Վերագործարկման շեմին են մի շարք ձեռնարկություններ
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանը: Նախ ներկայացվեցին այս տարվա առաջին երկու ամիսներին արդյունաբերության բնագավառում արձանագրված տվյալները: Նախորդ տարվա դրական տեղաշարժերը զարգացման միտումներ են դրսեւորում: Չնայած մի քանի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ ձմռանը 15-20 օր չաշխատեցին, քանի որ արտադրամասերը հնարավոր չէր տաքացնել, իսկ աշխատելու դեպքում տեխնոլոգիական խախտումներ կլինեին, նախարարության համակարգի ձեռնարկությունները տվեցին արտադրանքի 48 տոկոս աճ: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր աճը (առանց էներգետիկայի) կազմեց 23 տոկոս: Այս տարի ակնկալվում է արդյունաբերական արտադրանքի արտահանման 35-40 տոկոս աճ:
Ըստ արդյունաբերության ճյուղերի, ներկայացված ցուցանիշներից առավել արժանահիշատակ էին հանքարդյունաբերության, մեքենաշինության մեջ արտահանման կրկնակի, քիմիայում 50 անգամ («Նաիրիտի» արտադրանքի շնորհիվ) աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այստեղ, սակայն, հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում նախորդ տարի մի շարք ձեռնարկություններ ընդհանրապես չեն աշխատել: Այս տեմպերի պահպանման դեպքում, Աշոտ Շահնազարյանի կարծիքով, Հայաստանում ակնկալվող 40 հազար աշխատատեղերից 10 հազարը, եթե ոչ ավելին, կբացվի արդյունաբերության բնագավառում: Փոխնախարարը ճշտեց, որ խոսքը ոչ թե նոր աշխատատեղերի մասին է, այլ վերագործարկվողների, որոնք փաստացի վճարվում են: Անցյալ տարի գործարկված 12 հազար աշխատատեղերը եւս վերաբերում են փաստացի վճարվողներին, այլ ոչ թե ձեռնարկությունների հաստիքներում եղածներին: Դրանց արդյունքում սոցիալական լարվածության որոշակի մեղմացում է նկատվել, օրինակ, Սյունիքի մարզում: Նախարարությունն այժմ աշխատում է ուղղությունը թեքել դեպի Շիրակ, բայց պրն Շահնազարյանի խոստովանությամբ առայժմ դա «այնքան էլ լավ չի ստացվում»: Թվային արտահայտությամբ արդյունաբերական ձեռնարկություններն այս տարվա 2 ամիսներին 2000 թ._ի առաջին երկու ամիսների համեմատ ավելի են թողարկել 5,8 մլրդ դրամի (11 մլն դոլար) եւ արտահանել 4,5 մլրդ դրամի (9 մլն դոլար) արտադրանք:
Մոտ ապագայում կվերագործարկվի քիմիական արդյունաբերության իր նշանակությամբ երկրորդ ձեռնարկությունըՙ «Դողագործը»: Այս ձեռնարկության վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում, ըստ որի «Դողագործը» ստեղծեց ապառքներից զերծ նոր ընկերությունՙ «Դողագործ-1», որպեսզի «որեւէ չինովնիկ առավոտյան չզարթնի եւ որոշի նման ձեռնարկությանը կանգնեցնել ու պարտքերը պահանջել»:
Ակնկալվում է, որ ապրիլի վերջին «Դողագործն» արտադրանք կթողարկի: Արդեն պայմանագրեր կան իտալական ընկերության հետ 2700 տոննա ռետինի եւ ռուսական կազմակերպության հետ գյուղատնտեսական մեքենաների դողերի վաճառքի վերաբերյալ:
Մյուս խոշոր ձեռնարկությունըՙ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, կավելացնի իր հզորությունները: Այստեղ արդեն 500 հազար դոլար ներդրվել է ռումինական «Մետալ պրինտց» ընկերության կողմից, առաջիկա մեկ ամսում կներդրվի եւս 450 հազար դոլար: Մայիսի սկզբին արտադրանք կստացվի, իսկ ամսական 1100 տոննա խտանյութ հզորություններին կհասնի օգոստոս_սեպտեմբերին: Աշխատողների թիվը ներկայիս 500-ից այս դեպքում կհասնի մինչեւ 700_ի: «Ազգի» թղթակցի հարցին պատասխանելով, Աշոտ Շահնազարյանը տեղեկացրեց նաեւ, որ շուտով սպասվում է Վանաձորի քիմիական համալիրի (ՋԷԿ, քիմիական եւ քիմիական մանրաթելերի գործարան)ՙ «Պրոմեթեյ_քիմպրոմի» գործարկումը: Այստեղ, փոխնախարարի տվյալներով, 8 մլն դոլարի ներդրում է կատարվել, եւ մայիս_հունիսին կթողարկվի առաջին արտադրանքը:
Մեր եւս 2 հարցերը վերաբերում էին Լինսի հիմնադրամիՙ արդյունաբերությանը հատկացված 30 մլն դոլար վարկի օգտագործման ծրագրերին եւ շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» ընկերության ներդրումային ծրագրի ձգձգմանը: Առաջինի առնչությամբ ասվեց հետեւյալը. երբ նման հիմնադրամ է ստեղծվում, լինում են բազմաթիվ առաջարկություններ, որոնցից, սակայն, քչերն են իրատեսական լինում: Գլխավոր խնդիրը այդ գումարը 3 տարում վերադարձնելու անհնարինությունն է: Այժմ մնացել է առաջարկվող ծրագրերի չնչին մասը, որոնք հարստացվում են: Ինչ վերաբերում է «Ֆրանկ Մյուլերին», ապա «այստեղ գործընթացը շարունակվում է, ուշացում չկա, եւ շատ շուտով կսկսվի ժամացույցների արտադրությունը»: Սակայն հիշեցնենք, որ այդ ընկերությունը դեռեւս անցյալ տարի էր նախատեսում սկսել իր գործունեությունը Հայաստանում: Տեղեկացվեց նաեւ, որ «Ֆրանկ Մյուլերը» ցանկություն ունի «Գյումրի_տեքստիլում» ներդրումներ կատարել, ինչը դեռեւս քննարկման փուլում է: Ի դեպ, Գյումրիի մանվածքային ֆաբրիկան ձեռք բերելու ցանկություն ունեցող թուրքական «Նետեքս» ընկերությունը կարծես թե սառեցրել է իր նախնական ակտիվությունը, ինչը փոխնախարարը բացատրեց քաղաքական խնդիրներով:
Առանձին անդրադարձ արվեց «Նաիրիտին», որի արտադրանքի առաջարկներ սկսել են ստացվել անգամ Արեւմտյան Եվրոպայից: Դա դեռեւս հայկական կողմի համար անհասկանալի է: Աշոտ Շահնազարյանը դրա հնարավոր պատճառներից մեկը համարեց կաուչուկ արտադրող գերմանական ընկերության էկոլոգիական խնդիրներին բախվելը: Իսկ Արեւելյան Եվրոպայից եւ Հնդկաստանից պատվերներն այժմ էլ ստացվում են: Տեղեկացվեց նաեւ, որ «Նաիրիտը» շարունակում է գազ գնել կառավարության որոշմամբ սահմանված արտոնյալ գնովՙ 65 դոլարով:
Ասուլիսի ընթացքում Աշոտ Շահնազարյանը հաղորդեց մի շարք այլ նորություններ: Մասնավորապեսՙ վերագործարկման է նախապատրաստվում «Կոննեկտ» ձեռնարկությունը, սեփականաշնորհմանՙ Երեւանի ոսկերչական գործարանի մի մասը (այստեղ նոր ներդրումների կարիք է զգացվում, քանզի շուկայում գործարանի առաջարկը 4-5 անգամ գերազանցող պահանջարկ գոյություն ունի), Ռուսաստանի արդյունաբերողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանի ՄՄԳՀԻ եւ «Մարս» ձեռնարկությանը պատվերներ ներկայացնելու մասին, Զանգեզուրի 3 կոմբինատների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ընկերություններից են «Սիբալը», «Նորիլսկի նիկելը», «Պրոմեթեւսը»: Սոդքի ոսկու հանքերի շահագործման հետաձգման վերաբերյալ փոխնախարարը չցանկացավ ոչինչ ասել, նշելով, որ մոտ օրերս «ամենաբարձր մակարդակով» այդ հարցը քննարկվելու է: Ըստ նրա, այստեղ պահանջվում է 40 մլն դոլարի ներդրում, ինչն այժմ դժվարանում է կատարել վերահսկիչ ծրարի սեփականատեր կանադական «FDM» ընկերությունը:
Ամփոփելով այս «արդյունաբերական» մամուլի ասուլիսից ստացված տպավորությունները, կարող ենք ասել, որ հագեցած էր նոր տեղեկություններով եւ ի տարբերություն միայն էկրանին եւ թերթերի էջերում երեւալու նպատակ հետապնդող բազմաթիվ ասուլիսների, ծառայեց իր նպատակին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ