Վերջին ժամանակներս մամուլում հաճախակի է հոլովվում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հրաժարականի մասին լուրը: Իսկությունը պարզելու նպատակով «Ազգի» թղթակիցը դիմեց կառավարության մամլո ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանին, որը բառացիորեն ասաց հետեւյալը. «Տարածվող լուրերը մոգոնվում են ինչ- ինչ ուժերի կողմից: Ըստ երեւույթին, ոմանք շահագրգռված են Արցախում ներքաղաքական մթնոլորտի արհեստական սրմամբ, ուստի փորձում են ամեն կերպ տարաձայնություններ «գտնել» ԼՂՀ նախագահի ու վարչապետի միջեւ: Դա, իմ կարծիքով, ավելի հեռու գնացող նպատակներ է հետապնդում:
Վարչապետ Անուշավան Դանիելյանի հրաժարականի թեման առաջին անգամ չէ, որ արծարծվում է, սակայն միշտ էլ շահարկող ուժերը հուսախաբ են եղել: Այս անգամ էլ դարձյալ նույնը կլինի: Ընդհանրապես, վարչապետը հրաժարական տալու մտադրություն չունի, իսկ նրա, այսպես կոչված, հրաժարականի դիմումը ԼՂՀ նախագահինՙ պարզապես նույն այդ ուժերի կողմից ցանկալին իրողություն տեսնելու փորձ է:
Ինչ մնում է Ա. Դանիելյանի Շվեյցարիա մեկնելուն, որի մասին նույնպես ամենատարբեր մեկնաբանություններ են արվում, ասեմ, որ վարչապետը Ժնեւ է մեկնել Շվեյցարիայի գործարարների միության հրավերովՙ մարտի 10-ին այնտեղ կայանալիք ներդնողների եւ գործարարների միջազգային համաժողովին մասնակցելու: Ա. Դանիելյանը Ժնեւում նաեւ հանդիպումներ կունենա շվեյցարացի խոշոր ձեռնարկատերերի եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ»:
Եղիշե ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ