«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2001-03-07 | #43, 2001-03-08 | #44, 2001-03-10


ՄԱՐՏԻ 12-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԱՌԱՋԻՆ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի կապակցությամբ սպասվող ուխտավորների ու զբոսաշրջիկների հոսքի ամենաեռուն շրջանը ենթադրվում է հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն այսօր արդեն որոշ մասնավոր տուրիստական գործակալություններ սպասում են խմբերի:

Այսպես, «Պրանա տուր» գործակալությունից տեղեկացրին, որ ուխտագնացների առաջին խումբն արդեն Հայաստան կժամանի մարտի 12-ինՙ Իտալիայից: Գործակալության տնօրեն Գոհար Ալեքսանյանի խոսքերովՙ միայն այդ երկրից սպասվում է հաջորդաբար 5 խմբի այց: Խմբերի այցը կազմակերպվում է իտալական «Mestral Tour Int» ընկերության հետ համագործակցությամբ: Նմանապես, լեհական «Լոգոս տուր» մասնավոր տուրիստական ընկերության հետ համատեղ սպասվում է 4 խմբի այց: «Լոգոս տուրի» հետ համագործակցությունը սկսվել է անցյալ տարեվերջինՙ Պոզնանում անցկացրած «Տուր Սալոն 2000» ցուցահանդեսին մասնակցելիս: «Պրանա»-ի նախնական հաշվարկներով այս տարի միայն իրենց կապերով ու պայմանավորվածություններով Հայաստան կայցելեն մինչեւ 1500 տուրիստներ: Ըստ տնօրենի, իրենք ուխտագնացության տուրեր են իրականացնում 1997 թվականից: Միայն անցյալ տարի «Հայաստանը որպես հոգեւոր խաչմերուկ» տուրին մասնակցել է մոտ 300 զբոսաշրջիկՙ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից, այդ թվումՙ եվրոպական ու ասիական երկրներից բացի նաեւ Ճապոնիայից, Իսրայելից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Ուրուգվայից, Մեքսիկայից եւ այլն: Արդեն իսկ հստակ պայմանավորվածություններ կան նաեւ մի քանի հայ համայնքների հետՙ սփյուռքահայերի խմբեր կազմակերպելու համար:

Գ. Ալեքսանյանի կարծիքով, տոնակատարությունների մասնակցությունը, եկեղեցիներ այցելություններն իրենց տուրերի գլխավոր մասն են կազմում, սակայն միայն դրանով հնարավոր չէ բավարարել տուրիստին, նրան պետք է ուղեկցել նաեւ այլ տիպի հաստատություններ, հետեւաբար, ուխտագնացությունները պետք է ներառեն ամեն ինչ: Ուխտագնացությունը ներառում է մի քանի գաղափարՙ Հայաստանն իբրեւ բիբլիական սուրբ հող, քրիստոնեության օրրան, աշխարհի համար գիտության ու մշակույթի գլուխգործոցների բաց թանգարան եւ, վերջապես, անաղարտ ու էկոլոգիապես մաքուր բնության երկիր, որի հետ շփումը վերականգնում է կյանքի էներգիանՙ պրանան: Նման տուրերի ընթացքում գիդերի հետ զբոսաշրջիկներին ուղեկցում են նաեւ բիոթերապեւտներ, հոգեբաններ, բիոլոկացիայի օպերատորներ:

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, «Պրանա»-ի տնօրենի կարծիքով, կա մի մտավախություն: 1700-ամյակը, ճիշտ է, մեր բոլորի տոնն է, սակայն մի լուրջ խնդիր կա: Ստացվում է այնպես, որ մեր ամբողջ ժողովուրդն է պատրաստվում ընդունել հյուրերին: Յուրաքանչյուր մարդ, համատարած գործազրկության պայմաններում, այս տարի ակնկալում է ինչ-որ գործՙ օգտագործելով իր կարողությունները. մեկըՙ օտար լեզվի իմացությունը, մյուսըՙ խորտիկներ պատրաստելու կարողությունը, մեկ ուրիշըՙ իր բնակարանը, ուրիշներըՙ սեփական տրանսպորտային միջոցը եւ այլն: Վախ կա, որ այդ երեւույթը շատ կվնասի պրոֆեսիոնալ տուրիզմին ու տուրիստների մեջ որոշ սխալ պատկերացումներ առաջ կբերի: Գ. Ալեքսանյանի առաջարկությունը հետեւյալն է. «Տուրիզմի ծառայություններով պետք է զբաղվեն միայն լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները»:

Գ. ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4