«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2001-03-07 | #43, 2001-03-08 | #44, 2001-03-10


ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԷՐ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Վարդան Օսկանյան. «Մեր եվրոպական քաղաքականությունը չի կառուցվում ի վնաս հայ-իրանական հարաբերությունների»

Աթենքում Հայաստանի, Հունաստանի եւ Իրանի արտգործնախարարները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է երեք երկրների միջեւ տնտեսության, առեւտրի, հեռահաղորդակցության, արդյունաբերության, տեխնոլոգիաների, էներգիայի եւ զբոսաշրջության բնագավառներին: «Էներգիայի ոլորտը ամենակարեւորն է մեր երեք երկրների համար», մամլո ասուլիսում նշել է Հունաստանի արտգործնախարար Գ. Պապանդրեուն:

Հայ-հույն-իրանական հանդիպման ընթացքում առաջնային են եղել Իրանից Եվրոպա գազատար կառուցելու բանակցությունները: Իրանի արտգործնախարար Ք. Խարազին ասել է, որ Հայաստանն ու Իրանը «պետք է բնական գազի ոլորտում ավելի սերտ համագործակցեն»: «Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, թե Իրանից գազը Եվրոպա կառաքվի կամ Հայաստան-Վրաստան-Ուկրաինա, կամ Թուրքիա-Հունաստան երթուղով:

Եռակողմ հանդիպման շրջանակներում կայացել է Վ. Օսկանյանի եւ Ք. Խարազիի հանդիպումը: Քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հետաքրքրության հարցեր: ՀՀ արտգործնախարարն ասել է, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը բխում է երկու երկրների շահերից, շեշտել դրա կառուցումն արագացնելու անհրաժեշտությունը. «Հայ-իրանական համագործակցությունն ավելի է խորանում եւ դառնում առավել կոնկրետ: Հայաստանը եւ Իրանը չունեն քաղաքական տարաձայնություններ»: Ըստ Ք. Խարազիիՙ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը նպատակ ունի Հայաստանին ապահովել բնական գազով. «Երկրի միակ ատոմակայանը փակելուց հետո Հայաստանի համար բնական գազը կդառնա կենսական անհրաժեշտություն»:

Ապա Իրան-Հայաստան գազատարի շուրջ քննարկումը շարունակվել է Օսկանյան-Խարազի-Պապանդրեու հանդիպման ընթացքում: «Հունական կողմը ֆինանսավորել է խողովակաշարի նախագործարկման ուսումնասիրությունների աշխատանքները», նշել է Պապանդրեուն, ավելացնելով, թե Եվրամիության անդամ Հունաստանն ի վիճակի է նպաստելու Հայաստան-ԵՄ եւ Իրան-ԵՄ հարաբերությունների խորացմանը:

Հայաստան, Իրան, Հունաստան եռակողմ համագործակցությունը սկսվել է 1997 թ., եւ արտգործնախարարների մակարդակով աթենքյան հանդիպումը չորրորդն էր:

Հայաստանը, Իրանը եւ Հունաստանը բնական դաշնակիցներ են, եւ նրանց միջեւ երկկողմ եւ եռակողմ համագործակցության խորացումը բխում է ինչպես երեք երկրների կենսական, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության շահերից:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4