«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2001-03-06 | #42, 2001-03-07 | #43, 2001-03-08


ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԱՀԱԴԱՇՏ

Այն, ինչ կատարվեց եւ կատարվում է, կարող է վտանգավոր դառնալ

Երկրի մշակութային կյանքում վերջերս տեղի ունեցան իրադարձություններ, որոնք անմիջապես ուշադրության արժանացան Առաջինը. ի վերջո կարողացան իրագործել կարեւորագույն մի խնդիրՙ Օհան Դուրյանին հեռացնելը: Ամեն ինչ արվեց քաղաքականության խաղերին հատուկ կանոնները պահպանելով: Հայաստանի ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի եւ գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանի միջեւ ծագած հակադրությունն այնպիսի վիճակի հասցվեց, որ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը «ստիպված» հեռացրեց Օհան Դուրյանին: Այդ իրադարձությունն անչափ նման էր մեկ տարի առաջ իրականացված Տիգրան Լեւոնյանի հարցի «լուծմանը»: Այն ժամանակ էլ հակադրվեցին երկու արժանի արվեստագետներ:

Ստացվում է այնպես, որ մեր մշակութային կյանքում հրաշալի իրականացվում են նման ծրագրերը:

Այժմ էլ նոր ծրագիր է իրականացվում. ամեն ինչ արվում է Հայաստանի պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանին եթե ոչ հեռացնելու, ապա գոնե վրդովվեցնելու, նրա եւ համույթի համատեղ աշխատանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու համար: Կրկին գործի է դրվում փորձված մեթոդը. ՀՀ մշակույթի նախարարությունը ոչինչ չգիտի, ոչ մի բանի համար պատասխանատու չէ: Ամեն ինչ արվում է ինչ-որ մարդկանց ջանքերով, ովքեր «շահագրգռված են հայ մշակույթի այսօրով ու վաղվանով»: Մամուլի ասուլիսներ են հրավիրվում, անասելի ծանր մեղադրանքներ են հնչում նրանց հասցեին, ովքեր հայ մշակույթի զարգացման համար մեծ գործ են արել եւ որոնք, սակայն, պետք է հեռանան:

Իր վերջին ասուլիսի ժամանակ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մի քանի հայտարարություններ արեց, որոնք արժանի են ուշադրության: «Վեճերը, իրար հասցված վիրավորանքները միշտ խանգարում են աշխատանքին, թատրոնում չկա անձնական խնդիր, այլ կա հնի ու նորի կռիվ, երբ ավագները դժվարությամբ են զիջում իրենց տեղը», ասաց նա: Իսկապես, միայն սա՞ է խնդիրը:

Եվս մեկ հայտարարություն. Գ. Գրիգորյանը ցավով նշեց, որ Ազգային օպերան ընդգրկված չէ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների ցանկում, սակայն թատրոնը կբեմադրի Մելիք Մավիսակալյանի եւ Մաքսիմ Մարտիրոսյանի «Տրդատ եւ Հռիփսիմե» գործը: Առնվազն տարօրինակ է այս դրությունը, երբ տասնամյակներ շարունակ հայ մշակույթի փառքերից մեկը եղած օպերային թատրոնը սոսկ հարակից մասնակից է ուզում դառնալ համաժողովրդական մեծ տոնին:

Անշուշտ, չի կարելի չնշել վերջին տարիների մշակութային ձեռքբերումները: Սակայն պետք է նաեւ անաչառ գնահատել իրավիճակը, առավել եւս, որ այդ իրավիճակը կողքից այնքան էլ փառավոր չի երեւում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ, անկախ փորձագետների կողմից պատրաստված Մարդկային զարգացման 6-րդ ազգային զեկույցում (ՄԶԱԶ-2000), որը կրում է «Մարդու իրավունքները եւ մարդկային զարգացումը» խորագիրը, Հայաստանի մշակութային իրավիճակը բնութագրվում է այսպես. «Արվեստի եւ մշակույթի գործիչների անբավարար կենսամակարդակը ստիպում է նրանց զբաղվել ոչ այնքան ստեղծագործական, բայց եկամտաբեր գործով: Շատերն էլ ստիպված լքում են երկիրըՙ դրանով նվազեցնելով երկրի ստեղծագործական ներուժն ու խոչընդոտելով մշակույթի զարգացմանը»:

Որքան էլ փորձենք չնկատելու տալ այս իրողությունը, այնուամենայնիվ այն կա: Եվ սրան գումարած անվերջ ինտրիգային իրավիճակների ստեղծումը մեկ այստեղ, մեկՙ այնտեղ: Մշակութային քաղաքականություն իրականացնելու հայեցակարգի բացակայությունը (թեեւ ասվում է, որ կա այդ հայեցակարգը, որի իրականացումը, սակայն, չի նկատվում) բավականին վտանգավոր սահադաշտ է ստեղծել: Ցանկացած անձ կամ կազմակերպություն յուրովի է գործում այդ սահադաշտումՙ աշխատելով միայն շահեկան դիրքում մնալ: Այսպես ամեն մեկն ըստ իր ճաշակի կամ ցանկության կարող է մշակութային արժեքների եւ մշակույթի համար մեծ գործ արած մարդկանց ճակատագրերը որոշել: Վկայությունը Օհան Դուրյանի հետ կատարվածն է եւ Պարի պետական համույթի հետ կատարվողը:

Ավերելով, ջնջելով առաջ են գնումՙ ոչինչ եւ ոչ մեկին չգնահատելով:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4