«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2001-03-10 | #45, 2001-03-13 | #46, 2001-03-14


ԷԼԻ ԱՂՄՈՒԿ ՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ՇՈՒՐՋ

Աղմու՞կ, բլե՞ֆ, չար կատա՞կ, թե՞ ... իրականություն

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ

ՕTE ընկերությունը գաղտնի բանակցություններ է վարում թուրքական հեռախոսային հաղորդակցության ընկերությանՙ Turk Telecom-ի հետՙ Արմենտելի իր 90 տոկոս մասնաբաժինը վերջինիս վաճառելու նպատակով: Երեկ այս տեղեկատվությունը տարածվել էր ինտերնետ ցանցով ու տպագրվել «Երկիր» օրաթերթում: Վերջինս, վկայակոչելով հունական «Կատիմերիմի» թերթը, ահազանգել էր, որ ՕTE-ն պատրաստվում է հեռանալՙ փնտրելով Արմենտելի իր բաժինը գնող ներդնողին ու դրանով «շեփորելով հայկական նահանջ»: Որպես այդ աննախադեպ քայլի առիթ թերթը նշել էր հունական ընկերության խնդիրները Հայաստանումՙ կապված, ներդրումների հետ նրա ֆինանսական «շնչահեղձությունը» բնակչության արտագաղթի (իմաՙ իր բաժանորդների) ու պարտքերի պատճառով: Հունական թերթն ակնարկել էր ՀՀ ռազմավարական հեռահաղորդակցության ոլորտը Թուրքիայի ձեռքն անցնելու պարագայում հնարավոր «իսլամական հեռախոսային հաղորդակցության ազդու աղեղի» մասին: Վերոհիշյալ մտահոգիչ տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Ազգը» դիմեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարություն հետեւյալ հարցովՙ «Իրավունք ունի՞ արդյոք ՕTE-ն վաճառել իր բաժնեմասըՙ առանց ունենալու ՀՀ կառավարության համաձայնությունը»:

Նախարարության պատասխանը միանշանակ բացասական էր: Ի պատասխան մեր հարցիՙ հակամենաշնորհային քաղաքականության ու լիցենզիայի վարչության պետ Հայկանուշ Բարոյանն ուղղակի վերցրեց ու կարդաց համապատասխան փաստաթուղթըՙ «ՀՀ տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ թիվ 60 լիցենզիայի մասին»: ՀՀ կառավարության կողմից Արմենտելին տրամադրված լիցենզիայով իրավունք է տրվել վերջինիս մատուցել ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտում որոշակի ծառայություններ: «60 ա» լիցենզիայի «9 ա» կետում նշված է. «...ոչ մի բաժնետեր իրավունք չունի ուղղակի կամ անուղղակի, առանց ՀՀ կապի նախարարության կամ այլ մարմնի նախնական գրավոր համաձայնության մեկ այլ անձի փոխանցել լիցենզավորվողի կողմից թողարկված եւ չվճարված բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին»:

Մեր կողմից հիշեցնենք, որ ՕTE_ին հասցեագրվող բազմաթիվ մեղադրանքներից գլխավորը, որ կա Հայաստանում, նրա կողմից պարտավորությունների, մասնավորապես ներդրումների անհրաժեշտ ծավալի չկատարումն է, ինչպես նաեւ որոշ ծառայությունների բարձր գինը: Արմենտելի ֆինանսական խնդիրները, ավելի շուտՙ ներդրումների ծավալների հետ կապված կասկածը բազմիցս է բարձրացվել հայկական կողմից: Անցյալ չորեքշաբթի էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ 2001 թվականի մարտի երեքի դրությամբ ՕTE-ն պարտավորվել էր Արմենտելում կատարել 100 մլն դոլարի ներդրումներ ու հայտարարել է, որ դրանք արդեն իսկ իրականացված են: Դրանց հավաստիությունը ճշտելու նպատակով նախարարության կողմից կազմվել է վերստուգիչ հանձնաժողով, որը մանրակրկիտ ուսումնասիրելու է կատարված ողջ ներդրումները: Երեկ նախարարությունում պատասխանեցին, որ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն ու կհրապարակվեն երեք ամիս հետո միայն: «Երեւի հիմքեր եղել են, որ սկսվել են այդ ուսումնասիրությունները, բայց ամեն դեպքում մենք մեկնաբանել չենք կարող մինչեւ հանձնաժողովի արդյունքների ամփոփումը», ասաց տիկին Բարոյանը: Իսկ եթե իրականում խնդիրներ լինեն, ապա կառավարությունը կգնա լիցենզիայի փոփոխման կամ մենաշնորհի մասով վերանայման: Մի խոսքովՙ ինչ-որ քայլերի նախարարությունն անպայման կդիմի: Բայց հիմա դրա մասին խոսելը շատ շուտ է:

Turk Telecom-ի հետ ՕTE-ի բանակցությունների հավաստիության վերաբերյալ դիմեցինք նաեւ Արմենտելին: Ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Չիթլյանը հայտնեց, որ իրենք չունեն պաշտոնական տեղեկատվություն, Արմենտելի գլխավոր մենեջերը վերոհիշյալ լուրին տեղեկացել է առավոտյան միայնՙ կարդալով «Երկիր» թերթը: Մի փոքր ավելի ուշ Արմենտելից զանգեցին ու պաշտոնապես հայտնեցին, որ Հունաստանից արդեն ստացվել է նամակ, ըստ որի ՕTE փոխնախագահ Սկարպելիսը տեղեկացնում է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Այս ամենից հետո հարց է առաջանում. ինչո՞ւ այնուամենայնիվ տարածվեց վերոհիշյալ տեղեկատվությունը: Ունի՞ դա իրական հիմքեր (չէ՞ որ առանց կրակի ծուխ չի լինում), թե՞ դա էլ հերթական աղմուկ է, բլեֆ կամ չար կատակ: Եթե այո, ապաՙ ո՞ւմ կողմից: Փաստերի վերլուծությունն ու տրամաբանությունը ակամա հանգեցնում են մի ենթադրությանՙ իսկ եթե այդ աղմուկը տարածվել է հենց հունական կողմիցՙ ի պատասխան ՀՀ կառավարության կողմից իր ներդրումների չկատարելու մասին պահանջներին, իբրեւ ահազանգ, հնարավոր քայլ կամ նախազգուշացում: Կարճ ասածՙ շանտաժ. «Եթե որոշել եք պայքարել, ապա նկատի ունեցեք, որ մենք էլ ունենք մեր լծակները ու կարող ենք ծախել ՀՀ հեռահաղորդակցության ռազմավարական ոլորտի մեր մասնաբաժինը անցանկալի մեկին»: Բայց դա միայն ենթադրություն է:

Հ.Գ. - Ինչ վերաբերում է Արմենտելի ֆինանսական խնդիրներին, բաժանորդներին ու մենեջմենթին ընդհանրապես, ինչպես նաեւՙ նրա պրովայդերների հետ աշխատանքին, «Ազգը» խոստանում է անդրադառնալ առաջիկայում: Ինչպես նաեւՙ մի հետաքրքիր պատմության, թե ինչպե՞ս է Արմենտելի կապուղիներից մեկը վարձակալած մի մասնավոր հայաստանյան ընկերություն դատի տվել Արմենտելին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4