«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2001-03-08 | #44, 2001-03-10 | #45, 2001-03-13


ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԺԱՄԱՆԵՑ ԱՆԿԱՐԱ, ՄՈՀԱՄԱԴ ԽԱԹԱՄԻՆՙ ՄՈՍԿՎԱ

Ե՚վ Անկարայում, ե՚ւ Մոսկվայում կշոշափվի ԼՂ խնդիրը

Մարտի 12-ին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը չորսօրյա այցով ժամանեց Թուրքիա: Դատելով թուրքական մամուլի արձագանքներից, կարող ենք ասել, որ Ալիեւը կարժանանա սառը ընդունելության. Անկարայում չեն մոռացելՙ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նախորդող եւ հաջորդող օրերին Ադրբեջանի առաջնորդը երեք անգամ ժամանեց Փարիզ:

Վերջին անգամ Ալիեւը Անկարայում էր 2000 թ. հունվարին: Սուլեյման Դեմիրելին փոխարինած Ահմեդ Սեզերը նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը կատարեց Բաքուՙ ցույց տալով թուրքալեզու հանրապետության նկատմամբ Անկարայի վերաբերմունքը: Սեզերն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը շեշտելու նպատակով հրաժարվեց Թեհրան այցելությունից, ինչը Իրան-Թուրքիա հարաբերություններում որոշ սառնության պատճառ դարձավ:

Ալիեւը Անկարա այցելության նախօրեին հրամանագիր ստորագրեց, որով Բաքվում հիմնադրվեց Աթաթուրքի անվան հետազոտական կենտրոն: Դիտորդների կարծիքով, Բաքվի այս «ժեստը» Անկարան չտեսնելու կտա, քանի որ Ալիեւը շատ է տարվել Ռուսաստանի հետ սիրախաղերով:

Ալիեւը Թուրքիայում բանակցություններ կվարի հիմնականում երեք հարցերի շուրջՙ էներգակիրների առաքում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ ԼՂ հակամարտություն:

Պաշտոնական այցին նախորդող օրերին թուրքական մամուլը Բաքու-Ջեյհան խողովակաշարի կառուցումը համարեց «հեքիաթ», այս նախագծի մասին շատ է գրվում ու խոսվում, սակայն եւ ոչ մի կոնկրետ քայլ չի արվել: Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության առաջնորդներից Ի. Մամեդովը «Էխո» թերթում նշում է, թե Հ. Ալիեւի այցից որեւէ սպասելիք չունի: Ընդհակառակը, Ազգային ճակատից Ասիմ Մոլազադեն հուսով է, որ ե՚ւ Բաքու-Ջեյհանը եւ անդրկասպյան գազատարը հնարավոր է իրագործել միայն Թուրքիայի գործուն մասնակցությամբ:

Ալիեւը հանդիպումներ կունենա նաեւ թուրք բարձրաստիճան զինվորականների հետ, սակայն, ինչպես նշում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը, «ԼՂ հարցում Թուրքիան չի կարող մեզ էական օգնություն ցույց տալ»: Նշենք, որ Հ. Ալիեւը թուրք ղեկավարների հետ ԼՂ խնդիրը քննարկում է 79-րդ անգամ:

Ղարաբաղի հարցը կշոշափվի նաեւ Մոսկվայումՙ Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպման ընթացքում: Մարտի 12-ին պետական չորսօրյա այցով Մոհամադ Խաթամին ժամանեց Մոսկվա: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ռուս-իրանական հարաբերություններում սա առաջին նման բարձր մակարդակի հանդիպումն է, եւ պատահական չեն հայտնի արեւելագետ, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի խոսքերը ԻՌՆԱ գործակալությանը. «Մոսկվա-Թեհրան հարաբերությունների ողջ պատմության մեջ Խաթամիի այցը մեծագույն իրադարձություն է»:

Խաթամիի չորսօրյա այցելությունը կլինի ԱՄՆ ուշադրության կիզակետում, մի երկրի, որին հեղափոխության առաջնորդ Խոմեյնին տվել է «շեյթուն բոզորգ»ՙ «մեծ սատանա» անունը: Վաշինգտոնը մտահոգված է դեռ 1995 թ. կնքված «Չեռնոմիրդին-Գոր» գաղտնի պայմանագիրը Թեհրանի եւ Մոսկվայի կողմից չեղյալ հայտարարելու հանգամանքով: Հիշեցնենք, որ այս պայմանագրով Մոսկվան պարտավորվում էր մինչեւ 1999 թ. դեկտեմբերի 31-ը դադարեցնել Թեհրանին զենքի վաճառքը: Մինչդեռ Պուտինի նախագահ ընտրվելուց հետո Մոսկվան ճշտումներ մտցրեց իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններում, եւ այսօր խոսվում է Իրանին մինչեւ 7 մլրդ դոլար արժողությամբ ռուսական զենքեր մատակարարելու մասին: Բացի այդ, չնայած ամերիկյան ճնշումներին, Ռուսաստանը շարունակում է Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեհր քաղաքում ատոմակայանի կառուցումը, որը սկսել, սակայն անավարտ էր թողել Գերմանիանՙ կրկին ամերիկյան ճնշումների պատճառով: Վաշինգտոնն ասում է, թե Բուշեհրի ատոմակայանում Իրանը կարտադրի միջուկային զենքեր, մինչդեռ Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները եւ պնդում, որ ատոմակայանի կառուցումը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդումՙ երկիրն ապահովել էլեկտրաէներգիայով:

Պուտին-Խաթամի բանակցություններում առաջնային կլինեն երկկողմ քաղաքական, տնտեսական եւ ռազմական, ինչպես նաեւ միջազգային, տարածաշրջանային (Աֆղանստան, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ- Թուրքիա, ԱՄՆ- Իսրայել, Թուրքիա- Իսրայել, պաղեստինա-իսրայելական հակամարտություն, Չեչնիա) հարցերի քննարկումները: Առանձնապես կարեւորվում է Կասպիցի իրավական կարգավիճակի խնդիրը. այս հարցում Մոսկվայի եւ Թեհրանի տեսակետները չեն համընկնում: Առայժմ: Չի բացառվում, որ հենց Պուտին-Խաթամի հանդիպման ընթացքում կողմերը գտնեն խնդրի կարգավորման երկկողմ ընդունելի տարբերակ:

Ալիեւ- Սեզեր, Խաթամի- Պուտին հանդիպումները պաշտոնական Երեւանի ուշադրության կենտրոնում են, համենայն դեպս պիտի այդպես լինեն: Հայաստանը Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի բախման խաչմերուկում է: Մի կողմից ԱՄՆ-ի համար իր ռազմավարական դաշնակից Թուրքիան ցատկահարթակ է դեպի Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա տարածվելու համար, մյուս կողմից Հյուսիս- Հարավ առանցքը, որի բաղկացուցիչ մասեր են Ռուսաստանը եւ Իրանը, անցնում է Հայաստանով (կամ Ադրբեջանով): Այսինքնՙ նույնիսկ մեր կամքից անկախ, Հայաստանը հայտնվում է ռազմաքաղաքական երկու բլոկներիՙ ԱՄՆ- Թուրքիա եւ Իրան- Ռուսաստան, հակասությունների կիզակետում:

«Ազգը» Ալիեւի Անկարա եւ Խաթամիի Մոսկվա այցելությունների արդյունքներին կանդրադառնա նաեւ հետագայում:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4