«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2001-03-08 | #44, 2001-03-10 | #45, 2001-03-13


ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ՀԱՄԱԿՈՒԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 12 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կրասնոդարում 2001 թ. մարտի 10-ին կայացավ «Համակուբանական հայկական կոնգրես» (ՀՀԿ) նոր հայկական հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը: Անվանումն իրեն արդարացնում է նրանով, որ ի տարբերություն մինչեւ օրս գոյություն ունեցող երկրամասային հայկական ընկերակցության, որի կոլեկտիվ անդամներ կարող էին լինել միայն շրջանային եւ քաղաքային հայ համայնքները, Կոնգրեսի մեջ կարող են մտնել ոչ միայն հայկական համայնքները, այլեւ ցանկացած ուրիշ կազմակերպություններ, որոնք գլխավորում են հայեր: Կոնգրեսում նախատեսվում է նաեւ անհատական անդամություն:

Համակուբանական հայկական կոնգրեսի նախագահ է ընտրվել Գեւորգ Սեֆերյանը, որը որոշակի ժամանակ եղել է նախկինում գոյություն ունեցող Կրասնոդարի երկրամասի հայկական մշակութային ընկերությունների կոորդինացիոն խորհրդի փոխնախագահը: Կոնգրեսի փոխնախագահներ են ընտրվել Ռուսաստանի պետական հեռուստառադիոընկերության «Հարավ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Հարությունովը եւ Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4