Այս օրերին սփյուռքից ստացվող մամուլը բառացիորեն հեղեղված է թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հայտնի հարցազրույցի մեկնաբանությամբ, ավելի շուտՙ արձագանքներով: Կողքի սյունակներում ընտրողաբար ներկայացնում ենք դրանցից երկուսը, առավել լուրջ եւ հավասարակշռվածները, քանի որ հրապարակախոսական այդ ելույթների մեծամասնությունը զգացական է, երբեմն էլՙ ոչ անխառն այլեւայլ նախատրամադրություններով:
Որո՞նք են Ռ. Քոչարյանին ուղղված այդ մեղադրանքները: «ՀՀ նախագահը մոռանում է, որ Արեւմտահայաստանն անբաժանելի մասն է կազմում հայ ժողովրդի հայրենիքի», «Ռ. Քոչարյանն անտեսում է այն իրականությունը, թե Ցեղասպանության ճանաչումն ընդամենը առաջին հանգրվանն է Հայ դատի, որի գլխավոր հարցը հողային պահանջատիրությունն է», «Հայաստանի նախագահը մոռանում է, որ այսօրվա Թուրքիան էլ գոյություն չուներ Օսմանյան կայսրության շրջանում, հետեւաբար Թուրքիայի Հանրապետությունը չի կարող ժառանգորդը լինել Արեւմտահայաստանի հողերի», եւ ամենից անհեթեթըՙ «ՀՀ նախագահը ոսկեզօծ ափսեով Արեւմտահայաստանը հանձնում է թուրքին», իսկ հոդվածներից մեկը վերնագրված է ոչ ավել, ոչ պակասՙ Վ. Թեքեյանի հայտնի բանաստեղծության տողերովՙ «Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ»...
Վերստին ուշադրությամբ կարդալով 2001 թ. հունվարի 29-ին Երեւանում CNN- TURK հեռուստաընկերության մեկնաբան-լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդին նախագահ Ռ. Քոչարյանի տված հարցազրույցի ամբողջական եւ չխմբագրված բնագիրը, վերոհիշյալ մեղադրանքներից ոչ մեկի համար բավարար հիմքի չենք հանդիպում: Փորձառու եւ, ենթադրաբար, հողային պահանջատիրության մասին Հայաստանի առաջին դեմքից «հրձիգ» մի հայտարարություն կորզելու նպատակով Երեւան ժամանած թուրք լրագրողը հարցազրույցի ընթացքում ճիշտ 10 փորձ է կատարում Ցեղասպանության ճանաչումն անմիջապես առնչելու հողային պահանջի հետ եւ ՀՀ նախագահը ճիշտ 12 անգամ նրան պատասխանում է գրեթե նույն բառերով. «Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն իրավական հետեւանքներ չի առաջացնում տարածքային պահանջատիրության համար»: Ավելինՙ կանխելու համար Թուրքիայում եւ արեւմտյան երկրներում հարցի հետագա շահարկումները, Ռ. Քոչարյանը հստակորեն բացատրում է. «Եթե Թուրքիայում կա մտահոգություն, որ Ցեղասպանության ճանաչումը կամ այս հարցում ընդհանրապես ավելի հավասարակշռված եւ հանգիստ մոտեցումը կարող է բերել նման հետեւանքների, ապա ասում եմ, որ նման հետեւանքներ այս խնդրի լուծումը չի առաջացնում»: Այսինքնՙ Ռ. Քոչարյանը շարունակ փորձում է մնալ միեւնույնՙ Ցեղասպանության ճանաչման համատեքստումՙ հակառակ հարցը այլ հարթությունների վրա տարածելու թուրք լրագրողի համառ փորձերի: Այժմ նույնՙ Ռ. Քոչարյանի հայտարարությունները կոնտեքստից դուրս բերելու գործին են լծվել, ոմանք չարամտորեն, ուրիշներըՙ զգացականությամբ, սփյուռքահայ տարբեր հոդվածագիրներ:
Անշուշտ կարելի է վիճարկել ՀՀ նախագահի «Ցեղասպանության ճանաչումն իրավական հետեւանքներ չի առաջացնում» արտահայտությունը, ինչպես նաեւ Սեւրի դաշնագրի եւ Թուրքիայում հայապատկան հողերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավաժառանգորդ չլինելու մասին նախագահի դատողությունները (թեկուզ հիշելով Մոսկվայի եւ ապա Կարսի պայմանագրերի, ինչպես Կարս- Արդահանի պարագան), սակայն ոչ թե զգացական, այլ իրավական եւ պետական նպատակահարմարության տեսակետներից:
Կարելի է նաեւ առարկել Ռ. Քոչարյանի խոսքառատությունը Ալի Բիրանդին պատասխանելիս: Դեռեւս 1996 թ.-ից մեզ հայտնի է այս լրագրողի անպարկեշտությունը ՀՀ առաջին նախագահի պատասխաններում սեփական նրբերանգներ ավելացնելու ուղղությամբ: Լավագույնը պիտի լիներ Ալի Բիրանդի նման լրագրողներին կոշտ եւ լակոնիկ պատասխաններ տալըՙ բավարարվելով պարզապես «պահանջատիրության հարցը մեր պետության օրակարգում չի գտնվում» կամ նման մի բանաձեւումով: Անշուշտ, նման հակիրճ պատասխանի դեպքում էլ շատերը, եւ ոչ միայն սփյուռքից, պիտի առարկեինՙ միշտ զգացական հարցադրումներ անելով. «Ո՞նց թե, հայոց պետությունը հայոց հողային պահանջատիրության հարցը չի՞ դնում սեղանին» եւ այլն: Սակայն դա ուրիշ մի պատմություն է, որը մեզ մեկ անգամ եւս հուշում է, որ Հայ դատի հարցերը դեռեւս չենք կարողացել միջազգային իրավունքի, պետական քաղաքականության եւ այլ տեսանկյուններից ամբողջական ու համապարփակ քննության ենթարկել եւ որոշել համապատասխան դերաբաշխումների հարցը: Բայց սա արդեն այլ, ավելի լուրջ խոսակցության նյութ է, որը պետք է ազգովին ձեռնարկել այլեւայլ մակարդակներում եւ անհապաղ:
Մինչ այդ, կարծում ենք, սփյուռքահայ հոդվածագրերից շատերի անկեղծ, բայց անարդարացի պոռթկումը կարելի էր չափավորել, եթե ճիշտ ժամանակին մամուլի բոլոր խմբագրություններին ուղարկված լիներ, ինչպես նշում է կողքի սյունակում Հարութ Սասունյանը, Ռ. Քոչարյանի հարցազրույցի չխմբագրված, հարազատ բնագիրը, ինչն առաջին հերթին պարտականությունն էր միայն հանդիսանքային գործունեությամբ գերծանրաբեռնված մեր դեսպանատների եւ հյուպատոսական ծառայությունների: Այդ բնագիրը ձեռք բերելու եւ զգացմունքային պոռթկումներից առաջ մի պահ զգաստանալու համար առաջարկում ենք այցելել ՀՀ նախագահի մամլո ծառայության ինտերնետային էջՙ www.president.am
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ