Այս եւ այլ հարցերի պատասխանը կտա հանրապետության ջերմամատակարարման ռազմավարությունը
Հայաստանի ջերմամատակարարման համակարգը հայտնվել է ծայրահեղ վատ վիճակում եւ պահանջում է հրատապ լուծումներ: Տարինների ընթացքում էներգետիկ ճգնաժամի, ֆինանսական միջոցների ու համակարգում անհրաժեշտ ներդրումների, տեխնիկական թարմացման, ենթակառույցների բացակայության, վարձավճարների հավաքման հստակ մեխանիզմների բացակայության պատճառով համակարգում վիճակը տարեցտարի վատանում է: Եվ, ի վերջո, ո՞րն է Հայաստանի համար ամենաընդունելի ջերմամատակարարումըՙ կենտրոնացվա՞ծ, անհատակա՞ն, պետակա՞ն, թե՞ մասնավոր: Այդ հարցերի պատասխանը կտա ՀՀ կառավարության կողմից մշակվող հանրապետության ջերմամատակարարման ռազմավարական ծրագիրը, որը պատրաստ կլինի աշնանը, այսինքնՙ հաջորդ ձմռան շեմին: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Մերուժան Միքայելյանը, ստեղծվել է «Ջեռուցման համակարգեր» ծրագրի իրականացման գրասենյակ, որն էլ զբաղվելու է ջերմամատակարարման հետ կապված համալիր խնդրով: Աշխատանքներն իրականացվում են ճապոնական կառավարության տրամադրած մոտ 600 հազար դոլարի դրամաշնորհի միջոցով, իսկ Համաշխարհային բանկն աջակցում է խորհրդատվությամբ: Ընդհանրապես պրն Միքայելյանը ծրագրի իրագործման նախաձեռնությունը համարում է քաջություն, քանի որ համակարգը խնդիրների մի մեծ կծիկ է եւ պահանջում է հնարավորինս ճիշտ լուծում, նաեւՙ հսկայական ներդրումներ: Այսպես, ըստ նախնական հաշվարկների, միայն Երեւանում կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնման համար 20- 25 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ, իսկ ապակենտրոնացվածի համար դեռեւս նման գնահատական չկա: Ըստ էության անցյալ տարիներին համայնքները գրեթե ոչինչ չեն կարողացել անել համակարգը ոչ միայն զարգացնելու, այլեւ պահպանելու ուղղությամբ, այստեղից էլ բխել է համապարփակ ծրագրի գաղափարը: Նախկինում հանրապետության 55 բնակավայր տարբեր կենտրոնացվածության աստիճանով ջերմամատակարարվում էր, իսկ այսօր դրանց թիվը 8-ն է: Եթե նախկինում կենտրոնացված ջեռուցման համակարգեր ունեին բնակարանների 35 տոկոսը, ապա այսօրՙ ընդամենը 10 տոկոսը:
Քանի որ համակարգն ունի արմատական լուծումների կարիք, ըստ պրն Միքայելյանի, անհրաժեշտ է ինչպես միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու խորհրդատվությունների աջակցությունը, խորհրդատվությունը, այնպես էլՙ համայնքների, տարբեր տեղական հասարակական կազմակերպությունների: Հենց այդ պատճառով էլ մարտի 7-ի սեմինարին հրավիրվել էր հետաքրքրվածների հնարավորինս լայն շրջանակՙ տարբեր առաջարկություններ ներկայացնելու ակնկալիքով: Սեմինարի գրեթե բոլոր մասնակիցները կարեւորեցին անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, վարձավճարների հավաքման ամենաընդունելի ու հստակ մեխանիզմը, քանի որ ջերմամատակարարումը կոլեկտիվ ձեւով է իրականացվում, հետեւաբար լուծումը պետք է լինի համակողմանի, առաջին հերթինՙ սպառողի տեսանկյունից: Նշվեց նաեւ մեզանում մի շատ կարեւոր դարձած խնդիրՙ կոլեկտիվ մտածողության բացակայությունը, որի պատճառով հաճախ վարձավճարների հավաքագրումը, կոլեկտիվ ձեւով համակարգի պահպանումը դառնում է շատ դժվար: Պրն Միքայելյանը նույնիսկ կատակեց. «Հայերս թանկ ապրող ազգ ենք, բայց կարող ենք ընդհանուր լուծումներ գտնել: Օրինակ, սպորտում, անհատական մարզաձեւերում նվաճումներ ունենք, սակայն կոլեկտիվ խաղերում միշտ չէ, որ հաջողում ենք»: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթն էլ իր հերթին նշեց. «Սա այն բնագավառն է, որտեղ հայերն իրենք պետք է լավագույն լուծումը գտնենՙ քննարկումներ ծավալելու, համագործակցության միջոցով, ենթակառուցվածքներ ստեղծելով: Պետք է որոշում կայացվի, թե ո՞ր մասն է մնալու պետական հովանու ներքո, ո՞րըՙ մասնավոր, ո՞ր մասն է լինելու կոոպերատիվ, ո՞վ է իրականացնելու կառավարումըՙ կառավարությո՞ւնը, համայնքնե՞րը, քաղաքապետարաննե՞րը եւ այլն»: Ամենաանկեղծը, սակայն, ՀԲ ներկայացուցչի հետեւյալ խոսքն էր. «Հայաստանը այն երկիրը չէ, որը կարող է առանց ջեռուցման ապրել»:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ