ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2001 թ. մարտի 13-14-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Իսպանիայի Եվրոպական հարցերով պետական քարտուղար Ռամոն դե Միգելը:
Այցը տեղի կունենա ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանիՙ 2000 թ. նոյեմբերին Իսպանիա կատարած պաշտոնական այցելության: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Ինչպես .հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, Ռ. դե Միգելի այցը Իսպանիայից Հայաստան մինչ այժմ կայացած ամենաբարձրաստիճան այցելությունն է եւ տարածաշրջանային բնույթ չունի: Իսպանիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերին, իսկ 1992 թ. հունվարին երկու երկրների միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: