<20014402.jpg>
Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Գվիդո Վենտուրոնիի գլխավորած պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նրանք կարեւորել են Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրատլանտյան համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին: Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունըՙ ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ մասնակցությունը «Գործընկերությունՙ հանուն խաղաղության» ծրագրում: Նա վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականության այցը մեր երկիր եւ տեղի ունեցած քննարկումները մի նոր քայլ կլինեն այդ կազմակերպության հետ փոխգործակցության զարգացման ճանապարհին:
Պարոն Վենտուրոնին իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն է տալիս կովկասյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցությանը, եւ դա հատկապես կարեւորվում է Եվրատլանտյան տարածքում կայունության եւ անվտանգության առումով:
Զրուցակիցները միակարծիք են եղել, որ տարածաշրջանը բավականին հետաքրքիր է եւ ունի հսկայական ռեսուրսներ ու զարգացման հեռանկարներ:
Հյուրի խնդրանքով, խոսելով հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին, Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը պայմանավորված է տարածաշրջանային խնդիրներով: Այն առաջին հերթին իրավիճակը հավասարակշռող գործոն է, եւ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: