ՍՏԱՄԲՈՒԼ, 12 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարիայի խորհրդարանը մարտի 13-ին քննարկելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին երկու բանաձեւ, որոնցից առաջինը խորհրդարանին է ներկայացվել սոցիալիստ պատգամավոր Ժոզեֆ Զիսեադիսի, իսկ երկրորդը թուրքերի կողմից հիմնված «Միությունՙ ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության կողմից: Թուրքիայի դեսպանատունը հույս է հայտնել, թե բանաձեւերը կմերժվեն:
Եթե բանաձեւն ընդունվի, կբացվի այն օրենքի վերածելու ճանապարհը, սակայն, ինչպես տեղեկացնում է «Մարմարա» օրաթերթը, թուրքական կողմը հույս ունի նաեւ, որ պատգամավորները կնախընտրեն գոհանալ միայն հայտարարության տեսքով բանաձեւով, առանց այն օրենքի վերածելուՙ Թուրքիային չնեղացնելու նպատակով: Դրությունը, սակայն, շատ ավելի լուրջ է երկրորդ բանաձեւի պատճառով: Վերոնշյալ թուրքական կազմակերպությունը 11 հազար ստորագրություն է հավաքել հօգուտ ցեղասպանության ճանաչման եւ կարծիք կա, որ այս պարագան կարող է խստացնել խորհրդարանի ընդունելիք բանաձեւը: