Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով վաղը Մոսկվայով Երեւան է ժամանում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Սպիրոս Կիպրիանուի գլխավորած պատվիրակությունը, «Ազգ»-ին հաղորդում է «Cyprus Weekly» շաբաթաթերթի խմբագիր Ջորջ Տեր-Բարթողը Նիկոսիայից: Հանդիպումների մեծ մասը նախատեսված է ուրբաթ օրվա համար, երբ հաջորդաբար Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, արտգործնախարարը եւ վերջապես հանրապետության նախագահը խոսակցություններ կվարեն պրն Կիպրիանուի եւ նրան ուղեկցող անձանց հետ:
Շաբաթ օրը նախատեսվում է Կիպրոսի խորհրդարանի նախագահի եւ պատվիրակության այցը Մայր աթոռ Ս. Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը: Նույնը օրը պատվիրակությունը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի հուշակոթող, որին կից թանգարանին կհանձնվի Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձեւի պատճենը: Հիշեցնենք, որ Կիպրոսը առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է Մեծ եղեռնը այն ժամանակ, երբ երկրի նախագահն էր նույնինքն Սպիրոս Կիպրիանուն:
Ջորջ Տեր-Բարթողը տեղեկացնում է նաեւ, որ պատվիրակության կազմում են Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Գալայջյանը, խորհրդարանի տնօրեն Կոստան Խրիստոֆորուն եւ Մոսկվայում Կիպրոսի դեսպան Պամբոս Յուանիդիսը: