«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2001-03-07 | #43, 2001-03-08 | #44, 2001-03-10


ՍԱ ՋՈՒՆԳԼԻ՞ Է

<20014403.jpg>

Կրկին Օհան Դուրյանի մասին

Ռուսական մի ասացվածք կա. «Մենք այնքան շատ ենք, որ ինքներս մեզ համար կարող ենք պրոբլեմներ ստեղծել, որպեսզի հետո հերոսաբար պայքարենք դրանց վերացման համար»: Սա ռուսների համար գուցե ընդունելի կամ տանելի է: Բայց անհեթեթությունն այն է, որ մենքՙ հայերս ենք հետեւում այս խոսքերին: Վկայությունը մեր երկրում վերջին օրերին կատարվող իրադարձություններն են, որոնք վերաբերում են մշակութային ոլորտներին, թեեւ կատարվածը բնավ մշակութային երեւույթ չես համարի:

Համառորեն ու սիստեմատիկաբար պայքար մղվեց Օհան Դուրյանի դեմ: Գործադրվեցին բոլոր միջոցները Օհան Դուրյանին դուրս մղելու եւ մեկուսացնելու համար: Այս ամենի վերջնակետն առայժմ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության 2001 թ. փետրվարի 28-ի կոլեգիայի նիստն է, որի ընթացքի եւ ընդունած որոշման մասին սուղ տեղեկություններ ստացան զանգվածային լրատվության միջոցները: Միայն այն իմացվեց, որ մաեստրո Օհան Դուրյանի հետ 1999 թ. հունիսի 29-ին կնքված պայմանագիրը (ըստ որի Օհան Դուրյանը ցմահ նշանակվում է օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական մասի ղեկավար, ղեկավարում է օպերայի եւ բալետի թատրոնի նվագախումբը, կազմակերպում ու գլխավորում է նոր եւ նախկինում ստեղծված երաժշտական ծրագրերի եւ ներկայացումների նախապատրաստման աշխատանքները, ինքնուրույն է իր ստեղծագործական գործունեությունն իրականացնելիս, կայացնում է որոշումներ նվագախմբի եւ երաժշտական հարցերի վերաբերյալ.) լուծարվեց, եւ Օհան Դուրյանը հեռացվեց Ազգային օպերայի գլխավոր դիրիժորի եւ երաժշտական ղեկավարի աշխատանքից:

Ամենատարբեր կարգի մեկնաբանություններ եղան այս իրավիճակը գնահատելիս: Սակայն շատ բան էլ մութ է մնում: Եվ գուցե դա էր պատճառը, որ երեկ Ազգային օպերային թատրոնի աշխատասենյակներից մեկում, որի մուտքի վերեւում փակված է «Մաեստրո Օհան Դուրյան» մակագրությունը, հրավիրված մամլո ասուլիսին անչափ շատ ժուռնալիստներ էին եկել: Ցավալին այն էր, որ մամլո ասուլիսին հիմնական տոն տվողները ոչ թե արվեստի մարդիկ էին, այլ. իրավաբաններՙ փաստաբաններ:

Նախ ցուցադրվեցին կադրեր Հայաստանի Ազգային օպերայի բեյրության վերջին հյուրախաղից, որի ժամանակ դահլիճը գերազանց է ընդունում Օհան Դուրյանի եւ օպերային թատրոնի կատարումը: Այնուհետեւ մաեստրոյի կինըՙ Ալիս Դուրյանը, ներկաներին ծանոթացրեց ստեղծված իրավիճակին (այս մասին «Ազգում» հրապարակում արդեն եղել է):

Երաժշտասեր, Օհան Դուրյանի արվեստի երկրպագու Վահան Վարդապետյանը ստեղծված իրավիճակը գնահատեց տխուր եւ ամոթալի: «Ես գիտեմՙ մաեստրոն չի հարմարվել, չի հարմարվում եւ չի հարմարվելու արվեստի անորակ դրսեւորումներ նկատելիս»: Օհան Դուրյանի հետ կատարված այս բոլոր իրադարձությունների մեղավորը, ըստ Վահան Վարդապետյանի, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ղեկավարներն են: «Եթե նախարարությունը տեր կանգներ իր իսկ ստորագրած պայմանագրին, որում պարզորոշ ու հստակ նշված են երկու կողմերի պարտականությունները եւ իրավունքները, եթե նախարարությունն իսկապես մտահոգված լիներ հայ մշակույթի զարգացմամբ, ապա ամեն մի հայ արվեստագետ իր կարողությունների չափով կծառայեր իր ժողովրդին»:

Փաստաբան Լուսինե Բարգումյանին, որը նույնպես ներկայացնում է Օհան Դուրյանի շահերը, պարզապես զարմացրել էր ՀՀ մշակույթի նախարարության կոլեգիայի նիստը: «Ըստ մեզ հասած տեղեկություններիՙ կոլեգիայի նիստը պետք է քննարկեր օպերային թատրոնում ստեղծված իրավիճակն ընդհանրապես: Սակայն նախապես մշակված սցենարն անմիջապես զգացվեց, որովհետեւ քննարկվեց լոկ մաեստրո Օհան Դուրյանի հարցը: Կոլեգիային հրավիրվել էին նախապես ընտրված մարդիկ, որոնք սկսած դեռ 60-ական թթ.-ից ինչ-որ ձեւով, ինչ-որ բանի համար վիրավորվել են մաեստրոյի խոսքերից: Եվ հրավիրված վիրավորվածները հերթականությամբ ներկայացնում էին, թե երբ, որ տարին, որ օրն են իրենք վիրավորվել մաեստրոյից: Իսկ այն բուն պատճառները, որոնք ստեղծվել են օպերային թատրոնում, չքննարկվեցին: Այստեղ կուտակված բոլոր թերությունները, լինեն դրանք կազմակերպչական կամ եթե գալիս են հենց գեղարվեստական ղեկավարի վատ աշխատանքից, բարդվել են Օհան Դուրյանի վրա»:

Սկսած փետրվարի 28-ից Օհան Դուրյանի շահերը բոլոր ատյաններում եւ կազմակերպություններում ներկայացնելու է փաստաբան Տիգրան Ջանոյանը: Ճանաչված փաստաբանն արդեն ծանոթ է այս «գործին» (որքան էլ անհեթեթ է հնչում, բայց «Օհան Դուրյանի գործ» է արդեն ստեղծվել եւ այստեղ իրավաբաններն են տեր ու տնօրինություն անելու):

- Փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված կոլեգիայի նիստը հիշաչարության, մաեստրո Օհան Դուրյանի նկատմամբ հրահրվող հաշվեհարդարի սցենար ունենալու մի փոքրիկ միջոցառում էր, ունենալով նախօրոք որոշված մեղավոր անձըՙ Օհան Դուրյանը, ասաց Տիգրան Ջանոյանը: Ամեն ինչ նախապես լուծված էր, եւ այդ օրն այդտեղ պետք է սոսկ արարողակարգը կատարվեր: Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ մշակույթի նախարարության մեղքով օպերային թատրոնում բացակայում է տնօրինությունը: Այս փոքր, մանր-մունր, ներհիմնարկային, աշխատանքային խնդիրներն ինչո՞ւ երբեւէ քննարկման առարկա չեն դարձել հենց տնօրինությունում: Չգիտես ինչուՙ տնօրինությունը դուրս է մղվել, եւ նրա փոխարեն հանդես է գալիս մշակույթի նախարարությունը: Այս ամենից հետեւում է, որ նախարարությունը կողմ է դառնում Օհան Դուրյանի դեմ մղվող պայքարին եւ ունի իր կանխակալ կարծիքը խնդրի հետագա փուլերի լուծման համար: Տեսեք, թե ինչ է պարզվում. փոխանակ լսվեր օպերային թատրոնում ստեղծված իրավիճակը բարելավելու, ստեղծված կնճիռները վերացնելու խնդիրը, պարզապես լսվել է Օհան Դուրյանի հարցը: Այսինքնՙ կոլեգիան հավաքվել է Օհան Դուրյանի մեղավորությունն ու մեղքի որոշված լինելն աչքի առաջ ունենալով: Նկատի ունենալով 1999 թ. կնքված պայմանագիրը, նախարարությունը լիազորություններ եւ իրավասություններ չուներ հարցն այսպես քննարկելու, այլ պետք է քննարկեր օպերային թատրոնի կողմից ներկայացված նյութեր եւ խնդիրներ: Եթե ուշադիր հետեւում ենք այս ամենին, ապա պարզվում է, որ մաեստրո Օհան Դուրյանն այդ պայմանագրով իրեն տրված իրավունքները փորձում է պատշաճ ձեւով իրականացնել:

Այնուհետեւ Տիգրան Ջանոյանը հարկ համարեց ներկայացնել այդ պայմանագիրն իր ճշմարիտ տեսքով եւ նշեց, որ պայմանագիրն այն իրավական փաստաթուղթն է, որն անհնար է արհմարհել եւ չեղյալ համարել: Դրա համար լուրջ կռվաններ են պետք, որոնք, սակայն, շրջանցվում ենՙ ավելորդ գլխացավանքներ ստեղծելով եւ օպերային թատրոնի, ե՚ւ մշակույթի նախարարության համար:

- Այս ամենի մեջ, որն այլ կերպ կարելի է անվանել ճահիճ, կործանվում է մեր երկրի մշակույթի մի շատ կարեւոր հատվածը,- շեշտեց Տիգրան Ջանոյանը:

Հետաքրքիր է, որ մինչ օրս Օհան Դուրյանին չի տրվել նախարարության կոլեգիայի նիստի որոշումը, թեեւ մաեստրոյի փաստաբանները գրավոր դիմել են այդ որոշումն ստանալու համար: Հիմա ի՞նչ է ստացվում. Օհան Դուրյանը շարունակո՞ւմ է աշխատել որպես Ազգային օպերայի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական ղեկավար: Ո՚չ: Նրա փոխարեն ուրիշն է աշխատում:

Զարմանալի շիլափլավ է եփել ՀՀ մշակույթի նախարարությունը, որից ինքն էլ չի կարողանում դուրս գալ: Ավելորդ ու անհարկի շիկացած մթնոլորտ է ստեղծվել հենց նախարարության մեղքով: Եվ ինքն էլ պետք է այդ շիլափլավը մարսի:

Ասուլիսին ներկա գտնվողներն անշուշտ սպասում էին Օհան Դուրյանի խոսքին: Հասկանալի է, հոգեկան բարդ իրավիճակում գտնվող արվեստագետի վերաբերմունքը: «Ավելի լավ է ինձ սպանեին, քան այսպես փորձեին ինձանից ազատվել: Սա ջունգլի է, որտեղ մենք ապրում ենք», ասաց մաեստրոն ու ավելացրեց.

- Ո՞վ է ինձ այսպիսի դաժան խոսքեր ասում: Ես դիմում եմ պարոն Շառոյանին. «Պարոն Շառոյան, ձեր հնարած այդ «պատվավոր դիրիժոր» կոչումը ձեր գրպանը դրեք: Ինձ պետք չէ դա: Ես Հայաստան չեմ եկել, որ «պատվավոր» դիրիժոր լինեմ: Ես եկել եմ աշխատելու, իմ երկրին, իմ ժողովրդին ծառայելու: Ուզում եմ ապրել ու մեռնել Հայաստանում: Ինձ աշխատելու հնարավորությունից զրկում եք: Ստիպված պիտի օտարության մեջ գործունեություն ծավալեմՙ ի բողոք այս վիրավորանքի.

Հուզված էր Օհան Դուրյանը, անչափ հուզված: Եվ ինչպես լինում է այսպիսի դեպքերում, չափից ավելի զգացմունքայնություն դրսեւորեց, որը հատուկ է ամեն մի արվեստագետի: Սակայն, կարծում ենք, որ այս հուզումներին վերջ է լինելու եւ Օհան Դուրյանի հարցը վերջնականապես վճռվելու է կառավարության ղեկավարի եւ, ինչու չէ, հանրապետության նախագահի մակարդակով: «Մեր երկրում այնքան էլ շատ չեն այնպիսի արվեստագետները, ինչպիսին Օհան Դուրյանն է: Եվ նրանցից ամեն մեկի օտարվելը ցավ պետք է լինի մեր ժողովրդի ու մեր երկրի համար», ասաց փաստաբան Մարինե Ջանոյանը: Լիովին համամիտ ենք այս մտքին:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4