Մետաքսյա Սիմոնյանին հիշելով
Վաթսունմեկ տարի ապրեց սիրելի Մետաքսյան:
Վաթսունմեկ գարուն վայելեց բնության շենշող գեղեցկուհին: Վաթսունմեկ անգամ նրա աչքերում բռնկվեց բնության զարթոնքը: Նա տեսավ արագիլների գալը, որոնք ազդարարում էին Հայաստան աշխարհի գարունը:
Այն տունը, ուր ապրում էր ապագա դերասանուհին, որը հետագայում դարձավ ժողովրդի սիրված արվեստագետը, գտնվում էր Աբովյան փողոցում, Գիտությունների ակադեմիայի նախկին շենքի հարեւանությամբ, որի շրջափակված պատերից այն կողմ երկինք էր խոյանում Կաթողիկե կոչվող սուրբ մատուռը:
Ամառային քննությունների շրջանում, երբեմն երկու, երեք ընկերով գնում էինք Մետաքսյաենց տուն պարապելու, քանի որ այդ տանը ավելի հով էր:
Ամեն առավոտ, կապույտի մեջ թեւածում էին մատուռի գմբեթին բուն դրած արագիլները: Նրանք լույս թեւերը թափահարելով ճախրում էին հեռուները եւ որոշ ժամանակ անց նորից հայտնվում հարազատ բնի առաջ:
Մետաքսյան երկար նայում եւ սիրով հետեւում էր բազմախորհուրդ ճերմակ արարածներին: Նրանց թռիչքի մեջ անբացատրելի խորհուրդ կար, որն անհասկանալի էր մնում գեղեցկադեմ աղջնակին: Նրա ալեկոծ հոգին խոսում էր նրանց հետ: Եվ այս ամենն ասես նախապատրաստական մի փորձ էր ապագա բեմերի, որի վարագույրը նախապես բացել էր ինքըՙ բնությունը:
1948-ին Մետաքսյա Սիմոնյանը գերազանց գնահատականներով ավարտեց թատերական ինստիտուտի դերասանական բաժինը (Վարդան Աճեմյանի դասարանը):
Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» թատերգությունը թատերական ինստիտուտի բեմում նոր հնչողություն ունեցավ: Երիտասարդ դերասանների անկեղծ խոսքը, կերպարների ներքին աշխարհը բնութագրող երանգների կենդանի շունչը նպատակասլաց ոգի ներշնչեցին ներկայացմանը: Հանդիսականները լարված հետեւում էին դեպքերի զարգացող ընթացքին:
Այդ նույն բախտին արժանացավ բեմադրությունը Մոսկվայում, Լազարյան ճեմարանի գողտրիկ սրահի մեջ: Երեւանի թատերական ինստիտուտի առաջին շրջանավարտների ներկայացման հաջողությունը մեծ աշխուժություն էր առաջացրել մոսկվաբնակ մեր հայրենակիցների շրջանում:
Լենինգրադից Մոսկվա ժամանեց Վահրամ Փափազյանը: Թատերական աշխարհի հսկան եկել էր տեսնելու իր հետնորդներին: Մոտ երկու ժամ խոսեց աշխարհի դրամատուրգիայից, թատրոնի եւ դերասանական արվեստի գաղտնիքների մասին: Ցավոք, նա չկարողացավ ներկա լինել մեր ներկայացմանը, բայց մեկնելուց առաջ Վարպետն օրհնեց մեզ բոլորիս եւ հաջողություն մաղթելով, հեռացավ, յուրաքանչյուրիս ձեռքում թողնելով խաչակնքած մի մեխակ: Այդ օրերին «Վեչերնայա Մոսկվա» թերթում լույս տեսավ մի հոդված: Հոդվածագիրը վերլուծելով «Էլի մեկ զոհ» պիեսի գաղափարական կողմը, շեշտել էր նորի զգացողության, լակոնիկ արտահայտչամիջոցների առկայությունըՙ նշելով Անանիի դերակատար Մետաքսյա Սիմոնյանի բնությունից օժտված հմայքը, բնական խաղաոճն ու դրամատիկ շնչի մեծ կարողությունները եւ ավելացրել. «Մոսկովյան յուրաքանչյուր թատրոնում ցանկալի կլիներ այդպիսի արտիստուհու գոյությունը»:
Դրվատանքի մի մեծ բեռ էլ բաժին էր ընկել Միքայելի դերակատար տողերիս հեղինակին, սակայն թողնենք այդ...
Վերադարձանք Երեւան:
Քառասուն տարուց ավելի աշխատեցինք Մայր թատրոնում: Նրա սրտի անկեղծ խոսքը, ժպտադեմ հայացքն ու ծիծաղը ջերմացնում էին ընկերներին:
Մետաքսյա Սիմոնյանի Նաստասյա Ֆիլիպովնան արտակարգ գեղեցիկ էր: Ասես աստվածային պարգեւ լիներ: Այդ բարդ, հակասական ու հետաքրքիր կերպարը նա խաղում էր իր տաղանդի բազմակերպ դրսեւորումներով: Նաստասյայի ներքին տառապանքների անկեղծ բռնկումները, մանկան պարզությամբ վիրավոր սրտով խոստովանելուց հետո, հաճախ նրա աչքերում արցունք էր երեւում, բայց մի քանի վայրկյան անց նրա դեմքին կանացի սատանայական մի ժպիտ էր հայտնվում: Տեր Աստված, ի՞նչ է լինելու, անհանգստացած մտածում էի եսՙ Գանկա Իվոլգինս: Նա տասնյակ հազարները նետելով կրակի մեջ, ստորացնում է Գանկային եւ շղթաներից ազատված, Ռագոժինի հետ սուրում է դուրս, ցնցող, զրնգուն ծիծաղով: Նա փախչում էր ազնվական, քարսիրտ մարդկանցից հեռու, որոնց սպիտակ ձեռնոցների տակ կործանվել էր գեղեցկուհին:
«Նամուս», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Բրոուդիի ամրոցը», «Էլի մեկ զոհ», «Դիմակահանդես», «Պաղտասար աղբար», «Քաոս», «Ապուշը» ներկայացումներում եղել եմ սքանչելի դերասանուհու խաղընկերը:
Այսօր շատ բան է փոխվել... Դարձել է հուշ, պատմություն:
...Արագիլներն ամեն գարնան նորոգում են իրենց բույնը, բայց, ավա՜ղ, չկա նրանց ճախրանքով զմայլված բնության շենշող գեղեցկուհին, որ խոսի նրանց հետ:
ԳԵՎՈՐԳ ՉԵՊՉՅԱՆ, վաստակավոր արտիստ