ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպումից տեղեկատվություն ստանալու անհնարինությունը Հայաստանի քաղաքական դաշտում պարարտ հող ստեղծեց տարաբնույթ շահարկումների, տրամագծորեն եւ տրամաբանորեն հակադիր մեկնաբանությունների համար: Ընդդիմության փշրանքները (ցավոք, այսօր Հայաստանում ընդդիմություն որպես այդպիսին չկա) Ռոբերտ Քոչարյանին հերթական անգամ մեղադրեցին «Ղարաբաղը ծախելու», «արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելու» մեջ, ընդհակառակըՙ իշխանամետ ուժերը (ցավոք, այսօր գրեթե բոլոր ուժերը իշխանամետ են) հերթական անգամ գովերգեցին Հայաստանի նախագահի «խոհեմ քաղաքականությունը»: Ընդ որում, ուշադրություն դարձնենք, ե՚ւ ընդդիմությունը, ե՚ւ իշխանամետ ուժերն իրենց ենթադրությունները եւ մեկնաբանությունները կառուցեցին տեղեկատվության կատարյալ բացակայության պայմաններում:
Փարիզյան հանդիպումից հետո նախագահ Քոչարյանն ու իր շրջապատը պարզապես լռում են: Մեզ մնում է հենվել ադրբեջանական լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, Հ. Ալիեւի եւ իր շրջապատի մեկնաբանությունների վրա, որոնք կարող են լինել եւ են տարաբնույթ, խաբուսիկ: Թե ինչ տրամադրություններ են տիրում հարեւան հանրապետությունում, որոշ չափով կօգնի Ալիեւի փետրվարի 23- 24-ի Միլի մեջլիսի ելույթը: Ուշադրություն դարձնենք. այն նախորդեց Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպմանը, եւ մեր կարծիքովՙ նպատակ ուներ շոշափել հասարակության մեջ տիրող տրամադրությունները, ուղղված էր ներքին սպառման համար: Ցավոք, մեր մամուլում, քաղաքական շրջանակներում լուրջ քննարկման չդրվեց:
Մենք հեռու ենք Հ. Ալիեւի ելույթը վերլուծելու հավակնությունից, սակայն մի քանի անգամ ընթերցելով ելույթի տեքստը ստացանք տպավորություն, թե Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին նախապատրաստում է փոխզիջումների, փորձում համոզել, թե հանուն Ղարաբաղի անիմաստ է պայքարել: Այսինքնՙ Ալիեւն իր հայրենակիցներին փորձում է համոզել այն, ինչն ադրբեջանցիների համար ակնհայտ է արդեն վեց-յոթ տարի:
Եվ այսպես, խոսում է Հ. Ալիեւը. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու եւ Հայաստանին բռնակցելու նպատակով հայերը շատ լուրջ եւ դաժան քարոզարշավ սկսեցին 1988-ին, եւ մենք կարող ենք ասելՙ դա նրանց հաջողվեց»:
Ապա, Հ. Ալիեւն անդրադառնալով 60- 70-ական թթ. իրադարձություններին, նշում է այն քրտնաջան աշխատանքը, որ ինքն է արել եւ փրկել Ղարաբաղը կորստից եւ. «Դուք ինձ պետք է ճիշտ հասկանաք, ես խոսում եմ այն մասին, ինչ կատարվել է: Այն ժամանակներում ես դա կանխեցի (նկատի ունի ԼՂ-իՙ Հայաստանի հետ վերամիավորվելը-Թ. Հ.): Շատ դժվար էր, բայց արեցի, կանխեցի իմ կամքի շնորհիվ»:
Հայաստանում ձեւավորվել է կարծիք, թե Ալիեւը պատերազմի կոչ է արել, մինչդեռՙ «1994 թ. մենք նվաճեցինք հրադադար. այն ժամանակներում դա անհրաժեշտ էր: Դժբախտաբար, շատերը մոռացել են պատերազմը, հիմա հարմարավետ ու հանգիստ են ապրում: Դժբախտաբար, նրանք մոռացել են պատերազմը»:
Ուշագրավ է Ալիեւի հետեւյալ դիտարկումը. «Մենք ասում ենք հայ-ադրբեջանական հակամարտություն, մյուսներըՙ ղարաբաղյան: Ամեն ոք ասում է, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չէ, այլՙ Ադրբեջանի եւ ԼՂ-ի: Եթե այդպես է, թող Հայաստանը կողք քաշվի: Այդ դեպքում մենք կբանակցենք ԼՂ-ի հետ, շատ արագ կլուծենք խնդիրը: Բայց այժմ ԼՂ-ն եւ Հայաստանը մեկ պետություն են: Նրանք մեկ պետություն են արդեն 11 տարի»: Կամ. «Շատ է խոսվում, թե, օրինակ, ԼՂ-ին պետք է տրվի մշակութային ինքնավարություն, կամ մենք պետք է ԼՂ-ին շնորհենք տարածքային ինքնավարություն եւ այլն: Եկեք խոհեմ դատենք: Հայերը չհանդուրժեցին 1923 թ. ձեւավորված տարածքային ինքնավարությունը եւ 1988 թ. սկսեցին պատերազմն ու ագրեսիան, որքան արյուն հեղվեց, նրանք զավթեցին մեր հողերը: Հիմա կարո՞ղ ենք խոսել տարածքային ինքնավարության մասին: Անհնար է»:
Հեյդար Ալիեւի ելույթը քարոզչական էր, ներքին սպառման համար եւ պարտվողական: Այն իր էությամբ նման էր մեր նախկին նախագահ Տեր- Պետրոսյանի հայտնի մամուլի ասուլիսին ու նրան հետեւած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածին: Եվս մեկ հատված Ալիեւի ելույթից. «ԼՂ-ն Ադրբեջանի հինավուրց հողն է: Այն մեզ համար թանկ է: Բայց ճշմարտությունն այն է, որ ԼՂ-ում բնակվողների մեծ մասը հայեր են: ԼՂ-ին մերձակա յոթ շրջանները զավթված են: Փախստականներն ապրում են ճամբարներում: Որոշ մարդիկ նորից այստեղ կրկնեցին. եկեք սպասենք, եկեք սառեցնենք խնդիրը: Ես ուզում եմ նման մտածելակերպի մարդկանց ասել. մեկ ամսով ձեր բնակարանը տվեք փախստականին եւ գնացեք մեկ ամիս բնակվեք վրանում: Կամ թող իրենց տունը տասը օրով չտան փախստականի, պարզապես գնան եւ տասն օր ապրեն վրանում»: Այստեղ երեւի թե Ալիեւը պիտի ասերՙ «Լավ չես ապրելու, Ահմեդ ջան»:
Վերադառնանք Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպմանը: Այն, ինչը գաղտնի է պահվում հայկական մամուլի համար, շատ շուտ հայտնի է դառնում ադրբեջանական մամուլին: Եվ դա ոչ թե տեղեկատվության արտահոսքի հետեւանքով, այլ Ալիեւի մերձավոր շրջապատի մարդկանց ասուլիսներով: Մասնավորապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով պատասխանատու Ալի Հասանովը ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում բառացիորեն ասել է. «Փարիզյան հանդիպման ընթացքում Հայաստանը մեկ անգամ եւս ցուցաբերեց փոխզիջումների գնալու իր դժկամությունը: Հայաստանը, բացի Ադրբեջանից գրաված յոթ շրջաններից հեռանալը, այլ զիջումների չի գնում»:
Մենք հակված չենք կարծելու, թե ՀՀ որեւէ նախագահ կհամաձայնի հրաժարվել ՀՀ-ն եւ ԼՂ-ն միմյանց կապող միջանցքից, անկախ նրանիցՙ ինչ կարգավիճակ է ստանալու Ղարաբաղը: Հայաստանը, առանց այն էլ, փոխզիջումների շատ է գնացել: 1988- 90 թթ. բոլորիս շուրթերին «միացում» բառն էր: 1991 թ. ԼՂՀ անկախության հռչակումով այն մոռացվեց: Հիմա մոռացել ենք նաեւ անկախության մասին:
Որտե՞ղ է կարմիր գիծը, որը խախտելու իրավունքը չունի Հայաստանի ցանկացած նախագահ: