ԲԱՔՈՒ, 9 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ադրբեջանի «Ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Իխտիյար Շիրինը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, թե, հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Փարիզում նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին:
Ըստ այդ սկզբունքների, ընդգծվում է հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղը կստանա անկախ պետության կարգավիճակ, որը ձեւականորեն կապված կլինի Ադրբեջանի հետ, բայց դրանից հետո այն վերադարձնել Ադրբեջանի կազմի մեջ անհնարին կլինի: Բացի այդ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կկորցնի ավելի քան 70 բնակավայր: Իսկ ԵԱՀԿ- ի Մինսկի խումբը այդ սկզբունքներին համապատասխան կնախապատրաստի համաձայնագրի նախագիծ եւ այն կներկայացնի երկու պետությունների ղեկավարներին:
«Ազգային կոնգրես» կուսակցությունն այն կարծիքին է, որ փարիզյան հանդիպումների անարդյունք ավարտվելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հիմնավորված չեն: Փաստաթղթի հեղինակների կարծիքով, Ալիեւի այդ հայտարարությունների նպատակը հասարակայնությանը ոչ ճիշտ տեղեկատվություն տալն է, Ադրբեջանի շահերին հակասող սկզբունքները թաքցնելը եւ պատերազմի սպառնալիքով Ադրբեջանի ազգային շահերին հակասող համաձայնագրի ընդունմանը հասնելը: