Շաբաթ օրըՙ հետմիջօրեին ԱՕԿՍ-ի դահլիճներում ներկա գտնվող հասարակությունն իսկապես անմոռանալի պահեր ապրեց հոբելյարիՙ հայտնի հրապարակախոս եւ թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի հետ, նրա ծննդյան 65 եւ գրական-հասարակական գործունեության 45-ամյակին նվիրված ցերեկույթին:
Առանց հանդիսավորության, առանց մեծարանքի շռայլումների, հրավիրված ընտրյալ հասարակությունը շուրջ 2 ժամ եղավ իր ընտրյալ մտավորականներից մեկի հետ, վերհիշեց ու վերապրեց 70-ական թվականներից ի վեր նրա անցած ստեղծագործական արդյունավետ ճանապարհը, ուրախացավ այդ ճանապարհորդության հետագա շարունակությունը տեսնելու հոբելյարի ներշնչած հաստատակամությամբ:
Հանդիսությունն սկսվեց նախասրահից, որտեղ ցուցադրված էր հոբելյարի հրապարակախոսական եւ թարգմանչական գործերից տպավորիչ մի փունջ: Այդտեղ եւ այնուհետեւ հանդիսասրահում ելույթ ունեցան կինոգետ Դավիթ Մուրադյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Խոսքեր գնահատանքի, երախտագիտության եւ ապագա ստեղծագործական հաջողությունների: Անշուշտ, ելույթ ունեցավ նաեւ հոբելյարը, որը եւս մեկ անգամ արտահայտեց իր շիտակ մտավորականի դավանանքը:
Գործադրվեց նաեւ գեղարվեստական ուրախ, կոկիկ հայտագիր, որից հետո ներկաները բարեմաղթանքի անկեղծ զգացումներն արտահայտելու առիթ ունեցան հյուրասիրության սեղանների շուրջ:
Ցերեկույթը կազմակերպել էին Երեւանի մամուլի ակումբը, «Գրական հայրենիք» ամսաթերթը եւ ԱՕԿՍ-ը: