«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2001-03-07 | #43, 2001-03-08 | #44, 2001-03-10


ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

<20014401.jpg>

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ եւ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն այսօր Երեւանի թատերարվեստի ինստիտուտի մեծ դահլիճում կազմակերպված հանդիպմանը պատմեց վերջին շրջանի իր հանդիպումների, «Սերը եւ ճագարները» ներկայացման, նրանում ընդգրկված արտիստների մասին:

Արտիստի խոսքերով, ինքն ինչպես մորն է հիշում, իսկ հիշում է ամեն օր, այնպես էլ Հայաստանը, որտեղ ամեն անգամ գալիս մի անմեկնելի լիցք է ստանում, որը մաքուր թթվածնի նման իրեն պահում-պահպանում է հայրենիքից հեռու:

Թատրոնի եւ կինոյի մեծանուն վարպետը ծնվել է Երեւանում: Մայակովսկու անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտիՙ Վավիկ Վարդանյանի դասարան, մի հաստատություն, որը մեր բեմարվեստին տվել է Մետաքսյա Սիմոնյան, Ֆրունզե Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան եւ այլ նշանավոր անուններ:

Ջիգարխանյանը երախտագիտությամբ հիշեց Վավիկ Վարդանյանի անունը եւ շնորհակալություն հայտնեց իր թատրոնի ներկա հյուրախաղերի նախաձեռնող, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանինՙ իր մասին բեմադրած վավերագրական ֆիլմի համար:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը խոսելով ջիգարխանյանական կերպարների մասին, մասնավորապես հիշեց «Եռանկյունի» ֆիլմում կատարած համատեղ աշխատանքը: «Ջիգարխանյանի բոլոր դերակատարումների հիմքում հայկականն է հնչում», ասաց Սոս Սարգսյանըՙ նրան գնահատելով որպես «հանճարեղ դերասան»:

Ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ջիգարխանյանի մասին պատմող ֆիլմը, որից հետո արտիստը պատասխանեց ինստիտուտի ուսանողների եւ լրագրողների հարցերին: Նա գոհունակություն հայտնեց երեւանցի իր հանդիսատեսների, իր սիրած քաղաքի, իր բարեկամների եւ ընկերների հետ հանդիպման առնչությամբ: Արմեն Ջիգարխանյանը նշեց, որ ներկա կարճատեւ ուղեւորությանը հաջորդելու է երկարատեւը, քանի որ առաջիկայում ֆրանսահայ ռեժիսոր Նարեկ Դուրյանը բեմականացման մեծ ծրագիր է ներկայացնելու, որին հրավիրել է մասնակցելու նաեւ իրեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4