<20014503.jpg>
Եվ ցուցահանդեսներ են բացվում, գրքեր տպագրվում
Հիմա շատ ենք թռչում: Գնում ենք, գալիս ենք, Ճապոնիա ենք հասնում, Մագդեբուրգ, Նյու Յորք, Ֆիլիպիններ, ասում ենքՙ այս երկրի, այս ժողովրդի համար գործ ենք անում: Ոչ երկիրն է բան հասկանում այդ թռիչքներից, ոչՙ ժողովուրդը: Բայց, որքան էլ զարմանալի է, հիմա էլ կան մարդիկ, որ գնում, գալիս են ու հարկավոր գործ են անում: Շահեն Խաչատրյանը մեկն է նրանցից:
Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը վերջերս վերադարձավ Եգիպտոսից: Երկու նպատակ էր հետապնդում այդ այցը: Չորս դասախոսություն կարդացվեց Կահիրեում եւ Ալեքսանդրիայումՙ նվիրված հայ կերպարվեստին: 19-20-րդ դարի հայ արվեստագետներիՙ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի եւ Արշիլ Գորկու ստեղծագործությունները մեկնաբանվեցին:
Եգիպտահայ գաղութը հայ կերպարվեստի զարգացման համար մեծ գործ է կատարել: Այստեղ են ծնվել ու ստեղծագործական առաջին քայլերն արել մի շարք ճանաչված նկարիչներ: Իսկ եգիպտական մշակույթը ոգեշնչել է նաեւ ծնունդով այս երկրի հետ կապ չունեցող շատ արվեստագետների, որոնց թվումՙ Մարտիրոս Սարյանը: Եվ մեր գեղանկարչության նահապետի մասին արվեստի նվիրյալ Շահեն Խաչատրյանը վաղուց ցանկություն ուներ գիրք հրատարակել: «Սարյանը եւ Եգիպտոսը» աշխատությունը պատրաստ էր վաղուց: «Նուբարյան» գրատունն իրականացրեց արվեստագետի մտահղացումըՙ տպագրելով մնայուն մի հատորյակ:
«Սարյանը եւ Եգիպտոսը» գրքում ներկայացված են Սարյանի հուշերը Եգիպտոսի մասին (Սարյանը Եգիպտոս այցելել է 1911 թվականին): Այդ ճամփորդությունից ծնվել են մի քանի տասնյակ նկարներ, որոնք դասվում են նրա լավագույն գործերի շարքը: «Փյունիկյան արմավենին», օրինակ, ճանաչվել է իբրեւ Սարյանի արվեստի խորհրդանիշներից մեկը: «Բայց զարմանալի մի բան, գրում է Շ. Խաչատրյանը, սֆինքսով ապշած ու դրանց մասին տաղանդավոր լեզվով պատմող Սարյանը ոչ բուրգ է նկարել, ոչ սֆինքս: Պատկերել է ֆելլահական հյուղակներ, գեղջկուհիներ, եգիպտական գիշեր, անապատ... եւ հենց այդ գործերում է դրսեւորվել նկարչի ներքին, հոգեւոր կապը եգիպտական արվեստի հետ»:
1906 թվականին Նոր Նախիջեւանի «Նոր կյանք»-ում «Հուշեր գեղարվեստի մասին» իր մտորումներում Մարտիրոս Սարյանը գրում է. «Գեղարվեստը մարդկային հարստություն է: Նա մի հայելի է, որի մեջ անդրադառնում է եւ, կարծես, հավիտյան տպավորվում են մարդու հոգեկան արտահայտությունները: Եթե մի ազգ մեռնում է, այնուամենայնիվ նրա գեղարվեստը ապրում եւ իր կնիքը դրոշմում է ինչ-որ քարերի վրա, որ իբրեւ առանձնահատուկ էակներ, ընդունակ են ապրելու, ինչպես մարդկային շունչն ու հոգին: Դառնանք դեպի այն հնագույն վայրը, որտեղից մեր գեղարվեստն իր սկիզբն է առնում: Այդ վայրն ամենահանճարեղ եգիպտական ժողովրդի երկիրն է...»:
Երեսնամյա Մարտիրոս Սարյանը շատ ավելին տեսավ, քան սովորական աչքը կտեսներ:
Հենց այս ժամանակաշրջանն է պատկերված Շահեն Խաչատրյանի «Սարյանը եւ Եգիպտոսը» գրքում, որը լույս տեսավ երեք լեզվովՙ հայերեն, անգլերեն եւ արաբերեն: Գունավոր 34 եւ 15 սեւ-ճերմակ նկարների արտատպությունները, որոնք ուղեկցվում են Սարյանի հուշերով եւ Շահեն Խաչատրյանի «Սարյանը եւ Եգիպտոսը» հոդվածով, լիակատար պատկերացում են տալիս Սարյանի կենսագրության եւ ստեղծագործության այս շրջանի մասին:
Գրքի տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունըՙ Կահիրեի «Սաթենիկ Ճ. Չագըր» հիմնադրամի միջոցով:
Այս գրքի տպագրությունը ոգեւորել է Շահեն Խաչատրյանին պատրաստելու մի նոր գիրքՙ «Սարյանը եւ Իրանը»:
- Ավելի շատ նյութեր կան այս թեմայով, ասում է արվեստագետը: Առավել եւս, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ այժմ սերտ հարաբերություններ են ստեղծված: Եվ այս առումով մենք կարող ենք մեր մշակութային կապերի մասին խոսել:
Այո, շատ է նոսրացել եգիտահայ գաղութը. 30-40 հազարից հասել է մի քանի հազարի: Բայց Շահեն Խաչատրյանի կարծիքով, այդ փոքրաթիվ գաղութում անգամ պահպանվել է հայրենիքի, հայրենի մշակույթի նկատմամբ եղած ավանդական հոգատարությունը: Նույն հիմնադրամի միջոցով շարունակվում է տպագրվել Երեւանի Մատենադարանի բոլոր ձեռագրերի ցուցակը, որոնք արդեն հատորներ են կազմում, հայկական հոգեւոր (եկեղեցական) երաժշտության մասին նյութեր են տպագրվում բնօրինակներով...
... Շահեն Խաչատրյանը կրկին պատրաստվում էր թռիչքի: Առաջին այցելավայրը Շվեյցարիան է, որտեղ բացվեց Մարկ Շագալի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է Շագալի «Ամառանոց» գործը (ստեղծվել է 1917 թվականին, Վիտեբսկում): Այդ աշխատանքը ժամանակին ձեռք է բերել մեր պատկերասրահի երախտաշատ տնօրեն Ռուբեն Դրամփյանը: Այնուհետեւ Շահեն Խաչատրյանը նպատակ ունի այցելելու Գերմանիա, որտեղ Մյունխենի «Լիմբախհուզ» թանգարանը որոշել է եկող տարի կազմակերպել Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդեսը:
Դե ի՞նչ: Այսպիսի թռիչքները թող շատ լինեն:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ