«20-րդ դարը հայերի համար Թուրքիայում սկսվեց ցեղասպանությամբ: Եվ նույն 20-րդ դարը հայերի համար Թուրքիայում ավարտվեց Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ու պարի պետական անսամբլի հաղթանակով»:
Օրերս այսպես ավետեց «Կայմ» հեռուստաընկերության «Բոհեմ» ծրագիրը: Սա պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սուրեն Չանչուրյանի հետ հարցազրույցի հաղորդավարական տեքստի ռեզյումեն էրՙ արված ազդեցիկ-հանդիսավոր ձայնով:
Վերջերս շատ է խոսվում մեր եթերի մաքրության մասինՙ թե գաղափարների, թե խոսք ու բառի եւ թե մայրենի լեզվի առումներով: Եվ, իրապես, լինում են ամոթալի խեղաթյուրումներ, որոնց մասին լռելն արդեն իսկ ամոթ է: Տվյալ պարագայում խրոխտ ձայնը, մեղմ ասած, միանգամայն անհարկի էր խրոխտացելՙ հավասարման նշան դնելով հայ ժողովրդի ողբերգության, որն անժամկետ է, եւ մշակութային նշված ժամկետավոր երեւույթների միջեւ: Նաեւՙ անպատկառորեն նույն կշեռքի տարբեր, միմյանց իբր հավասարակշռող նժարներին դնելով ազգային աղետը եւ ոչ ազգային նվագարաններովՙ սինթեզատորով եւ ակորդեոնով ուղեկցված պարը: Արդյունքումՙ ժողովրդին հրամցված ազգային պատմության ու ճակատագրի եւ մշակութային արժեքների խեղաթյուրում:
Այսօր, երբ համայն աշխարհի բարի կամքի տեր մարդկանց ու պետությունների ջանքերով տակավին նոր են արվում Հայոց ցեղասպանությունն ընդունելու պաշտոնական քայլերը, առավել անպատեհ է չափել եղերական անանց ողբերգությունը թուրքերին եւ թուրքահայությանը մատուցված, հայկական ազգային մշակույթի հետ բացառապես առնչություն չունեցող ակորդեոնով եւ սինթեզատորովՙ իբրեւ «հայի ոգու հաղթանակ»:
Գիտակցենք նաեւ, որ մշակութային եւ ոչ մի երեւույթ ի վիճակի չէ մխիթարանք ու հատուցում դառնալու մեր ազգային հոգու եւ մարմնի պատմական, այժմ եւ միշտ նույնքան էլ արդիական տվայտանքներին, որոնք ահա շուրջ ութսուն տարի ծնվում են յուրաքանչյուր մանկան հետ:
Բացի այդ, միանգամայն անպատեհ է եւ ո՚չ արդարացի պարի անսամբլի պարողի եւ աշխարհաճանաչ Հովհաննես Չեքիջյանի միջեւ հավասարման զուգահեռ անցկացնելը, այս դեպքումՙ կշեռքի նույն նժարին դնելով երկու հիշյալ կոլեկտիվների ղեկավարների անունները: Առավել եւս, հայտնի փաստ է, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հյուրախաղերը Թուրքիայում կայացել են դեռեւս 1997-ին եւ ոչ մի առումներով կապ չունեն 2000 թ. Ստամբուլում պարի պետական անսամբլի ելույթների հետ:
Բառն ունի հզոր ուժ, այն կարող է մարդուն ե՚ւ ապրեցնել, ե՚ւ նույնքան հաջողությամբ էլ սպանել, հետեւաբարՙ անհրաժեշտ է զգալ լեզվի ոսկորըՙ քո ներքին վերահսկողությունը, զգուշորեն եւ վերին պատասխանատվությամբ օգտագործել ամեն բառ, ազգային զուգահեռներումՙ առավել եւս չափ ու չափանիշ ունենալ:
«Կայմ» բառը նշանակում է բարձր եւ ուղիղ սյուն: Կցանկանայի, որ «Կայմ» հեռուստաընկերությունը երբեք չթեքվեր ճշմարտությունից, չկռանարՙ արժանի լինելու իր անվանը:
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ