«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2001-03-08 | #44, 2001-03-10 | #45, 2001-03-13


ՆԵՐԴՆՈՂԸ ՆՄԱ՞Ն Է ՔՄԱՀԱՃ ԱՂՋԿԱ, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԵԼ

Որքանո՞վ են գայթակղիչ պետական երաշխիքները, եւ որքանո՞վ է հասարակությունն ընկալում ներդրումների կարեւորությունը

Ինչո՞ւ Հայաստանի տնտեսությունում չկան լուրջ ներդրումային ծրագրեր, ինչո՞ւ են արտասահմանյան ընկերությունները հապաղում, իսկ ներսի գործարարությունըՙ վարանում Հայաստանում բիզնես բացել ու փողեր դնել: Կիրակի օրը «Օրակարգից դուրս» ծրագրի «Ներդրումների կանաչ ու կարմիր լույսը» թեմայով քննարկման մասնակիցները փորձեցին պատասխանել այդ հարցերին: Քանի որ նրանք շատ էին, հրավիրվածների մեծ մասը, այդ թվում եւ լրագրողներս, հնարավորություն չունեցավ արտահայտվելու: Կարծիքները բազմաթիվ ու բազմազան էին, ավելի կոնկրետացան միայն վերջում, երբ հայտարարվեց հաղորդման ժամանակի սահմանափակության մասին: Նշվեցին միայն «կարմիր լույսերը»ՙ տնտեսական օրենսդրության անկատարությունն ու հակասությունները, բյուրոկրատական քաշքշուկն ու կոռուպցիան, վարկավորման հստակ մեխանիզմների բացակայությունն ու եղած ֆինանսական միջոցները դեպի իրական տնտեսություն ուղղորդելու անիրականալիությունը, սեփականության իրավունքի թույլ պաշտպանությունը, ներդրումային ռազմավարության, ենթակառույցների բացակայությունը եւ այլն: Դրանք, իհարկե, կարեւոր են, եթե չլինի մի մեծ «եթե»... Ենթադրվում էր, թե հաղորդումն առաջին հերթին պետք է պատասխաներ հետեւյալ պարզ հարցերինՙ ի՞նչ է ներդրումը, ի՞նչ է տալիս որեւէ երկրի, ի՞նչ հաջող ու անհաջող օրինակներ կան, ի՞նչ պատճառով: Մինչդեռ հաղորդումը վերածվեց մասնագիտական տերմիններով խճողված մի բանավեճի, որտեղ հրավիրվածներից յուրաքանչյուրը փորձում էր առաջ տանել իր մասնագիտական տեսակետը: Թվում է, թե ամեն ինչ ասվեց, սակայն, մեր կարծիքով (հետո նաեւ մեր հարցումներովՙ բազմաթիվ հեռուստադիտողների) ուղղակի պետք էր պարզ ու հասկանալի լեզվով ֆիքսել երեք կարեւոր հանգամանք, որ ինչքան էլ Հայաստանն ունենա փայլուն օրենսդրություն, անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, հստակ ու կողմնորոշիչ ռազմավարություն, ինչքան էլ երկրի իշխանությունը հանձին նրա բարձրագույն ղեկավարիՙ նախագահի, դառնա ներդրումների երաշխավորը, խոշոր ու լուրջ ներդրումներ Հայաստանում չեն կարող լինել, քանի դեռ չկաՙ 1. տարածաշրջանային կայունություն, 2. ներքաղաքական կայունություն ու բարեփոխումների շարունակականություն եւ վերջապեսՙ 3. չկա ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ: Հայաստանը եղել եւ մնում է ներդրումների համար գերռիսկային երկիր: Ներդնողը չի կարող շահույթի ակնկալիքով փող դնել մի երկրում, որը գտնվում է ամենաանկայուն աշխարհաքաղաքական տարածքում, մի երկրում, որը տարիներ շարունակ չի կարողանում լուծել իր խնդիրները հարեւանների հետ: Ներդնողը, եթե անգամ երկրի առաջին դեմքը նրան սարեր խոստանա ու հսկայական գերշահույթներ, առավելագույն պաշտպանվածություն, չի կարող գալ մի երկիր, որտեղ 10 տարում 11 կառավարություն է փոխվում, որտեղ կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել մի կառավարության հետ եւ վերադարձին ստիպված լինել բանակցել բոլորովին նոր իրավիճակում նոր կառավարության հետ, որտեղ ներսի գործարարն անգամ չի ուզում ռիսկի ենթարկել իր կարողությունները, իսկ ռիսկի ենթարկելուց հետո էլ ստիպված է անընդհատ պայքարել ու պատասխանել քննադատություններին (հիշենք հայտնի խմբի օրինակը, որը դարձել է նախկին իշխանություններին սպասարկող մամուլի թիրախը): Եվ վերջապես, որեւէ մեկը չի ուզենա ունենալ իր սեփականությունն ու տնտեսական շահերը մի երկրում, որտեղ հասարակությունը ամբողջությամբ չի պատկերացնում ներդրումների կարեւորությունը իր երկրի համար, որտեղ մինչ այժմ եղած նախադեպերը մեծամասամբ բացասական արձագանք են գտել, որտեղ «ներդրում» ասելով հասկանում են «թալան», իսկ «ներդնող» ասելովՙ «ներմուծված ինվեստոր» կամ «ազգային հարստությունն ուտող թալանչի», որտեղ չկա ներդրումների կարեւորության մասին ամենապարզ ու հասկանալի քարոզչությունըՙ թե ի՞նչ նշանակություն ունեն որեւէ երկրի տնտեսության համար ներդրումները:

Փորձենք վերհիշել, թե ինչպիսի՞ն են մինչ այժմ եղած նախադեպերը: Այսպիսի հաշվարկ կա. որեւէ երկրից գոհ մնացած տուրիստն իր հետ բերում է եւս 78 տուրիստի, իսկ դժգոհ մնացածըՙ վանում 48- ի: Քանի՞ պոտենցիալ ներդնողի են վանում Հայաստանից իրենց օրինակներով հունական ՕTE-նՙ Արմենտելը, ֆրանսիական «Պեռնո Ռիկարը»ՙ Երեւանի կոնյակի գործարանի եւ ամերիկյան «AK development»-ըՙ «Արմենիա» հյուրա-նոցի սեփականատերերը, իբրեւ Հայաստանի ամենախոշոր ներդնողներ: Առաջինի խնդիրները կառավարության հետ դեռ շարունակվում են, երկրորդը մի պահ դարձել էր երկրիս օրենսդիր մարմնի ամենամեծ թիրախը, իսկ երրորդը մի տարի շարունակ չէր կարողանում գլուխ հանել սեփական կոլեկտիվից: Թե ի՞նչ ավերիչ նշանակություն ունեցան այդ օրինակները մեր հասարակական գիտակցության մեջ, որն առանց այն էլ ունի կարծրացած ստերեոտիպեր առ նախկին հասարակարգը, մի ամբողջ քննարկման նյութ է: Այս երեք ծրագրերում ակնհայտ սխալները այնքան ակնառու են ու ցցուն, որ դեռ երկար ժամանակ կշահարկվեն ու ստվեր կգցեն ներդրումային այլ հաջող օրինակների վրա: Մյուս կողմից էլ մեկ այլ քննարկման հարց է, թե որքան բացասական արձագանքներ գտան այս երեք օրինակները դրսումՙ այլ պոտենցիալ ներդնողների համար, ինչքա՞նով խանգարեցին արդեն սկսված նախաձեռնություններին, ու դեռ ինչքա՞ն ժամանակ կշահարկվեն իբրեւ վատագույն օրինակներ այլ ներդնողների համար: Այսքանից հետո, այս պայմաններում ոչ մի պետական երաշխիք չի կարող համոզել ներդնողին, թե նա Հայաստանում խնդիրներ չի ունենա, թե այստեղ ամեն ինչ «օ քեյ» է: Ի վերջոՙ ներդնողը աղջիկ չէ, որին պետք է համոզել...

Արտասահմանցուն ոչ թե պետք է համոզել, բերել Հայաստան, այլ ստեղծել այնպիսի պայմաններ, որ նա իր կամքով գա: Բազմաթիվ ներդնողների հետ զրույցում պարզվում է, որ եթե նախագահը կամ վարչապետը, կամ որեւէ նախարար անձամբ երաշխավորում է ներդրումային գործարքի հաջողությունը, դրանով հաճախ ավելի է վանում ներդնողին: Ի վերջո ղեկավարները փոխվում են, իսկ պայմանները պետք է լինեն կայուն, որ ներդնողն իր կամքով գա, հաստատվի որեւէ երկրում: Ինչքան էլ երկրի նախագահը (իսկ նախագահ Քոչարյանի դերն ու հետեւողական աշխատանքն այստեղ ուղղակի անուրանալի են) տարբեր երկրների ու համայնքների ամբիոններից հայտարարի. «Մենք ուրախ կլինենք, որ դուք չամաչեք Հայաստանում շահույթ ունենալուց, որ պատիվ համարեք Հայաստանում գործ դնելը», կամՙ «Մենք պարտավորվում ենք պահպանել ու համապատասխան միջավայր ստեղծել Ձեր արդյունավետ գործունեության համար», եւ այլ հավաստիացումներ, ոչ մի ներդնող էլ ամեն ինչ մի կողմ չի թողնի ու վազի Հայաստան: Վերջին մեկ-երկու տարին, իշխանության ամենահետեւողական աշխատանքը, երկրիս ղեկավարի անդուլ ջանքերը ավելի ու ավելի են ապացուցում, որ ոչ մի առաջին դեմք, ոչ մի ծրագիր, կառույց, օրենք ու ռազմավարություն չի կարող համոզել խոշոր ընկերություններին, քանի որ ներդնողն ինքը գիտի հաշվարկել, տեսնել, զգալ ու տեղեկություններ քաղել: Նա չի կարող իր փողերը վտանգել ու գործ բացել մի երկրում, որտեղ չի տեսնում համապատասխան միջավայր, պայմաններ, 100 տոկոսով համոզված չէ իր շահույթի ու եկամուտների մեջ: Եթե ապահովվեն բոլոր բարենպաստ պայմաններն ու միջավայրը, ներդնողին համոզելու կարիք չի լինի, նա իր կամքով կգա Հայաստան:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4