«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2001-03-07 | #43, 2001-03-08 | #44, 2001-03-10


ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԵՏՔ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ

ԱՄՆ-ը ծրագրում է Հյուսիսային Իրաքում ստեղծել Քուրդիստան անունով անկախ պետություն

ԱՄՆ նոր վարչակազմի հիմնական խնդիրը կդառնա ամերիկյան բիզնեսի եռանդուն, եթե չասենք ագրեսիվ պաշտպանությունը, պատկերավոր ասածՙ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ առաջնային կլինի միայն եւ բացառապես գեոէկոնոմիկան: Ակնհայտ է, նման սկզբունքը հատկապես այժմեական նշանակություն ունի այսպես կոչված «հումքային» տարածաշրջաններումՙ Մերձավոր Արեւելք եւ Կասպիցի ավազան: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կլինեն ուշադրության կենտրոնում: Ակնհայտ է, էներգակիրների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով ԱՄՆ-ը կփորձի վերահսկողության տակ առնել Եվրոպա-Ռուսաստան-Կասպիցի ավազան-Մերձավոր Արեւելք առանցքն ամբողջ երկարությամբ: Մի կողմից, Վաշինգտոնը կփորձի կայուն պահել այս առանցքը, մյուս կողմից, եւ դա են պնդում ամերիկացի փորձագետները, առանցքի յուրաքանչյուր տարրի նկատմամբ կտանի ճնշման մեխանիզմները պահպանելու, առանցքի ամեն հատվածում ներքին լարվածության պահպանման քաղաքականություն: Վաշինգտոնին այս առումով ձեռնտու է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ պահպանել հավասարակշռությունը, հարկ եղած դեպքումՙ օժանդակել նրանցից որեւէ մեկին, որպեսզի «ստատուս քվոն» չխախտվի:

Հետաքրքրական է Թուրքիայի դիրքորոշումը: Մի կողմից, Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ տանում է ռազմաքաղաքական ու տնտեսական հովանավորչության քաղաքականություն: Անշուշտ, ԱՄՆ-ի համար Թուրքիան անփոխարինելի է Միջերկրական ծով-Միջին Արեւելք- Մեծ Կովկաս-Կենտրոնական Ասիա գերտարածաշրջանում հաստատվելու առումով: Մյուս կողմից, Վաշինգտոնը խիստ անհանգստացած է Անկարա-Բաղդադ սիրախաղերից, ինչպես նաեւ Անկարայի եւ Թեհրանի միջեւ նկատվող «մահմեդական եղբայրությունից»:

Թուրքական «Էդենլիկ» ամսագիրը, հղում անելով զինվորական իրազեկ աղբյուրներին, գրում է, թե ԱՄՆ-ը պատրաստվում է Իրաքի հյուսիսում ստեղծել անկախ Քուրդիստան: Ամսագիրը նշում է, թե Զախո եւ Իրբիլ քաղաքներում արդեն գործում են ամերիկյան ռազմական առաքելություններ: Վաշինգտոնը հատկացրել է 2 մլրդ դոլար ապագա պետության բանակի կազմավորման համար, որի կորիզը կկազմեն Մասուդ Բարզանիի գլխավորած Քուրդիստանի դեմոկրատական միության եւ Ջալալ Թալաբանիի ղեկավարած Քուրդիստանի հայրենասիրական միության մարտիկները: «Քուրդ մարտիկները ռազմական պատրաստություն կանցնեն Իսրայելում եւ Կիպրոսի բրիտանական ռազմաբազայում: Իրաքի հյուսիսումՙ Քուրդիստանում, կկառուցվեն ռազմական հինգ օդակայաններ», գրում է «Էդենլիկը»: Թուրքիան դեմ է նման ծրագրին, կարծելով, որ ԱՄՆ-ի այդ քայլն ուղղված է Բաղդադիՙ Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատվող զարգացման միտումներով, ինչպես նաեւ իրաքյան նավթիՙ հարեւան երկրներ առաքելուն: 1998 թ. սեպտեմբերին Վաշինգտոնի միջնորդությամբ Բարզանին եւ Թալաբանին ստորագրեցին միմյանց միջեւ հաշտության եւ Իրաքի հյուսիսային երեք շրջաններում համատեղ ղեկավարության իրականացնելու համաձայնագիր: Թուրիքան նաեւ մտահոգ է, որ ԱՄՆ-ի ձեռքում Քուրդիստանը կդառնա իր դեմ ճնշման գործիք:

Ի դեպ, ԱՄՆ-ը նման օրինակ արդեն կիրառում է Հարավային Կովկասում: Խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին է, որը Հարավային Կովկասում առանձին ռազմաքաղաքական գործոն է: ԱՄՆ-ը պետբյուջեից առանձին տողով ուղիղ օգնություն է տրամադրում ԼՂՀ-ին, բազմիցս Ստեփանակերտ է ուղարկել ամերիկյան դիվանագիտական առաքելություններ, ԼՂՀ տարածքում իրականացնում է լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական ծրագրեր: Վաշինգտոնը պարզ հասկանալ է տալիս, որ շահագրգիռ է ԼՂՀ-իՙ տարածաշրջանային առանձին միավորի պահպանմամբ: ԱՄՆ-ը ԼՂՀ-ն համարում է Հարավային Կովկասում ձեւավորված ռազմաքաղաքական ուժերի միջեւ հավասարակշռության պահպանման անբաժանելի մաս: Պետք է նշել, որ արդեն տասը տարուց ավելի դե ֆակտո անկախ ԼՂՀ-ն ԱՄՆ-ի ձեռքում Ադրբեջանի նկատմամբ ճնշման կարեւոր գործոն է, իսկ Ադրբեջանն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ կարեւորվում է հենց նավթային գործոնով:

Ըստ ռուսական մամուլի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4