<20014604.jpg>
«Որեւէ մեկի մտքով, կարծում եմ, չի անցնում, որ չինովնիկական դաշտը մաքուր չէ եւ որեւէ նախարարության աշխատակից չի կարող հավաստիացնել, որ ինքը բացարձակապես արդար է: Եվ շատ բնական է, որ չինովնիկը, որն օգտվում է օրենսդրական դաշտի անկատարությունից կամ խառնաշփոթից, պետք է օրենքի դեմ պայքարեր:
Դա չի վերաբերում նախարարներին, որովհետեւ կառավարությունն արտահայտեց իր քաղաքական կամքը: Բայց ուզում եմ կրկնել, որ բազմաթիվ չինովնիկներ ստորին մակարդակներում, իհարկե, պետք է լոբբիինգ անեին համապատասխանաբար ազդելով եւ կառավարության, ե՚ւ Ազգային ժողովի պատգամավորների վրա: Ի դեպ, երեւույթն առկա է»: Այս մտավախությամբ էր արդարադատության նախարարը եկել խորհրդարանՙ ներկայացնելու կառավարության նախաձեռնությամբ առաջարկվող «Լիցենզավորման մասին» օրենքի նախագիծը: Ի դեպ, մինչ այժմ հանրապետությունում չի գործել բացարձակապես ոչ մի օրենք, որը կարգավորեր հանրապետությունում արդեն 11 տարի տեւող լիցենզավորման գործընթացը: Դրանք որոշակիորեն ուղղորդվում էին առանձին նախարարությունների կողմից ընդունված որոշումներով, որոնցում անձնական նկրտումներն ավելի էին գերադասվում, քան օբյեկտիվ իրականությունըՙ հիմք դառնալով ահռելի չափերի հասնող կոռուպցիոն երեւույթների համար:
Փաստը գուցե ուշագրավ չլիներ, եթե օրինագիծը բավականին հաջող չլուծեր ե՚ւ կառավարության ու պետության, ե՚ւ լիցենզավորվող մարմինների հստակ պատասխանատվությունների պարտադրման խնդիրըՙ դրան զուգահեռ հստակ չներկայացներ այն գործունեության տեսակները, որոնք ենթակա են լիցենզավորման: Դրանք առնչվում են 19 բնագավառների 72 գործունեության տեսակներով: Ցանկի մեջ չեն ընդգրկվել այնպիսի գործունեության տեսակներ, որոնք էական վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքին, առողջությանը, գույքինՙ բացառությամբ սննդամթերքի բնագավառի, որում ընդգրկված ձեռնարկությունների ու մարմինների գործունեությունը կանոնակարգվում է «Սերտիֆիկացման մասին» օրենքով: Կառավարությունն իր մոտեցումը բացատրում է բնագավառում վարչարարության հնարավորինս բացառման միտումով, ինչը տարակուսանքով ընկալեցին պատգամավորները:
Հաջորդ եւ վերջին բարդությունն առաջացավ քաղաքաշինության ոլորտի առնչությամբ, որտեղ նախորդ տարիներին գործող կարգի փոխարեն, երբ ոլորտում հարյուրավոր լիցենզիաներ էին տրվել, առաջարկվում է լիցենզավորել միայն երեք գործունեության տեսակ: Կրճատմանը դեմ չլինելովՙ պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանն առաջարկում էր լիցենզիա տրամադրել ըստ ենթաոլորտների, իսկ կառավարության ներկայացուցիչը քննարկման պատրաստակամություն հայտնեց:
Շահագրգիռ քննարկումը ջախջախվեց քվեարկության արդյունքում արտահայտված բացահայտ լոբբիինգի ազդեցության տակ: Մինչ քվեարկության պահին գրանցված պատգամավորների թիվը հասնում էր 105-ի, դրան մասնակցեցին 71-ը միայն, նախագծին կողմ քվեարկեցին ընդամենը 52-ը: Օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման համար չբավարարեց ընդամենը 2 ձայն: Քվեարկությանը չմասնակցեցին հիմնականում «Միասնության» ներկայացուցիչները, մոտ 16 պատգամավոր: Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իրադարձությունը սոսկ թափթփվածություն գնահատեց: Սակայն անհասկանալի է դառնում, թե ինչպես կարելի է իրենց իսկ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստին այդ նույն կառավարության ներկայացրած օրինագծերին թափթփված մոտեցում ցույց տալ: Բոլորովին հակված չլինելով ընդունելու այս արդարացումը, խնդրի աղբյուրները տեսնում ենք արդարադատության նախարարի մատնանշած չինովնիկական ստորին խավերի շահագրգռվածություններում: Իսկ ինչ տեղ ունի այնտեղ խորհրդարանական մեծամասնությունը, դժվար է ասել: Սակայն պարզ է, որ կառավարությունը նույն տեսքով օրինագիծը դարձյալ կներկայացնի խորհրդարանին:
Նույն ճակատագրին արժանացավ նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հաջորդ նախագիծը, որը կոնկրետացնում էր սնանկացման փուլում գտնվող բանկերի հետ կապված բոլոր խնդիրները:
Պետական գրանցում ապակենտրոնացված եղանակով
Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբՙ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», կառավարությունը փորձում է պետական գրանցումնն իրագործել ապակենտրոնացված եղանակով: Այսինքն, բացի պետական կենտրոնական ռեգիստրից հանրապետության տարածքներում ստեղծվելու են գրանցման մարմիններ, որոնց միջոցով իրավաբանական անձինք առանց լրացուցիչ միջոցների կարող են պետական գրանցում ստանալ: Գործընթացը որոշակիորեն վերահսկելու նպատակով օրենքով ամրագրվում է, որ տարածքային մարմիններն իրենց մոտ գրանցած բոլոր ձեռնարկությունների տվյալներն ուղարկում են կենտրոնական պետռեգիստր, որտեղ ստեղծվելու է մեկ ընդհանուր գրանցամատյան: Օրենքը սահմանում է գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի լայն շրջանակ, որը ենթակա չէ ընդլայնման կամ նեղացման, պաշտոնատար անձանց կողմից որեւէ մեկնաբանության: Օրենքը չի վերաբերում բանկերին, բորսաներին, ֆինանսավարկային այլ մարմիններին, որոնց գրանցման խնդիրները կարգավորվելու են այլ օրենքով: Պետական գրանցման կենտրոնական մարմինը գտնվելու է արդարադատության նախարարության ներքո, որի ղեկավարը հանդիսանալու է արդարադատության նախարարի տեղակալըՙ վարչապետի նշանակմամբ: Տարածքային մարմինների ղեկավարներին իր հերթին նշանակում է կենտրոնականի ղեկավարը: Ըստ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի, այս օրենքով նախկինում գրանցված ձեռնարկությունների վերագրանցում չի ենթադրվում: Օրենքի լիարժեք կիրառման համար նախորդի հետ մեկտեղ ընդունվեցին նաեւ համապատասխան փոփոխություններ կրոնական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների եւ անհատ ձեռներեցների մասին օրենքներում:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ