<20014306.jpg>
Ներկայացվեց «Սերգեյ Փարաջանով. Նամակներ գաղութից» գիրքը
«...Գրում եմ դեկտեմբերի 17-ի նախօրյակին, այն ժամանակ, երբ լրանում է իմ դաժան մեկուսացման երեք տարին: Մնացել է երկու տարի: Կիեւի իմ տունն ավերակված է, իմ ֆիլմերը էկրաններից հանվել են, Թբիլիսիում մահացել է մայրս, խուզել են մորուքս եւ բեղերս: Ինձ վիրավորել են ու փակել փշալարերի եւ բետոնե պատերի ետեւում, կրկնահանցագործների, գողերի, նարկոմանների հետ... Արյունով պետք է փոխհատուցել գեղեցկության եւ հրաշալի գաղտնիքների գիտակցումների համար...»:
«... Գերագույն ուրախություն եմ ապրում, որ ապրում եմ, կամ: Եթե ինձ ազատ արձակեն, ապա այն ցավը, որ զգացի 720 օրվա ընթացքում, ես կարող եմ արտահայտել միայն տառապանքով... Ինձ ստիպեցին ապրել գողերի, հանցագործների աշխարհում, աշխարհ, որի կանոններին ծանոթ չէի եւ չեմ կարող ընդունել... Դրանք մուստանգներ են, որոնց ստիպում են անվերջ պարտքեր վճարել, բայց նաեւ չեն սանձահարում»:
Այս տողերը Սերգեյ Փարաջանովի բանտարկության վայրից գրված նամակներից են, նամակներ, որոնք դժվարությամբ ես կարդում, այնպես, ինչպես ժամանակին կարդացել ես Չարենցի «Երեւանի ուղղիչ տնից» կամ Սոլժենիցինի «Գուլագ» արշիպելագը»: Դաժանության, մարդուն հոգեպես ավերակելու մի ծրագիր է իրականացվել, որին ենթարկվում են նրանք, ովքեր ժամանակից ու միջավայրից փորձել են դուրս գալ, նրանք, որոնց համար հավերժական փառք է սահմանված ի վերուստ: Այդպես նաեւ Սերգեյ Փարաջանովի պարագայում: 1974-ի հունիսից մինչեւ 1977-ի դեկտեմբերն այսպիսի նամակներ գրեց քսաներորդ դարի մեծագույն ստեղծագործողներից մեկը, նա, որին տոտալիտար կարգը փորձում էր եթե ոչ կործանել, ապա գոնե «շարքի կանգնեցնել»: Բայց նաՙ Սերգեյ Փարաջանովը շարքի կանգնողներից չէր: Նա դուրս էր ամեն մի շարքից:
Կարդում ես այս նամակները եւ չես կարող չասել, որ մեծ գործ է արվել: Մեծ գործ:
«Սերգեյ Փարաջանով. Նամակներ գաղութից» գիրքը ներկայացվեց լայն ընթերցողին: Այն հրատարակվել է Հայաստանի ազգային ֆիլմադարանի եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի ջանքերով, Բաց հասարակության օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Գրքում ներառված են արվեստագետի գաղութից գրված 190 նամակները: Այս նամակներն արժեքավոր են ոչ միայն խիստ պատմագիտական, փաստագրական իմաստով, այլեւ խոսում են մարդու անկոտրում կամքի մասին:
Փարաջանովն իր նամակները մահից երեք տարի առաջ փոխանցել էր Գարեգին Զաքոյանին, որն էլ հրատարակման նախագիծն իրականացնելով, դրանք հանձնեց Փարաջանովի թանգարանին: Ինչպես նախագծի հեղինակը, այնպես էլ այդ նախագիծն իրականացնողներըՙ Զավեն Սարգսյանի գլխավորությամբ, հայ մշակույթի պատմության համար իսկապես մոնումենտալ մի գործ են արել:
ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ