ»

Ադրբեջանցիները կոչ են անում Իրանին չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շշուկները, թե Իրանի խորհրդարանը հավանաբար քննության կառնի Հայոց ցեղասպանության հարցը, Ադրբեջանի ԶԼՄ-ների եւ քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում են: «Բիլիք Դունյասի» գործակալությունը մարտի 6-ին «Ազգային ճակատ» կուսակցությունից ստացել է հաղորդագրությունՙ ուղղված Իրանի խորհրդարանին եւ ԶԼՄ-ներին: Մի կողմ թողնենք, որ ադրբեջանա-իրանական լարվածության պատճառներից մեկը հենց ԱՃ-ի եւ անձամբ նրա արդեն հանգուցյալ առաջնորդ Աբ. Էլչիբեյի ագրեսիվ քաղաքականությունն էր իր հարավային հարեւանի նկատմամբ, տարածքային հավակնությունները, չափից ավելի թուրքական կողմնորոշումը: ԱՃ-ի հաղորդագրության մեջ ասվում է, թե «իր ողջ պատմության ընթացքում Իրանը եղել է Ադրբեջանի բարեկամըՙ նույն հավատով ու սովորույթներով... Մենք չենք կարող ժխտել փաստը, որ որոշ ուժեր փորձում են խոչընդոտել Ադրբեջան-Իրան կապերին»: Հաղորդագրության մեջ նշվում է, թե Իրանի խորհրդարանը մտադիր է քննարկել «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» հարցը եւ այս առումով «հայկական կողմը եռանդուն աշխատանքներ է տանում»: «Հուսով ենք, Իրանի խորհրդարանը, Իրանի պետությունը, որը եղբայրական եւ սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, չի տրվի հայկական կողմի մտադրություններին, եւ երկու ժողովուրդների միջեւ չի սերմանվի թշնամանք», ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանի խորհրդարանը քննարկության կդնի Հայոց ցեղասպանության հարցը, թեՙ ոչ, մի կողմ թողնենք եւ թարգմանաբար ներկայացնենք Թեհրանում լույս տեսնող «Ջոմհուրիե Էսլամի» թերթի վերջին համարներից մեկում տպագրված «Ո՞ւր է գնում Ադրբեջանը» վերնագրով խմբագրականը: Պահպանողականների տեսակետներն արտահայտող պարբերականը յուրօրինակ ձեւով է մեկնաբանում Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածության պատճառները:

«Ֆրանսիայի Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան սուր պատասխան տվեց, ետ կանչեց Փարիզի իր դեսպանին, չեղյալ հայտարարեց Ֆրանսիայի հետ կնքած մի շարք տնտեսական եւ առեւտրական պայմանագրեր... Հակառակ Թուրքիայի կոշտ դիրքորոշմանը, Ադրբեջանի քաղաքական շրջանակները ոչ մի բացասական արձագանք չտվեցին: Հ. Ալիեւը նախ փորձեց արդարանալ, թե դա Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը չէ, իսկ Ժ. Շիրակը չի վավերացնի փաստաթուղթը: Հ. Ալիեւը չհետաձգեց այցը Ստրասբուրգ, ապաՙ Փարիզ... Հակառակ Ալիեւի կանխատեսումներին, Շիրակը վավերացրեց Ցեղասպանության օրինագիծը: Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը, հատկապես Ղարաբաղը, արժանանում են Ֆրանսիայի բարյացակամությանը: Ֆրանսիան Հայաստանին տվել է միլիոնավոր դոլարների օգնություն, Ղարաբաղում բացել ֆրանսիական դպրոց: Այս գործոններից եւ ոչ մեկը, նույնիսկ Ֆրանսիայի բացահայտ աջակցությունը Հայաստանին չեն վնասել Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունները: Անշուշտ, Ֆրանսիան միակ երկիրը չէ, որ օգնում է Հայաստանին: Կան այլ երկրներ, որոնք աջակցում են Հայաստանին եւ պահպանում ավելի լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ: Նրանից մեկըՙ ԱՄՆ-ը, ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրներից է, ինչպես Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Ամեն տարի ամերիկյան Կոնգրեսը Հայաստանին տրամադրում է 100 մլն, Ղարաբաղինՙ 20 մլն դոլար օգնություն: ԱՄՆ-ի տարբեր կարգի օգնությունները Հայաստանին գերազանցում են մեկ միլիարդ դոլարը: Կոնգրեսականները հաճախ են այցելում Ղարաբաղ, հայ-ամերիկյան ընկերությունները Քելբաջարի բռնազավթված տարածքներում ոսկու արդյունաբերություն են ծավալում: Շարունակում է գործել 907 հոդվածը: Այնուհանդերձ, բոլոր այս փաստերը չեն փչացնում Բաքու_Վաշինգտոն հարաբերությունները, եւ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում իրեն ռազմավարական գործընկեր համարել ԱՄՆ-ին: Իրանում որոշ շրջանակներ, հիմք ընդունելով զգացմունքային գաղափարները, նշում են, թե Բաքու-Թեհրան լարված հարաբերությունների պատճառը Թեհրան-Երեւան սերտ կապերն են: Նույնիսկ հնչում են տեսակետներ, թե անհրաժեշտ է խզել Թեհրան-Երեւան հարաբերությունները: Մինչդեռ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս, թե որքան միամիտ են այն շրջանակները, որոնք հայ-իրանական հարաբերությունները խզելու կոչեր են անում եւ ինչքան մեծ է նրանց նկատմամբ նպատակային պրոպագանդան, որը կազմակերպվում է Արաքս գետի մյուս ափից:

Ադրբեջանի հարաբերությունները Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի հետ ցույց են տալիս, որ Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների պատճառը Իրան-Հայաստան հարաբերությունները չեն: Սա միայն պրոպագանդա է, որով ադրբեջանցիները արդարացնում են Իրանի հետ իրենց քաղաքականությունը: Այստեղիցՙ մեր արտաքին քաղաքականության մեխանիզմը պետք է կանոնավորի արտաքին հարաբերությունները տարբեր երկրների վերաբերմունքի իրատեսական հիմքի վրա եւ կիրառի «դրական հավասարակշռության» քաղաքականություն տարածաշրջանի երկրների հետ: Հայաստանը չպետք է ազդի Ադրբեջանի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա եւ ոչ էլ մեր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորված լինեն Ադրբեջանի հետ հարաբերություններով: Սա կարեւոր մի կետ է, որը պետք է հասկացնել հայերին», գրում է «Ջոմհուրիե Էսլամին»:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4