«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2001-03-08 | #44, 2001-03-10 | #45, 2001-03-13


«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ՊԱՐՏՎԵԼ, ՀԱՄԵՑԵՔ»

Հայաստանի քաղաքական դաշտը պատերազմի վերսկսումը լուրջ չի համարում

Մինչ Ադրբեջանում քաղաքական որոշ շրջանակներ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու կոչեր են անում եւ մոտ ապագայում էլ այդ նպատակով հանրահավաք են կազմակերպում, Հայաստանում խուճապային ոչ մի տրամադրություն գոյություն չունի, եթե հաշվի չառնենք նախկինների հոռետեսական հայացքները եւ հասարակությանն ամեն կերպ Ղարաբաղի հիմնահարցը մեր օգտին լուծելու անհեռանկարայնության մեջ ապակողմնորոշելու ձգտումները: Ավելին, սեփական ուժերի հանդեպ վստահությունը նույնիսկ այն աստիճանի է դրսեւորվում մեր քաղաքական շրջանակներում, որ խոսվում է անգամ Ադրբեջանի ռազմական գործողություններին համարժեք պատասխանելու միջոցով հարցը վերջնականապես մեր օգտին լուծելու մասին: «Ազգը» փորձեց պարզել ներխորհրդարանական որոշ ուժերի տրամադրությունները հատկապես Ադրբեջանի Միլի մեջլիսում կայացած քննարկումների եւ սպասվելիք հանրահավաքի ֆոնի վրա:

Անդրանիկ Մարգարյան (ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ)

Մենք պետություն ունենք, բանակ ունենք եւ չպետք է սպասենք, թե մեկն ինչ հայտարարություններ է անում: Մենք ցանկացած օր, ցանկացած ամիս, ցանկացած տարի պատրաստ ենք եղել ցանկացած գործողությունների եւ այժմ էլ պատրաստ ենք: Պատերազմի սկսման մասին թող իրենք մեկնաբանություններ տան, ես ինչո՞ւ պիտի հիմա Ալիեւի եւ մյուսների ասածը մեկնաբանեմ:

Հրանտ Ոսկանյան (ՀԿԿ)

Այդ ռազմատենչ հայտարարությունները կարելի է բացատրել ինչ-որ ներքին հարցերի հետապնդումներով: Եվ այդ ամբողջ վայնասունն էլ բարձրացվում է այդ նպատակով, որոնք ես լուրջ չեմ համարում: Այնտեղ լուրջ մարդիկ կան, որոնք թույլ չեն տա ավանտյուրայի գնալու:

Արթուր Բաղդասարյան («Օրինաց երկիր»)

Բարձրացված հիստերիային հանգիստ եմ վերաբերվում, սակայն, կարծում եմ, մեր բանակը եւ պաշտպանական ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության արձագանքելու: Որ Ղարաբաղի բանակն այսօր համարվում է տարածաշրջանի կայացած բանակներից մեկը, պետք է փաստացի գոծողություններով ապացուցվի: Այսինքն ե՚ւ քաղաքական ուժերը, ե՚ւ պաշտպանական ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքների: Դրանք ադրբեջանական ծայրահեղ որոշ գործիչների կողմից պարզապես սադրանքներ են:

Հրանտ Խաչատրյան (ՍԻՄ)

Ադրբեջանում պարզապես հերթական հիստերիան է բարձրացել: Ես ինքս, անկեղծ ասած, չեմ կարող կողմնորոշվելՙ արդյոք այս անգամ հիստերիա՞ն է իսկապես ավելի ուժեղ, քան նախորդ տարիներին, թե՞ Հայաստանում է չափից ավելի լայն մեկնաբանվում:

Այդ արձագանքն ադրբեջանական կողմից լրիվ հասկանալի է, որովհետեւ առաջին հերթին իրենց կողմից անարդար պատերազմում պարտված ժողովուրդ է, քաղաքական ուժերն իշխանության խնդիր ունեն, եւ եթե Հայաստանում, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցը ամենաբյուրեղային, մաքուր հարցերից մեկն է եղել, գտնվել են մարդիկ եւ խմբեր, որոնք շահարկել են այդ հարցը, ապա բնական է, որ հարեւան երկրում մի քանի անգամ դա ավելի ուժեղ է արտահայտվում: Կա նաեւ հարցի մյուս կողմը, թե այդ հայտարարությունները ինչ արձագանք կարող են ունենալ արտաքին աշխարհում: Չեմ կարծում, որ որեւէ իրեն հարգող հասարակություն միջազգայնորեն դատապարտող կոչերը որպես հիմք ընդունի եւ դրա վրա քաղաքականություն ձեւավորի: Բայց չեմ բացառում, որ առանձին վերազգային, մոնոպոլ կառավարման ձգտող ուժեր կարող են այս կոչերի վրա որոշ ծրագրեր կառուցել: Ընդհանրապես Ադրբեջանի ներքաղաքական կյանքը մեզ քիչ պետք է հուզի եւ պետք է հասկանանք, որ հիստերիան ուղղված է ավելի շատ իրենց ներքաղաքական խնդիրների լուծմանը, քան տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը:

Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ)

Առանձնապես վտանգ չեմ տեսնում: Դա բլեֆ է, անշուշտ, որովհետեւ աղմուկ բարձրացնողներն այն մարդիկ են, ովքեր մեկ անգամ պատերազմում արդեն պարտվել են: Եթե ուզում են մի անգամ էլ պարտվել, համեցեք:

Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)

Բոլորս հասկանում ենք, թե պատերազմի վերսկսումն ինչ սարսափելի կլինի մեր եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Իմ կարծիքով, Ադրբեջանը բոլոր դեպքերում դեռ պատրաստ չէ, երկրորդՙ եթե սկսի, անպայման կպարտվի, երրորդՙ դեռ բանակցային բոլոր հնարավորություններն ավարտված չեն, եւ այդպիսի հիստերիան բացի վնասից, գործին օգուտ չի կարող բերել:

Նման մոտեցումներն առավել ամուր հողի վրա դրվեցին հատկապես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արտահայտությունից հետո, որ եթե Ադրբեջանը գոնե մի վայրկյան անգամ համոզված լիներ, թե պատերազմում կարող է հաղթել, անպայման ռազմական գործողությունների կդիմեր: Ամեն դեպքում այդ քայլն անհեռատես եւ անպատասխանատու կլիներ, քանի որ մի կողմից Ադրբեջանն ինքն իր ճակատին ագրեսորի պիտակը կարող է փակցնել, ապացուցել, որ պատրաստ չէ բանակցային գործընթացին եւ որեւէ փոխզիջման, ապա նաեւ անմիջապես իր դեմ կհաներ ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ Եվրախորհրդին, որին նոր է անդամակցում: Եվ որ գլխավորն էՙ կկասեցներ առանց այն էլ հեղհեղուկ բանակի ձեւավորման գործընթացը, առավել եւս որ ե՚ւ իշխանությունը, ե՚ւ ընդդիմադիր ուժերն իրենք են կասկածում պատերազմի միջոցով հարցը կարգավորելու եղանակի հաջողությանըՙ հիմք ընդունելով իրենց իսկ բանակում տիրող ներկայիս բարքերը:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4