«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2001-03-08 | #44, 2001-03-10 | #45, 2001-03-13


ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍԽԱԼ ՔԱՅԼԸ

Երբ Հայաստանի կառավարությունը Հայկական ցեղասպանության ճանաչման հարցը դրեց իր արտաքին քաղաքականության օրակարգում, ողջունելի մի քայլ կատարեց, որը դրվատանքի արժանացավ ամբողջ հայության կողմից: Վերջինիս բարոյական տոկունությունն ամրապնդելով, այդ քայլը միաժամանակ շարժման մեջ դրեց քաղաքական մի կնճռոտ հարց, որի պաշտոնական բարձրացմանը վաղուց էին արդարացիորեն սպասում մի շարք օտար կառավարություններ: Քանզի եթե Հայաստանը չպաշտպանի ցեղասպանության ճանաչումը, ինչո՞ւ այլ կառավարություններ պետք է հետամուտ լինեն դրան:

Այս առումով հարցի ընդգրկումը արտաքին քաղաքականության օրակարգում իրոք շրջադարձային որոշում էր: Եվ զարմանալի չէր բնավ, որ օտար կառավարություններ անմիջապես արձագանքեցին դրան եւ հետեւեցին օրինակին: Վերջին ամիսներին կատարվածը դրա վառ ապացույցն է:

Ցեղասպանությունը տանջել է մեր անցյալը եւ պատրաստ է ձեւավորելու մեր ապագան: Ներկա ժամանակներում, երբ դա միջազգային հրատապ թեմա է դարձել, յուրաքանչյուր պատասխանատու հայիՙ քաղաքական գործիչ թե գիտնական, պարտականությունն է ամենայն լրջությամբ մոտենալ դրան:

Մինչ մենք ողջունում ենք նախագահ Քոչարյանի նախաձեռնությունը ցեղասպանության ճանաչման հարցը առաջ քաշելու համար, այնքան էլ ոգեւորված չենք վերջերս հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդին տված նրա հարցազրույցի որոշ ձեւակերպումներից: Պաշտոնական տեքստի բացակայության պայմաններում մենք այդ արտահայտությունները որպես ճշմարիտ ընդունելուց բացի այլ ընտրություն չունենք: Ճիշտ է, վերջերս որոշ լրագրողներ ձեռք են բերել եւ հրապարակել հարցազրույցի իսկական տարբերակը, որտեղ որոշակի նուրբ տարբերություններ կան Բիրանդի հեռարձակած հարցազրույցից, սակայն դա դեռեւս բավական չէ փարատելու մեր մտահոգությունները:

Թուրքերը զայրացած են, որովհետեւ ցեղասպանության հարցը մեծ կարեւորություն է ստանում Եվրոպայում: Բայց նրանց ցասումն ու վախը անպայմանորեն հիմնված չեն եվրոպական խորհրդարանների կայացրած որոշումների վրա: Նրանց մտասեւեռումը գլխավորապես առնչվում է այդ որոշումների որպես հետեւանք ստեղծվելիք շղթայական փոխազդեցությանը: Նրանք խիստ մտահոգված են, որ ինչպես հրեաների դեպքում, դրանց անմիջական եւ տրամաբանական շարունակությունը կլինեն տարածքային եւ նյութական փոխհատուցման պահանջները:

Վերոհիշյալ հարցազրույցում Բիրանդն այդ հարցը բարձրացնում է: Նախագահ Քոչարյանի պատասխանն առնվազն անմխիթարական է: Ըստ թուրքերի, Քոչարյանն իբր ասել է. «Ցեղասպանության ճանաչման դեպքում Հայաստանը Թուրքիայից հողային պահանջ չի ունենա», եւ որ «ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանն ի վիճակի չի լինի Թուրքիայի դեմ իրավական գործողություններ նախաձեռնելու պարզապես, որովհետեւ Հայաստանի պետությունն այդ կոտորածների ժամանակ գոյություն չի ունեցել»:

Ընդունում ենք, որ ներկայիս Հայաստանն ի վիճակի չէ Թուրքիային ստիպելու տարածքային զիջումների գնալու կամ փոխհատուցումներ կատարելու վերապրողների հետնորդներինՙ երկրում թողնված սեփականությունների դիմաց: Ընդունում ենք, որ առաջնությունը պետք է տրվի առաջնահերթ խնդիրներին: Եվրոպական ճնշումը ուժեղանում է Թուրքիայի վրա, եւ վերջինս կարող է ստիպված լինել ճանաչելու ցեղասպանությունըՙ պարզապես ճանապարհ հարթելու համար դեպի Եվրամիություն:

Բայց միլիոնավոր ուրիշ դիվանագիտական միջոցներ կան ցեղասպանության ճանաչումը ընդգծելու, իսկ փոխհատուցման հարցերը թողնելու առավել պատշաճ ժամանակների: Քոչարյանի արտահայտած մտքերը ոչ մի հնարավորություն չեն թողնում հետագա դիվանագիտական խոստովանությունների:

Մի բան է ընդունել փաստը, որ ներկայումս ի վիճակի չենք թուրքերից փոխհատուցում պահանջելու, եւ բոլորովին այլ բանՙ նախօրոք հրաժարվել բոլոր տեսակի փոխհատուցումներից: Եվ այն էլ չափազանց թույլ պատճառաբանությամբ, որը չի տեղավորվում տրամաբանության սահմաններում: Ի՞նչ է նշանակում «ճանաչումը իրավական հիմքեր չի ստեղծում տարածքային կամ նյութական փոխհատուցումների, որովհետեւ Հայաստանի պետությունը գոյություն չի ունեցել կոտորածների ժամանակ»:

Արդարացիորեն հարց է առաջանում. ի՞նչ օրինական հիմքեր ունեին հրեաները օգտվելու միլիոնավոր դոլարների հասնող փոխհատուցումներից, երբ Իսրայելը, Հայաստանի նման, դեռեւս գոյություն չուներ որպես պետություն Հոլոքոսթի ժամանակ:

Ցեղասպանության ճանաչումն ու թուրքերից հայերի պահանջատիրությունը սահմանափակող օրենսդրական ակտ գոյություն չունի աշխարհում: Նրանք, ովքեր ժամանակի գործոնն են առաջ քաշում, պարտավոր են հիշել, որ Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Վայցմանից 500 տարի առաջ Իսպանիայից հրեաներին արտաքսելու համար:

Խնդիրն ավելի է ամլանում, երբ Քոչարյանն ակնարկում է, որ ցեղասպանությունից փրկվածները կամ նրանց հետնորդները սփյուռքում կարող են (իրավունք ունեն) անհատական ձեւով Թուրքիայից փոխհատուցում պահանջել: Ապագայի հանդեպ կանխատրամադրվելովՙ նախագահը ձեռքից բաց է թողնում ուժեղագույն քաղաքական մի հաղթաթուղթ, որը հետագայում կարելի էր, ինչպես ցեղասպանության ճանաչման հարցը, արդյունավետ օգտագործել:

Երկրորդ, նա թուրքերին դրանով հասկացնում է, որ փոխհատուցման խնդիրը կառավարության պաշտպանությունը չի վայելում եւ կարող է սահմանափակվել ընդամենը հուսահատ անհատների առանձին դիմումներով:

Հարցազրույցի պատասխաններում բացահայտվում է նաեւ մեր հայկական հոգեբանությանը բնորոշ մեկ ուրիշ հատկանիշ, որը մեր պատմության ընթացքում շատ աղմկալի հետեւանքներ է ունեցել: Նույն տրամաբանությամբ չէ՞ր գործում, արդյոք, Արեւելյան Հայաստանի զինվորականությունը 1918 թվին, երբ զորավար Անդրանիկը նրանց օժանդակության վրա էր հույսը դրել Էրզրումի պաշտպանության հարցում: Նրանք կտրուկ ասել էին, որ «դա մեր հայրենիքը չէ, ձերն է»: Բոլորս քաջատեղյակ ենք այդ երկվության տխուր հետեւանքներին, երբ պատմական մի ոսկյա հնարավորություն բաց թողնվեց մեր ազգի գոյապահպանման գործընթացում:

Որոշ ժամանակ անցել է, բայց դեռ ուշ չէ նախագահական գրասենյակի համար հերքելու սխալ ներկայացված մտքերը: Այլապես մենք շարունակելու ենք լուրջ մտահոգություններ տածել մեր ապագայի հանդեպ, եւ ցեղասպանության ճանաչման առնչությամբ ձեռք բերված հաղթանակները փուչ են դառնալու:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4