Մոտ երկու շաբաթ առաջ թուրքական հեռուստատեսությամբ (CNN-Turk) հեռարձակված նախագահ Քոչարյանի հետ Մեհմեդ Ալի Բիրանդի ունեցած հարցազրույցը բանավեճերի եւ շահարկման առիթ է դարձել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում եւ սփյուռքում:
Տպավորությունն այն է, որ Քոչարյանը հրաժարվելով հողային պահանջներից եւ փոխհատուցումներից, թուրքերից պարզապես պահանջում էր ներողություն խնդրել: Ինչ նպատակներով էլ նախագահը համաձայնած լիներ այս հարցազրույցը տալուն, ցավալի է, որ նրա խոսքերն աղավաղված ներկայացվեցին թուրքական զանգվածային լրատվամիջոցներով: Առավել ցավալի է, որ հայկական կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկեց ուղղելու այդ աղավաղումները: Մեր կարծիքով նախագահի մամուլի գրասենյակը պարտավոր էր ամբողջությամբ հրատարակել հարցազրույցի տեքստը: Դրա բացակայության պայմաններում միջազգային մամուլն օգտվում է միակ հնարավորՙ թուրքական տարբերակից:
Բախտավոր եմ, որ մի փոքր ուշացումով կարողացա ձեռք բերել ամբողջական տեքստը, որից պարզվեց, որ նախագահի խոսքերը բոլորովին էլ այն չեն, ինչ ներկայացված են եղել թուրքական հեռուստատեսությամբ: Համարյա կրկնելով Ստրասբուրգում իր արտասանած մտքերը, նախագահը թվում է, թե նահանջում է իր դիրքերից, առանց, սակայն, իրականում դույզն իսկ զիջումների գնալու: Նա ոչ միայն կարողացել է տարբերակել առանձին անհատների հնարավոր պահանջները Հայաստանի Հանրապետության հնարավոր պահանջներից, այլ նաեւ այդ պահանջների ներկայացումըՙ Ցեղասպանության ճանաչումից: Նա անուղղակիորեն հասկացնում էր, որ դրանք իրարից անջատ հարցեր են, քանի որ Հայկական հարց եւ տարածքային պահանջներ եղել են դեռ ցեղասպանությունից առաջ: Հայերն ու Հայաստանը այդպիսի հարց կարող են բարձրացնել ցանկացած ժամանակՙ թուրքերի կողմից Ցեղասպանության ընդունումից անկախ: Այս կետն էր, որ թուրք լրագրողը, չհասկանալով թե միտումնավոր, աղավաղել էր: Բիրանդը նաեւ ամբողջական հատվածներ էր բաց թողել հեռարձակումից, հատկապես այն մեկը, որտեղ խոստովանում է, թե 500-600 հազար հայեր սպանվել են տեղահանությունների հետեւանքով:
Երեւի նախագահ Քոչարյանը չպետք է հարցազրույցներ տա թուրք լրագրողներին, քանի որ նրանց հատուկ է կրճատումներով եւ աղավաղումներով ներկայացնելը: Հաշվի անելով Հայաստանի ներկա վիճակը, երեւի առավել նպատակահարմար է, որ Հայաստանի քաղաքական կուսակցություններն ու սփյուռքահայ համապատասխան կազմակերպությունները հանձն առնեն զբաղվելու նման հարցերով, ոչ թե նախագահը:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչ