Երկրորդ համաշխարհային պատերազմում, որին մասնակցեցին նաեւ հայերը, շատերը վիրավոր վիճակում կամ շրջապատման մեջ ընկնելով, ինչպես նաեւ թշնամու գերազանց ուժերին չկարողանալով դիմադրել, անկախ իրենց կամքից գերի դարձան:
Վերջացավ պատերազմը, հայրենիք վերադարձան նաեւ բոլոր գերիները, նաեւ նրանք, ովքեր եղել էին ռազմագերիների ճամբարներում: Բայց գերիներից ոչ ոք չգիտեր, որ հայրենիքում իրենց սպասում են պետական անվտանգության կոմիտեի, ներքին գործերի նախարարության բանտախցիկները, դաժան հարցաքննությունները, սիբիրյան աքսորավայրերը, անվստահությունը, ատելությունը, արհամարհանքն ու կասկածամտությունը:
Այսպես շարունակվեց երկար տարիներ, մինչեւ խրուշչովյան ձնհալի տարիներին վերաբերմունքը մեղմացավ:
Բայց ահա վերջերս գերմանահայ իրավաբան Ստեփան Թաշչյանի նախաձեռնությամբ Բեռլինում ստեղծվել է փաստաբանական գրասենյակ, որն իր ներկայացուցչական ենթաբաժինն ունի նաեւ Երեւանում: Այստեղի ներկայացուցիչ Թագուհի Անդրեասյանը ջանասիրությամբ ու հոգատարությամբ ռազմագերիներից ու նրանց հարազատներից ընդունում է փաստաթղթեր, կազմում անհատական գործ եւ ուղարկում է Բեռլինՙ Ստեփան Թաշչյանին, իսկ նա դրանք ներկայացնում է Գերմանիայի կառավարությանըՙ հայ ռազմագերիներին դրամական փոխհատուցում տալու համար:
Ինչ խոսք, այդ օգնությունը կարեւոր նշանակություն ունի, թե նյութապես եւ թե հոգեպես օգնում է նախկին ռազմագերիներին, որոնցից ամենաերիտասարդն այժմ 76 տարեկան է:
Դրամական օգնություն կարող են ստանալ նաեւ 1999 թվականի փետրվարից հետո մահացած գերիների հարազատները:
Արդեն հերթագրված են 350 ռազմագերիներ, որոնց գործերն ուղարկված են Բեռլին: Նկատի ունենալով, որ Հայաստանում շատերը հեռավոր շրջաններից մինչեւ այժմ չեն կարողացել ներկայացնել իրենց փաստաթղթերը, փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացված է մինչեւ ընթացիկ տարվա օգոստոս ամիսը:
Մնում է ավելացնել, որ մեր հանրապետությունում բնակվող նախկին գերիները եւ նրանց հարազատները շնորհակալություն են հայտնում մեր հայրենակից իրավաբան Ստեփան Թաշչյանին եւ նույն գրասենյակի Երեւանի ենթաբաժնի աշխատակցուհունՙ բարի ու սրտամոտ գործ կատարելու համար:
ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Պատերազմի մասնակից, երկրորդ խմբի հաշմանդամ, ժուռնալիստ