«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2001-03-08 | #44, 2001-03-10 | #45, 2001-03-13


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 14-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԴԱՄԲԱՐԱՆ

<20014502.jpg>

Ամիսներ առաջ Աննա Մարտիրոսյանն իր սեփական տան (Աբովյան 3 հասցեում) նկուղում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարմիր տուֆից կերտված քանդակազարդ քարեր:

Հետաքրքրասիրությունից մղված տարվել են հողահեռացման աշխատանքներ, որի արդյունքում բացվել է մի յուրահատուկ ստորգետնյա հուշարձան- դամբարան: Գիտակցելով հայտնաբերվածի կարեւորությունըՙ տեղյակ է պահել ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Գագիկ Գյուրջյանին, որի կարգադրությամբ վարչությունը ստանձնել է հուշարձանի ճակատագրի ճշգրիտ ուսումնասիրության եւ գիտական ձեւակերպման հարցերը: Վարչության ջանքերով հրավիրվել են ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից մասնագետներՙ հնագետ- պատմաբան, մարդաբան, հնագիտական նյութերի վերականգնող եւ լուսանկարիչ: Իսկ վերականգնող ճարտարապետի օգնությամբ ընթացան հուշարձանի չափագրական աշխատանքները: Քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ տալ հուշարձանի, առայժմ նախնական, նկարագիրը: Այն հավանաբար պատվիրվել է 14-րդ դարի սկզբին մոնղոլական տիրապետության շրջանի բարձրաստիճան իշխանավորի եւ իր մերձավորների համար:

Հուշարձանի հյուսիսային միակ մուտքի ճակատակալին փորագրված երեք լեզվով (հայերեն, պարսկերեն, արաբերեն) արձանագրության նախնական վերծանությունից պարզ է դառնում, որ հուշարձանը կառուցվել է 1319 թ.: Փորագրված է պատվիրատուի անունը, որը դեռ վերջնականապես չի հաստատվել եւ գտնվում է վերծանության փուլում: Նախնական հետազոտությունների արդյունքում կազմվել է հուշարձան-դամբարանի նկարագիրըՙ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հուսիկ Մելքոնյանի եւ հուշարձանը ուսումնասիրող ճարտարապետ Արտակ Ղուլյանի կողմից: Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հուշարձանի վերգետնյա կառույցից պահպանված բեկորներՙ սյան խարիսխ, խոյակ, քանդակազարդ քար, հասարակ եւ ջնարակված խեցեղեն, հախճապակի, երեսպատման շքաղյուսների բեկորներ, դռան երկաթե փականքի մասեր եւ հնագիտական ուշագրավ նյութեր, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում: Հայտնաբերվել են նաեւ մի քանի կմախքների մնացորդներ, որոնց մարդաբանական տիպն ունի վառ արտահայտված մոնղոլոիդ տիպ: Դրանք նույնպես ուսումնասիրվում են: Ըստ պատմական աղբյուրների, 1236- 45 թթ. մողոլները նվաճելով Հայաստանըՙ հարեւան երկրների հետ մտան նոր հիմնադրված Հուլաղուի պետության կազմում: Չի բացառվում, որ հուշարձան-դամբարանը պատվիրված լինի հենց այդ պետության որեւէ պաշտոնյայի կողմից: Ուսումնասիրողները վերջնական կարծիքի են հանգել, որ «հուշարձան-դամբարանը կառուցված է հայ վարպետների ձեռքով եւ կրկնում է 13- 14-րդ դարերի հայկական քանդակագործությանը բնորոշ տարրերը: Մասնավորապես բնորոշ է վիմափոր ստորին մասը (Անի, Գեղարդ), հայկական են նաեւ տուֆի մշակման տեխնիկան եւ հարդարանքը: Որմնակամարները ճշգրտորեն կրկնում են վերը նշված դարերում հայկական գավիթներում, գրատներում եւ սեղանատներում տարածված քանդակազարդման տարրերը:

Հուշարձան-դամբարան են այցելել նաեւ Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Մոհսեն Աբութալեբին: Շուտով Թավրիզից կժամանեն հատուկ մասնագետներՙ համատեղ ուսումնասիրություններ կատարելու եւ վերջնական եզրակացություն տալու համար: Ի դեպ, առ այսօր հուշարձանի ուսումնասիրման, մաքրման, մուտքի բացման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է սեփականատիրոջ կողմից:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4