<20014501.jpg>
Մշակվել է քաղաքապետարանի 2001 թվականի գործունեության ծրագիր
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երկու ամիս կորցնելուց հետո Երեւանի քաղաքապետարանը հանրությանն է ներկայացնում իր գործունեության 2001 թվականի ծրագիրը, որը տեսականորեն երկու մասի կարելի է բաժանել. Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների ծրագիրը, երկրորդՙ քաղաքապետարանի 2001 թվականի գործունեության ծրագիրը եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված ծրագրային հիմնադրույթները: Այս ծրագիրը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ, բավականին իրատեսական է, սակայն ֆինանսների պակասությունն այս դեպքում էլ հնարավորություն է տալիս միայն մինիմալ խնդիրներ հոգալ: Այնուամենայնիվ 7 մլրդ 400 մլն դրամ արժողության այս ծրագիրը ներառում է ճարտարապետության եւ քաղաքաշինության, կապիտալ շինարարության, անշարժ գույքի կառավարման, տարածքների բարեկարգման, ջրամատակարարման եւ ջերմամատակարարման, առողջապահության, մշակույթի եւ սպորտի, սոցիալական ապահովության, բնապահպանության եւ արտաքին կապերի ոլորտները: Որպես ֆինանսավորման աղբյուրներ ծրագրով նախատեսված են պետական բյուջեի համապատասխան հատկացումները, որոնք արդեն հաստատված են, մասնավոր ներդնողների միջոցները, որոնք սակայն կոնկրետացված չեն, Լինսի հիմնադրամի, «Երեւան» հիմնադրամի, ֆինանսական միջոցների հնարավոր ներգրավումների, համայնքային բյուջեների հաշվին, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններից ակնկալվող գումարները: Եվ որքան էլ ներկայացված աղբյուրները շատ դեպքերում կոնկրետացված չեն, գումարների հայթայթումը եւս քաղաքապետի կարծիքով առարկայական է:
Այս ծրագրի շրջանակներում շուտով կսկսվի քաղաքապետարանի կազմակերպածՙ Երեւանի բարեկարգմանն ուղղված միամսյակ, որի բարեհաջող ավարտի դեպքումՙ ապրիլի 14-ին, Նազարյանի խոսքերով, Երեւանն այլ տեսք կունենա: Միամսյակի շրջանակներում կարեւորագույն տեղ է հատկացվում մայրաքաղաքի կանաչապատմանը, որում ներգրավվել են համապատասխան բոլոր նախարարությունները, Երեւանի համայնքները, որոնք բաժանվել են տեղամասերիՙ ստանձնած համապատասխան պարտավորություններով:
Դրան զուգահեռ շարունակվելու է փողոցային առեւտրի կարգավորումը, որը չնայած պետք է ավարտվեր մարտի 1-ին, սակայն որոշ տարածքներում, կոնկրետՙ Մալաթիա-Սեբաստիա համայնքում եւ Գում-ին հարող տարածքում շարունակվում են:
Քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում քաղաքապետարանը երեք կարեւորագույն խնդիր է տեսնում. մայրաքաղաքի նոր, գլխավոր հատակագծի մշակումը, որի համար 350 մլն դրամ կազմող ողջ արժեքից այս տարի նախատեսվում է հատկացնել 27 մլն-ը միայն, մոտ 74 մլրդ դրամ արժողությամբ «Հյուսիսային պողոտա»-ի համալիր կառուցապատումըՙ այս տարի 500 մլն դրամ մասնավոր ներդնողներից ակնկալվող միջոցներով: Մյուսը «Կասկադ» համալիրի աջ եւ ձախ թեւերի կառուցապատումն էՙ դարձյալ մասնավոր ներդնողների միջոցներով, որը նախորդի հետ մեկտեղ կշարունակվի նաեւ հաջորդ տարի: Շուտով շինարարության իրագործման համար քաղաքապետարանը մրցույթ կհայտարարի:
Անշարժ գույքի կառավարման ոլորտում առանցքային է համարվում քաղաքում հողօգտագործման եւ հողահատկացման հայեցակարգի մշակումը: Ռոբերտ Նազարյանի տվյալներովՙ թույլ չի տրվելու առանձին կառույցների շինարարությունը, եթե դրանք չեն համապատասխանելու քաղաքապետարանի կողմից մշակված պայմաններին: Այսինքնՙ շինությունները կկառուցվեն միայն ըստ տարածքների եւ նշանակության: Ոլորտում առկա բազում խնդիրները, սակայն, որոնք կուտակվել են այս ընթացքում, դժվար լուծելի են: Լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում քաղաքային նշանակության փողոցների եւ հրապարակների ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման ոլորտում: Այս նպատակով ձեւավորված է աշխատանքային գրաֆիկ, որտեղ ներառված են վերանորոգման ենթակա փողոցներն ու հրապարակները ըստ մակերեսների, ժամանակացույցի եւ անհրաժեշտ գումարի, որն ընդհանուր առմամբ կազմում է 90 մլն դրամ: Նշենք, որ բարեգործական կարգով 12 շինկազմակերպություններ ցանկություն են հայտնել ասֆալտապատում իրականացնել:
Ծրագրում ներառված հասարակական տրանսպորտի ոլորտում աշխատանքներ են տարվելու երթուղիների կիրառման գրաֆիկների օպտիմալացման եւ տրանսպորտային ծառայությունների սակագների ձեւավորման ուղղությամբ: Դրան զուգահեռ, սակայն, երթուղային տաքսիների եւ ավտոկանգառների սպասարկման ոլորտներում շրջանառվող չհարկվող հսկայական գումարները քաղաքապետարանի բյուջե բերելու ուղղությամբ կոնկրետ որեւէ աշխատանք ամրագրված չէ ծրագրում: Պրն Նազարյանի հաղորդած տվյալներովՙ մուտքագրվել է միայն 3 մլն դրամ, որը անհամեմատ ցածր է իրական դրամաշրջանառության մակարդակից: Հարցը կարգավորելու նպատակով ավտոկանգառների շահագործումը դրվել է համայնքների վրաՙ վերահսկողությունն այդ հարցում ուժեղացնելու նպատակով: Սակայն արդյոք այդ եղանակը կծառայի՞ նպատակին, դժվար է ասել: Ռոբերտ Նազարյանը գտնում է, որ առավել արդյունավետ կլիներ, եթե նախկինում ավտոկանգառների շահագործմամբ զբաղվող «Երեւան-սերվիսը» ոչ թե լուծարվեր, այլ վերանայվեր նրա եւ համակարգի կազմակերպչական կողմը:
Ծրագիրը, ինչպես նաեւ հայտարարվող միամսյակը նպատակային իրականացնելու նպատակով քաղաքապետարանը երեք կարգի մրցանակներ է սահմանել լավագույն համայնքներին, լավագույն համատիրություններին, վարչություններին, ինչպես նաեւ կատարվելիք աշխատանքները լավագույնս օբյեկտիվ լուսաբանող երեք լրագրողների: