Հայաստանում քրիստոնեության պետականորեն հռչակման 1700-ամյակի առթիվ տեղական միջոցառումների հարուստ ծրագիր է մշակել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը:
Միջոցառումները կսկսվեն մարտի 8-ից ապրիլի 7-ն անցկացվող մայրության եւ գեղեցկության արդեն ամենամյա միամսյակով եւ կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում: Խոր Վիրապում «Տրդատի անտառի» հիմնմանը քաղաքի երիտասարդության մասնակցությունից բացի, Գյումրիում «Ջրի՚ր քո ծառը» նշանաբանով կանցկացվի ծառատունկ, որով հիմք կդրվի ընկուզենու այգու: Մայիսի 26-ին կկազմակերպվի «Իմ հայրենյաց որդի Վարդան» համաքաղաքային տոնակատարությունՙ նվիրված Ավարայրի հերոսական ճակատամարտի 1550-ամյակին: Ամռան սկզբներին անցկացվելիք դուդուկահարների մրցույթ-փառատոնին կմասնակցեն հանրապետության եւ սփյուռքի մեծ թվով երաժիշտ-կատարողներ: Նկատի ունենալով տարվա ընթացքում զբոսաշրջիկների ակնկալվող մեծ հոսքը, ծրագրվել է նաեւ «Գյումրին իր բարերարներին» նշանաբանով միջոցառումների շարք, որով քաղաքն իր երախտագիտությունը կհայտնի երկրաշարժից հետո իրեն ձեռք մեկնած կամ այժմ էլ օգնող բարերարներին: Նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացնել Գյումրի քաղաքի օր եւ դարձնել ավանդական:
1700-ամյակի տոնակատարությունները նաեւ կոչված են նպաստելու մեր մեջ քրիստոնեական հավատքի զորացմանն ու ազգային ոգու ամրապնդմանը: Այս տեսակետից խոստանում են բավականին հետաքրքիր ու բովանդակալից լինել անցկացվելիք «Վարդավառ» ժողովրդական տոնախմբությունը, «Թարգմանչաց տոնը»: Իսկ «Սեւակ» պոեզիայի թատրոնի հոբելյանական մեծամասշտաբ ներկայացումը կլինի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» անմահ պոեմը, որի բեմադրությանը կաջակցեն քաղաքապետարանն ու Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդարանը: Այն կնվիրվի նաեւ միջնադարի մեծ մտածողի ծննդյան 1050-ամյակին: Գ. Մ.