ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ալերգիայով տառապում է զարգացած երկրների բնակչության մոտ 50 տոկոսը: Կանխատեսումների համաձայն, նոր հարյուրամյակի սկզբում ալերգիայից առաջացած մահացությունները սպառնում են գրավել առաջին տեղըՙ առաջ անցնելով սրտանոթային եւ ուռուցքային հիվանդություններից: Ընդ որում, հիվանդների թիվը յուրաքանչյուր 20 տարում կրկնապատկվում է. պատճառը քաղաքակիրթ աշխարհում գերակշռող արհեստական, հատկապես քիմիական տարրերն են:
Երեւանի ալերգոլոգիայի եւ կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի ղեկավար Սպարտակ Ղամբարովի գնահատմամբ, Հայաստանում ալերգիկ երեւույթները տարածված են բնակչության 10-20 տոկոսի շրջանում: Նրա խոսքերով, պատճառներից մեկն այն է, որ հայաստանյան շուկայում չի իրականացվում սննդամթերքների եւ լայն սպառման ապրանքների (հատկապես դիմահարդարանքի պարագաներ) ստուգումներ, մինչդեռ որոշ սննդային հավելումներ ու ներկանյութեր կործանարար ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա: Հայաստանում իբրեւ ալերգիայի տարատեսակ լայն տարածում ունի նաեւ բրոնխիալ ասթման, որն արտահայտվում է սեզոնայնությամբ եւ պայմանավորված է լեռնաշխարհի ֆլորայի յուրահատկությամբ: